Լարւածութեան «գլխաւոր պատասխանատուն» ինքը՝ պատեպատ ընկած Բաքուն է
Ի՞նչ են գրում սոցիալական ցանցերի օգտատէրերը
«ԱԼԻՔ» – Քաղաքագէտ Էդգար Էլբակեանն իր «Տելեգրամ»-եան ալիքում գրառում հրապարակելով գրել է, որ համացանցում թափառում է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին վերագրւող մի նախադասութիւն, որ «եթէ Իրանը միջամտի Ադրբեջանի գործերին, Թուրքիայի բանակն արագ կերպով կը հակազդի»։
Փորձագէտը յաւելել է, որ աղբիւրներում նման յայտարարութեան սկզբնաղբիւրը նշւած չէ, կամ չկայ նման բան: «Կան մի քանի «աղբավայրեր», որտեղ առանց սկզբնաղբիւրի (մանաւանդ՝ վիդէօ) զետեղւած է այս խօսքը»,- նշել է նա:
Անգամ, եթէ իրականում Թուրքիայի յատուկ ծառայութիւնների նախկին ղեկավարը նման բան չի ասել, այս տեսակ ապատեղեկատւութեան տարածումը թուրքական մերձիշխանական շրջանակների կողմից, վտանգաւոր միտում է,-նշել է Էդգար Էլբակեանը։
Այնուամենայնիւ Սիւնիքի ուղղութեամբ Բաքւի նկրտումների եւ սահմանամերձ շրջաններում սպառազինութեան կուտակումների գծով ոչ-պաշտօնական հրապարակումների կողքին պաշտօնական հարթակում ամենակարեւոր նորութիւնը Ռէյիսի-Փաշինեան հեռախօսազրոյցն էր, որտեղ ԻԻՀ նախագահը Հայաստանի եւ Բաքւի Հանրապետութեան սահմաններում առկայ լարւածութեան մասին զգուշացրել է, յատկապէս, հետեւեալ երեք կէտով.
1- Աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխութիւն եւ տարածաշրջանային սահմանները հանդիսանում են Իրանի կարմիր գծերը:
2- Բացի 3+3 ձեւաչափից, արտատարածաշրջանային այլ ուժերի ներգրաււածութիւնը, կամ նրանց հետ զօրավարժութիւնների անցկացումը, ինչպէս նաեւ կասկածելի ուղղեւորութիւններով աւելի է բարդանալու իրավիճակը։
3- Իրանը պատրաստակամութիւն է յայտնել աջակցելու երկու կողմերին՝ խնդրի կարգաւորման հարցում:
Նոյն կապակցութեամբ, պաշտօնական հրապարակումների հարթակում եւս սխալ տեղեկատւութիւն կատարւեց, որի համաձայն՝ Միացեալ ռազմական յանձնաժողովի շրջանակներում Բաքու մեկնած Իրանի ԶՈՒ-ի Շտաբի պատւիրակութեան կազմում նշւած էր նաեւ սարդար Բաղերիի անունը, որի հերքման մասին, Իրանի Բանակի Հասարակայնութեան հետ կապերի կենտրոնը հրապարակում անելով, նշել է, որ տւեալ ապատեղեկատւութիւնը տարածւել է տպագիր թերթերից մէկի առցանց լրահոսով հրապարակւած սխալ մեկնաբանութիւնների եւ լրագրողի ենթադրութիւնների հիման վրայ:
Միւս կողմից «Azariha» վերլուծական եւ լրատւական կայքը նշել է, որ Հարաւային Կովկասի երեք երկրների դէպքում էլ լուրջ խոչընդոտներ կան ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։ Կայքի համաձայն՝ միեւնոյն ժամանակ, բոլոր երեք երկրներն էլ 2000-ականներից մասնակցում են ՆԱՏՕ-ի օժանդակ կառոյցներին: Դա նոր թեմա չէ եւ չի նշանակում՝ անդամակցութիւն։ Սակայն, երբ իշխանութեան են գալիս արեւմտամէտ կաբինետներ, ապա այդ վարժանքների նկատառումներով ծրագրերին մասնակցելու պատրաստակամութիւնն էլ է աճում:
Աղբիւրի համաձայն՝ Սիւնիքում ԱՄՆ-ի եւ Հայաստանի միջեւ զօրավարժութեան անցկացումը նոյն համագործակցութեան ծրագրերին մասնակցելու շրջանակներում է դիտարկւում։
«Azariha»-ի համաձայն՝ Լաչինի միջանցքի դէպքում Ռուսաստանը ցոյց տւեց, որ խաղաղութեան համար լիարժէքօրէն չի կատարում իր պարտաւորութիւնն ու գուցէ այնքան էլ վստահելի չէ: Եւ հաւանաբար «Զանգեզուրի միջանցք»-ի դէպքում եւս մտադիր է իրականանալուց յետոյ այն վերահսկողութեան տակ առնել Թուրքիայի դէմ իր խաղաքարթերը պահելու համար։
Նոյն կապակցութեամբ վերլուծական այս կայքը նշել է, որ Իրանի հետ Ամերիկայի տեսակէտների ու մօտեցումների փաթեթն այս հարցում ի վնաս Թեհրանի չէ, քանի որ ամերիկացիներն են հեռացողն ու դէմ գնացողը, ոչ թէ Իրանը։ «Լաւագոյն պատերազմներն այն պատերազմներն են, որոնցում յաղթում ես առանց կրակոցի»: Արտատարածաշրջանային ուժերը գալիս ու գնում են, բայց ռազմավարական շահերն ու հարեւանութիւնը մնայուն են: ԱՄՆ-ը չի կարող մշտական ներկայութիւն ունենալ՝ բանակ տեղակայելով նաեւ Սիւնիքում:
Ամերիկայի փոփոխական քաղաքականութիւնը Ռուսաստանի նոր հայեցակարգի կողքին խօսում է քաղաքականութեան հեղհեղուկ բնոյթի մասին։ Ուժերի յարաբերակցութիւնները մշտապէս փոխւում են, եւ ուժային յարաբերութիւնների տրամաբանութիւնը կառավարութիւններին թելադրում է դիրքորոշւել ուժերի փոխյարաբերութիւնների ընթացակարգերով։
Կայքն այսքանից յետոյ եզրակացրել է, որ պէտք չէ մտահոգւել Հայաստանի եւ ԱՄՆ-ի համատեղ զօրավարժութիւններով:
Քարիմ Ջաֆարին իր «Տելեգրամ»-եան ալիքում վերահրապարակելով Բաքւի զօրքերի տեղակայման քարտէզը, նշել է, որ Հարաւային Կովկասի վերջին զարգացումները եւ Բաքւի զաւթիչ ուժերի նորաստեղծ բազաները խօսուն փաստն է այն բանի, որ Ալիֆը հէնց այնպէս զօրքը չի տեղաշարժել: Թէեւ Բաքւի վարչակարգը բազմիցս է ստել իր ծրագրերի էութեան մասին, սակայն պարզ է, որ այս տեղաշարժի նպատակը ոչ թէ Ղարաբաղի վերջնական գրաւումն է, այլ Թուրքիայի աջակցութեամբ, ինչպէս նաեւ սիոնիստական ռեժիմի ու Լոնդոնի աժակցութեամբ Հայաստանի հարաւային շրջանները զաւթելն ու թուրանական միջանցքի անցկացումն է:
Քարիմ Ջաֆարին յաւելել է, որ անցած երկու շաբաթների ընթացքում շարունակւել է զօրքերի եւ տեխնիկայի առաջնագիծ տեղափոխման, ինչպէս նաեւ Թուրքիայից եւ բռնազաւթւած Պաղեստինից Բաքու սպառազինութիւն տեղափոխելու գործընթացը: Սա վկայում է այն մասին, որ շուտով պէտք է տարօրինակ իրադարձութեան ականտեսը լինենք դարձեալ: Դեռ պարզ չէ, որ Ալիֆն ու Էրդողանը անհանգստացած են Իրանի հզօրութիւնից, կամ զգուշացումներից, թէ՞ սիոնիստներն են նրանց մեծ յոյսեր ներշնչում:
Այս կապակցութեամբ ուշագրաւ գրառում է կատարել պատմաբան եւ քաղաքագէտ Ղոլամ Ալի Դեհղանը: Նա անդրադառնալով իսրայէլական ու Էրդողանի երկարաժամկէտ ծրագրերի էութեանն ու դրանց ազդեցութեան տակ Իլհամ Ալիեւի քայլերին, նշել է, որ դրանք Բաքւի համար կարող են կարճաժամկէտ հեռանկարներով քաղցր թւալ, սակայն միանշանակ ծանր հետեւանքներ են թելադրելու Բաքւի կառավարութեանը երկարաժամկէտ կամ նոյնիսկ միջնաժամկէտ հեռանկարներում։
Նա «Ռահբորդ» (ստրատեգիա) հանդէսում հրապարակած իր վերլուծութիւնում յաւելել է, որ ՄԱԿ-ի հռչակագրի անտեսումը եւ երկրների ինքնիշխանութիւնը ոտնահարելը մի կողմից Ալիֆի կառավարութեանը նեղն է դնելու միջազգային ատեաններում իր վարած ոչ լեգիտիմ քաղաքականութեան համար, միւս կողմից՝ հնարաւորութիւն է տալու Իրանին, որպէս տարածաշրջանում իր կամքը բացատրող ուժի՝ կանխել արտատարածաշրջանային տէրութիւնների նպատակների առաջխաղացումը: Այդ էլ այն տարածաշրջանում, որի մի զգալի մասը Իրանի պատմական տարածքների մաս է կազմել: