Իրանահայ գործարար Համայեակ Նաւասարդեանը «ԱԼԻՔ»-ի հետ զրոյցում. ՀԱՅԻ ՈՒ ԱՐՀԵՍՏԻ ԿԱՊԸ ՆՈՅՆՆ Է ԻՆՉ՝ ԵՂԱՆԱԿԻ ՈՒ ՀՈՂԻ
Իրանահայերի արհեստով ու արդիւնաբերութեամբ հետաքրքրւողներից բոլորին է յայտնի Համայեակ Նաւասարդեանի անունը: Որպէս կաղապարաշինութեան եւ պլաստիկ արդիւնաբերական կենտրոն՝ «Համայեակ կաղապարաշինութեան գործարան»-ի արդիւնաբերութեան պտտաձողի հետ են փոխկապակցւած տասից աւելի արդիւնաբերական կենտրոնների ու գործարանների աշխատանքները: Ըստ Համայեակի դրանցից իւրաքանչիւրն ունի աւելի քան 300 աշխատող ուժ: Բանը նրանում է, որ Համայեակի պատրաստած ճշգրիտ ու անսխալ կաղապարների որակով են պայմանաւորւած բազմաթիւ գործարքների արդիւնաւէտութիւնը:
Համայեակ Նաւասարդեանը ծագումով Փերիոյ գաւառի Խոյգան գիւղից է: Նախանական կրթութիւնն ստացել է պապենական գիւղի դպրոցում: Հայրը նոյն դպրոցի ուսուցիչ էր: Նա ուսումը շարունակել է մինչեւ 9-րդ դասարան՝ Միանդաշթ շրջանային քաղաքում: Մատեմատիկայի սիրահար պատանին հետագայում իր այդ ունակութիւնները դրսեւորել է կաղապարաշինութեան հաշւարկների մէջ: Ինքը գիւղի միւս համատարիք տղաների պէս քաղաքային կեանքով ու արդիւնաբերական կենտրոնում աշխատելու երազանքով գիւղից տեղափոխւում են մայրաքաղաք, որտեղ Համայեակն իր առաջին վարպետի՝ Վարդանեանի մօտ ծանօթանում է ասպարէզի հիմնական աշխատանքներին ու գաղտնիքներին, որոնք ապագայում նրան պիտի դարձնէր Իրանի արդիւնաբերութեան առանցքային անկիւնաքարերից՝ կաղապարների պատրաստման երեւելիներից մէկը:
Աշխատատեղերի հետ կապւած խնդրի մասին անւանի հայ վարպետը նշում է, որ իր գործարանում անձնակազմը հիմնականում նախագծման ու սխեմայի վերլուծման, աշխատանք՝ CNC-ի վրայ, եւ պլաստիկ մասերի արտադրութեան երեք բաժիններում է գործի անցել: Վերջնիս մասին բացատրելով Համայեակը նշում է, որ օրւայ ընթացքում երկու հերթափոխով աշխատանքային բաժին է, որտեղ պլաստիկ բաղադրիչների լայն տեսականի է արտադրւում: Նա նշում է նաեւ, որ պլաստիկ մասնիկների արտադրողները կարեւոր նշանակութիւն ունեն բազմաթիւ տարբեր ոլորտների համար, ինչպէս՝ կենցաղայինը, աւտոմոբիլաշինութեան, էլեկտրական սարքաւորումների եւ յատկապէս բժշկութեան ասպարէզը:
Համայեակ Նաւասարդեանի անունը Արդիւնաբերութեան եւ հանքարդիւնաբերութեան նախարարութեան որոշմամբ տեղ է գտել Իրանի 10 լաւագոյն արդիւնաբերողների ցուցակում:
Իրանում արտադրւած առաջին պլաստիկ անւազարդը
Համայեակը շարունակելով գործիքների հետ գրագէտ աշխատելու կարեւորութեան մասին խօսքը նշեց, որ ժամանակին պատրաստել էր անւադողի իր տեսակի մէջ առաջին պլաստիկ անւազարդի կաղապարը «Ռենօ» մակնիշի մեքենայի համար: «Համոզեցին, որ շուկայում չի սպառւի ու հում երկաթի գնով քաշին տարան այդ կաղապարը»,- ասում է նա ու շարունակում, որ տանողն էլ այդ կաղապարով արդէն դարձել է շուկայի մեծահարուստներից մէկը:
Հարեւան հայ գործարարները մէկը միւսի հետեւից հրաժարւում են արտադրամասից ու վաճառւում՝ գործարանները
Շուրջ 30 աշակերտ եմ ունեցել իմ աշխատանքի տարիներին: Նրանք բոլորն էլ հասցրել են բացել սեփական արտադրամասը: Դա յոյսի առիթ է, բայց իմ գործարանի հարեւանութեան գտնւող բոլոր միւս գործարանները, որոնց հայկական ենք անւանում, արդէն վաճառել ու արտագաղթել են, կամ էլ արդիւնաբերութեան ու արհեստի ասպարէզից են հեռացել ու ամէն բան թողել են մրցակիցներին: Իսկ ինձ համար մրցակից հասկացութիւնը գոյութիւն չունի: Բոլորի հետ ընկեր եմ: Նոյնիսկ պատւէր եմ փոխանցում նրանց: Բոլորն էլ լաւ վարպետներ են: Յակոբ Յակոբեանը, Բարխուդարեանը, Ռուբիկ Մինասեանը, Գառնիկը…եւ շատ այլ անուններ, որոնց հետ աւելի շուտ ընկերներ ենք քան գործընկեր: Շաբաթը մէկ՝ հանդիպում ենք: Հէնց իմ գրասենեակում ենք հաւաքւում ու սրճում միասին: Մրցակցութիւն իհարկէ կայ, բայց ընկերական սեղան բացելու համար միայն…
Հայաստանում «գործ դնելու» մասին
Կարող եմ ասել, որ առաջիններից եմ եղել, որ փորձել եմ անել: Շատ շուտ իմացայ, որ աւելի ճիշտ կը լինի, եթէ Թեհրանում կաղապարը պատրաստւի, նոր՝ ուղարկել Հայաստան: Այնտեղ էլ տրամադրել գործարաններին… մի խօսքով համագործակցութիւնը կարելի էր նման կերպ խորացնել միայն: Այլապէս անիմաստ կը լինէր մտածել գործարան ու գործ դնելու մասին: Մի պարզ պատճառ կայ,Հայաստանի շուկան փոքր է իսկ սկսելը շատ ծախսատար: Եւ երկրորդ՝ չկար որեւէ հեռնակար շուկան ընդարձակելու առումով, որ որեւէ այլ երկրից հետաքրքրւած լինեն Հայաստանում արտադրւածով: Դրա համար պէտք էր ունենալ քաղաքական մնայուն յարաբերութիւններ եւ մաքսային համաձայնագրեր: Այնպէս, որ նման կաղապարաշինութիւն կարելի է անել այն երկրում, որտեղ երաշխաւորւած է նաեւ արտադրութեան բարձր տիրաժը:
Եւրասիակա՞նը…
Եթէ անկեղծ, ապա աչքս ջուր չի խմում: Կամ գոնէ մօտ ապագայի համար չէ: Այն աւելի շուտ քաղաքական յայտարարութիւնների է նման: Առաջինը ենթակառոյցների բացակայութիւնն է, իհարկէ, եթէ օրէնքը քեզ անընդմէջ խանգարելու դրոյթներ ու կէտեր չունենայ: Իսկ դրանք միշտ անպակաս են: Տրանսպորտային ճանապարհների մատչելիութիւնը եւս խնդրի միւս կողմն է, որն էլ չգիտես ինչպէս է ազդելու ապրանքի ինքնագնի կամ փոխադրման վրայ: Իսկ բոլոր այս նշածների հետեւից պէտք է անվերջ վազել՝ անձամբ: Դա սեփական փորձից գիտենք բոլորս: Արհեստաւոր մարդը լաւ առեւտրական չէ: Չես կարող սպասել, որ ե՛ւ արտադրի, ե՛ւ առեւտրի մասին մտածի: Քաղաքականութիւնը հիմնականում գեղեցիկ խօսքերի տեսքով է, իսկ իրական աշխարհում դրանք այնպէս են, ինչպէս ճաշակել ենք մաշկի վրայ:
Հայ երիտասարդութիւնն ու արհեստը
Բացւած վէրք է ու պէտք չէ շարունակ վրան աղ ցանել: Առանց աղ ցանելու էլ զգացնել է տալիս իրեն: Ինչքան ժամանակ է, որ երիտասարդ մարդուժի կարիք ունենք մեր գործարանում ու ոչ մէկը պատրաստ չէ ձեռքերը իւղոտել: Յիշում եմ երկու տարի շարունակ «ԱԼԻՔ»-ով յայտարարութիւն գնաց: Պատկերացրէք ոչ մէկը չզագնեց: Չնայած մէկ հոգի զանգեց: Մի կին, ով իր հանգստի կոչւած ամուսնու համար էր աշխատանք փնտրում: Երիտասարդութիւնը հասկացել է, կամ կարծում է՝ գիտի, որ Իրանում կայ աշխատանքի տեսակ, ինչով աւելի մեծ եկամուտ է ունենալու: Այլեւս արդիւնաբերութիւնը չի ձգում… Հէնց այսօր ինձ պէտք է չորս վարպետ կաղապարաշէն, երկու տարի է սպասում եմ…
Արտագաղթը…
Չորս արեւոտ աղջիկ ունեմ: 3-ն արտասահման են տեղափոխւել: Մէկն էլ մնացել է ինձ մօտ եւ այստեղ՝ մեր գործարանի վարիչն է: Սակայն գործն այնքան ծանր է ու շուկան այնքան բազմաճաշակ ու բարդ, որ բնական է, եթէ երկուսով չենք հասցնում ամէն բան մեզ վրայ վերցնել: Միւս գործընկերներիս դէպքում էլ է նման իրավիճակ: Մէկ-մէկ էլ մտածում ես սա վերջակէտն է գուցէ: Արդիւնաբերութեան ոլորտն այլեւս չի ձգում: Աշխարհը փոփոխւում է ու մենք լաւագոյն դէպքում մնալու ենք անցեալի յոյսին կարծես: Իսկ համայնքի դէպքում արտագաղթի առաջն առնել է պէտք: Մեր օրը վայ կը դառնայ, եթէ նորից բացւեն այդ դռները: Դեռ ժամանակ կայ մտածելու դէմն առնելու համար:
Դիտարկմանը, թէ դա մեր կամքից ու ուժից վեր է անւանի գործարարը պատասխանում, որ դժւար է, բայց պէտք է պատրաստ լինել: Մտածել երիտասարդների մասին, ամուսնանալու առիթներ ստեղծել, դա նշանակում է ամուսնութիւնից յետոյ նրանց օգնել, ոչ թէ մինչեւ ամուսնանալը: Բնականոն կերպով կանեն դա մինչեւ ամուսնանալը: Հնարաւորութիւն ստեղծել աշխատանք ունենալու: Մի խօսքով մեր կարողացածով լինենք մեր ապագայի կողքին, հրաշքներ չեն լինելու անկասկած, բայց այնպէս չէ, որ անարդիւնքն է լինելու…
Համայնքի կողքին լինելը՝ նրա թիկունքը պահելով է
Ասելու բան չէ, բայց ինչպէս միւս ընկերներս միշտ աջակցել եմ միութիւններին ու ազգային կենտրոններին: Դա ոնց որ ինքդ քեզ ունեցած պարտքը մարած լինես: Համայնքը նոսրացել է, մշակութային ասպարէզում էլ է երեւում այն: Բնական է, եթէ չես կարող շուկայ ապահովել, համերգների ու ներկայացումների համար ամիսներ են պէտք, բայց մի անգամով կամ լաւագոյն դէպքում երկու-երեք անգամից, արդէն բոլորը դիտել են ու վերջ: Մշակոյթի հարցում նահանջելու իրաւունք չունենք: Այլապէս ամէն հարցում է սկսւելու նահանջը:
«Արարատ»-ի ֆուտբոլը
Գրասենեակի պատին յենւելիս պէտք է զգոյշ լինել որ յանկարծ Արարատի ֆուտբոլի թիմի շրջանակները չգցես: Գրասենեակն իր լուսանկարներով այնքան աշխատանքային տեսք չունի ինչքան՝ ֆուտբոլային մեկնաբանի գրասեղանի: Համայեակի եւ Արարատի (ֆուտբոլ) երակներից հարազատ արիւն է հոսում: Ֆուտբոլային զրոյցների քաղցրութիւնը նա կապում է կանաչ գործի 18+-ով երանգաւորւած մարզիչների բղաւոցների հետ: Իսկ իրանական ֆուտբոլի երկրպագուների մշակոյթի ձեւաւորման հարցում պրն. Համայեակը շատ բան է կապում հայ ֆուտբոլասէրների պահւածքի հետ: «Հայերի ներկայութիւնը կարգ ու կանոն էր ներշնչում ստադիոնին: Երբեմն արարատականներիս իւրաքանչիւր բարձրաձայնած վանկատմանն էր միանում ողջ ստադիոնը: Նոյնիսկ երբ չգիտէին ինչ ենք գոռում…
Չտրւած հարցի փոխարէն
Համայեակ Նաւասարդեանը կարծես սպասում էր «չտրւած այս հարցի առիթին»: Ասում է, որ երիտասարդն ինչքան շուտ անցնի աշխատանքի, նոյնքան շուտ է ճաշակելու պատասխանատւութեան քաղցրութիւնը: Դա մեր այսօրւայ ծնողներն են խլում նրանցից՝ «թիթիշմիթիշ» անելով: Մեծ վատութիւն ենք անում այդպէս մեր ազգի ապագային: Երիտասարդն ինչքան շուտ պէտք է զգայ աշխատանք ունենալու եւ ստեղծագործելու կարեւորութիւնը: Ինչ որ բան չսիրելու համար նախ պէտք է ճանաչես դրան: Աշխատանքն էլ է այդպիսին, նախ ձեռքդ դիր սեփական ծնկին, նոր հասկացիր՝ թէ, ո՞ր ոտքիդ վրայ ես բարձրանում: Չսիրեցիր՝ միւսով բարձրացիր: Նման մարդը հաստատ իր ուժերով է ընկալելու աշխարհը: Իսկ իր, ուժերով ընկալածը եղանակ թելադրողի դերում է լինելու: Դա է հայի իսկական պատկերը: Ես ու ինձ պէս մարդիկ էլ սիրով այստեղ ենք՝ օգնելու համար: