ԻՒՐԻ ԿՈՒԶՆԵՑՈՎ
Հակառակ ամերիկեան շանտաժի՝ Հնդկաստանը վարում է անկախ տարանցիկ-լոգիստիկ քաղաքականութիւն՝ առաջնորդւելով ազգային շահերով:
Նախօրէին առաջաւոր եւ Հարաւային Ասիայի սահմանին տեղի ունեցաւ առանց չափազանցութեան պատմական իրադարձութիւն, որը համեմատելի էր քաղաքական երկրաշարժի հետ։ Դելիի եւ Թեհրանի մակրոռեգիոնի խոշորագոյն խաղացողները, ի դէմս Indian Ports Global Limited-ի (IPGL) եւ Port & Maritime Organisation of Iran-ի, մայիսի 13-ին ստորագրել են Չաբահար նաւահանգստի կառավարման երկարաժամկէտ համաձայնագիր առաջիկայ 10 տարիների ընթացքում՝ պայմանագրի գործողութեան ժամկէտի աւարտից յետոյ աւտոմատ երկարաձգման հնարաւորութեամբ: Փաստաթղթի համաձայն՝ IPG-ն նախագծում կը ներդնի մօտ 120 մլն. դոլար. հետագայում եւս 250 միլիոն դոլար,- յայտնել է Իրանի ճանապարհների եւ քաղաքաշինութեան նախարար Մեհրդադ Բազրփաշը:
IPGL-ն առաջին անգամ ստանձնեց նաւահանգստի կառավարումը 2018-ի վերջին եւ այդ ժամանակից ի վեր մշակել է աւելի քան 90.000 TEU կոնտէյներային փոխադրումներ, ինչպէս նաեւ աւելի քան 8.4 միլիոն տոննա այլ բեռներ: Թեհրանում ստորագրւած համաձայնագիրը «ճանապարհ կը հարթի աւելի մեծ ներդրումների համար, որոնք կարւեն նաւահանգստում»,- վստահ է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը:
Յատկանշական է՝ Հարաւային Ասիայի առանցքային գործօն Հնդկաստանը առաջին անգամ ստանձնում է արտասահմանեան նաւահանգստի կառավարման պարտաւորութիւնները: Արաբական ծովի ափին իրանական Չաբահարի հզօրութիւնները թոյլ են տալիս հնդիկ արտահանողներին եւ ներմուծողներին բեռների տարանցման կազմակերպման ժամանակ շրջանցել իրեն անբարեացակամ հարեւան Պակիստանի տարածքը, մասնաւորապէս՝ Կարաչի եւ Գւադար նաւահանգիստները:
«Չաբահար նաւահանգստի նշանակութիւնը դուրս է գալիս Հնդկաստանի եւ Իրանի միջեւ պարզ ջրանցքի իր դերից. այն ծառայում է որպէս կենսական առեւտրային զարկերակ, որը կապում է Հնդկաստանը Աֆղանստանի եւ Կենտրոնական Ասիայի երկրների հետ»,- համաձայնագրի ստորագրումից յետոյ Թեհրանում յայտարարել է Հնդկաստանի նաւագնացութեան նախարարը։ Այդ կապը նոր հնարաւորութիւններ է բացել առեւտրի համար եւ ամրապնդել մատակարարման շղթաների կայունութիւնը ողջ տարածաշրջանում»։ Տարածաշրջանային լոգիստիկայի համար հեռուն գնացող հետեւանքներով նշանակալի իրադարձութիւնը նախանշեց Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պառակտումը: Մասնաւորապէս, Պետդեպարտամենտի խօսնակ Պատելը յայտարարել է՝ Հնդկաստանի եւ Իրանի այս համաձայնագիրն ազատւած չէ Վաշինգտոնի կողմից հնարաւոր պատժամիջոցներից: Աւելին, ամերիկացի պաշտօնեայի խօսքով` այսօր Թեհրանի հետ համագործակցող ցանկացած խաղացող «պէտք է գիտակցի հնարաւոր ռիսկերը», առաջին հերթին՝ պատժամիջոցային ճնշումները:
Միջոցառումը լուսաբանող հնդկական լրատւամիջոցների կարծիքով՝ ստորագրւած համաձայնագիրը վճռորոշ աշխարհաքաղաքական քայլ էր Իրանի հետ համագործակցութեան զարգացման ուղղութեամբ, որը լուրջ տարածաշրջանային հետեւանքներ կունենայ: Դժւար է վիճել դրա հետ: Ընդ որում, արդէն նշւեց վերեւում, հնդկական կողմը ձգտում է մրցակցել Պակիստանի Գւադար նաւահանգստի հետ։ Իսլամաբադը եւ Նիւ Դելին վաղուց են մրցակցում համաշխարհային առեւտուրն ապահովող հենակէտերի եւ կէտերի համար։
Դրա հետ մէկտեղ, ակներեւ է, փաստաթղթի ստորագրման իմաստն ու նշանակութիւնը դուրս է գալիս տարածաշրջանային գործընթացների շրջանակներից։ Բաց աղբիւրներից յայտնի է դարձել, որ ապագայում նախատեսւում է Չաբահարը կապել «Հիւսիս-Հարաւ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) հետ, որը կոչւած է Հնդկաստանը Ռուսաստանի հետ կապել իրանական տարծքով, այնուհետեւ Կասպեան տարածաշրջանով: Հաւանաբար, մեծամասամբ հէնց այս հանգամանքով է բացատրւում Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի աննախադէպ արձագանգը Չաբահար նաւահանգստի կառավարման վերաբերեալ հնդկա-իրանական համաձայնագիրը չընդունելու վերաբերեալ: Մեղմ ասած՝ հազիւ թէ ամերիկեան շահերին համապատասխանի գլոբալ հարաւի եւ հիւսիսի միաւորումը Ռուսաստանի առանցքային մասնակցութեամբ։ Սակայն հնդիկների նկատմամբ անբարեացակամ Պետդեպարտամենտի այս աղաղակը եւս մէկ բացատրութիւն ունի։
Պատճառը՝ «Հիւսիս-Հարաւ» նախագծի իրականացումը որեւէ կերպ չի առնչւում Հնդկաստանի վերաբերեալ ամերիկայի ծրագրերին։
Ակտիւօրէն սիրաշահելով Մոդիի կառավարութեանը՝ 2023-ին Սպիտակ տունը ոչ միայն մատնանշել է իր շահերն Ասիայում, այլեւ Հնդկաստանն անւանել է գլխաւոր գործընկեր, այդ շահերի ուղեցոյց։ Առաջին հերթին խօսքն անցեալ տարւայ սեպտեմբերին նախագահ Բայդէնի եւ Մոդիի հանդիպման մասին է, որի ընթացքում, երկկողմ յարբերութիւնների արդիական հարցերից բացի, անդրադարձ է կատարւել նաեւ ժամանակակից աշխարհակարգի բարեփոխման գլոբալ խնդիրներին: ԱՄՆ-հնդկական յարաբերութիւնները որակապէս աւելի բարձր մակարդակի հասցնելու Սպիտակ տան տիրոջ հնչեցրած ծրգրերը միջազգային բոլոր խաղացողների կողմից միանշանակ մեկնբանւել եւ հասկացւել են։
Ամերիկան, փաստօրէն, յայտարարեց ոչ միայն այս երկրում ներդրումներ կատարելու պատրաստակամութեան, այլեւ` Հնդկաստանի կողմից ռազմական հարթութեան մէջ համագործակցելու մտադրութեան մասին, որին արեւմտեան ռազմավարները վերապահում են Չինաստանի հիմնական մրցակցի դերը:
Երկրորդ իրադարձութիւնը, որը որակապէս կանխորոշեց տածաշրջանում հետագայ գործընթացներն ու իրադարձութիւնները, նոյն Բայդէնի յայտարարութիւնն էր Նիւ Դելիում G20-ի հոկտեմբերեան գագաթնաժողովում Հնդկաստան-Մերձաւոր Արեւելք-Եւրոպա տնտեսական միջանցքի (IMEC) նախագծի մեկնարկի մասին։ Այնուամենայնիւ, չնայած Մոդիի հասցէին Բայդէնի բազմաթիւ հաւաստիացումներին եւ խոստումներին՝ չնայած այն հանգամանքին, որ Հնդկաստանը չափազանց շահագրգռւած է ուժեղ, ազդեցիկ խաղացողների հետ միջազգային համագործակցութեան ընդլայնմամբ, Նիւ Դելիում գնացին Իրանի հետ երկարաժամկէտ, դժգոհութեամբ յղի գործարքի: Ամենայն հաւանականութեամբ, Մոդիի կառավարութիւնում հաշւի են առել բազմաթիւ սխալներ, որոնք թոյլ են տւել արեւելեան երկրները իմպերիալիստական Ամերիկայի հետ երկկողմ շփումներ կառուցելիս: Աւելին, նոյնիսկ Բայդէնի խօսքերը 2023-ի աշնանը հնդկական միջանցքի կարեւորութեան մասին՝ Չինաստանին դիմակայելու տեսանկիւնից, հազիւ թէ հրապուրեն հնդկական իշխանութիւններին։
Ակնյայտօրէն, Հնդկաստանը որոշեց իրեն չզրկել մանեւրից՝ սերտ կապեր հաստատելով միայն Միացեալ Նահանգների հետ եւ իրենց առաջնային շահերի տրամաբանութեամբ։ Յատկապէս, որ հնդիկները չեն կարող չհասկանալ՝ 2023-ի հոկտեմբերի սկզբի ողբերգական իրադարձութիւններից յետոյ Մերձաւոր Արեւելքում (այն դէպում, երբ ՀԱՄԱՍ խմբաւորման զինեալների գործողութիւնները հազիւ թէ նման անակնկալ լինէին իսրայէլական յատուկ ծառայութիւնների համար) Հնդկաստան-Մերձաւոր Արեւելք-Եւրոպա տրանսպորտային միջանցքի նախագիծը կորցրել է իր երբեմնի նշանակութիւնը։ Իսրայէլական նաւահանգստային ենթակառուցւածքը, որը պէտք է Հնդկաստանը միացնէր Եւրոպային, առնւազն ժամանակաւորապէս դուրս է բերւել խաղից, սակայն, յայտնի է, յաճախ «ոչինչ աւելի մշտական չէ, քան ժամանակաւորը»։
Բնականաբար, Չաբահար նաւահանգստի համատեղ շահագործման համաձայնագրի ստորագրումը նոր կօօրդինատներ ու հող է ստեղծում նաեւ ռուս-հնդկական համագործակցութեան ընդլայնման համար։ Աւելին, պէտք չէ ուշադրութեան չարժանացնել նաեւ «Պարսից ծոց-Սեւ ծով» միջազգային տրանսպորտային միջանցքը։ Այս նախագիծը, որը պաշտօնապէս մեկնարկել է 2016-ին, բաւականին ծախսատար է եւ լոգիստիկայի տեսանկիւնից բարդ, նոյնպէս կապւած է Չաբահար նաւահանգստի հետ, չնայած դրան մասնակցում է նաեւ մէկ այլ ռազմավարական օբիեկտ՝ իրանական Բանդար Աբբաս նաւահանգիստը: «Պարսից ծոց-Սեւ ծով»-ի դերն օբիեկտիւօրէն աճում է Ռուսաստանի հետ հաւաքական Արեւմուտքի նախաձեռնած դիմակայութեան աճին զուգընթաց, ինչն արտացոլւում է, մասնաւորապէս, Թբիլիսիում «Վրացական երազնքի» կառավարութիւնը քանդելու համառ փորձերի մէջ, որը ձգտում է հաւասարակշռւած եւ պրագմատիկ արտաքին քաղաքական կուրսի: Ռուսաստանը շահագրգռւած է նաեւ այս նախագծի իրականացմամբ, ինչպէս նաեւ «Հիւսիս-Հարաւ»-ի շուտափոյթ ի յայտ գալով՝ մէկ պրագմատիկ պատճառով։
Խօսքը նոր, Արեւմուտքի վերահսկողութիւնից դուրս իրականութեան ձեւաւորման մասին է։ Անկասկած, իր անկախ քայլով Հնդկաստանը ոչ միայն մօտեցնում է նոր իրականութիւնը, այլեւ` նշանակում է «Մեծ Եւրասիայի» տարածքում տարանցիկ նախագծերին լիիրաւ մասնակցութեան ուղղակի յայտ։
Թարգմանութիւնը՝ ԳԱՅԱՆԷ ՄԱՆՈՒԿԵԱՆԻ