Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արթուր Խաչատրեան. «Փաշինեանը Հայաստանում կարող է քաղաքական տեռոր սկսել եւ հիմնաւորել՝ բա ի՞նչ անեմ, եթէ այս «ռեւանշիստներին» բանտերը չլցնեմ, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել»

«ԱԼԻՔ» – Վաշինգտոնեան պայմանաւորւածութիւնների մասին, «Առաւօտ»-ը զրուցել է ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանի հետ:

– Պարոն Խաչատրեան, Վաշինգտոնում ձեռք բերւած պայմանաւորւածութեան միջոցով Արցախի հարցը փակւե՞լ է։ Մենք տեսանք, որ Փաշինեանն ու Ալիեւը խուսափեցին պատասխանել արցախցիների վերադարձի ու իրաւունքների մասին հարցին։ Այդքան հեշտ հնարաւո՞ր է փակել Արցախի հարցը։

– Սկսենք նրանից, որ ոչ բոլոր ձեռք բերւած համաձայնութիւններն են հրապարակւել։ Մասնաւորապէս, խօսքը վերաբերում է այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի կամ «Թրամփի միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման ճանապարհի» կարգավիճակին։ Հայաստանի Հանրապետութիւնը վարձակալութեամբ տարածք է տրամադրելու ԱՄՆ-ին, այդ տարածքում ինչ-որ ընկերութիւն երկաթուղի է կառուցելու եւ այլն։ Բայց ի՞նչ կարգավիճակ է ունենալու այն հողը, որը վարձակալութեամբ յանձնւելու է։ Եւ ՀՀ Սահմանադրութեան ո՞ր կէտն է թոյլ տալիս կառավարութեան ղեկավարին, շրջանցելով Ազգային ժողովը, շրջանցելով ՀՀ օրէնսդրութիւնը, Հայաստանի տարածքի մի հատւած յանձնել որեւէ երրորդ կողմի տնօրինութեանը։ Հայաստանի Հանրապետութեան տարածքը Նիկոլ Փաշինեանի պապենական տան մի սենեակը չէ, որ ինքը ուզենայ վարձակալութեան յանձնել։

Ոչ, Արցախի հարցը փակւած չէ, Արցախի հարցը Նիկոլ Փաշինեանը չի բարձրացրել։ Արցախի ժողովուրդը, Արցախի Հանրապետութեան կառավարութիւնն իրենց իրաւունքները չեն զիջել Նիկոլ Փաշինեանին եւ չեն ասել՝ տնօրինիր մեր ճակատագիրը, ինչ որոշես, մենք դրա հետ համաձայն ենք։ Ոչ, Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրաւունք, եւ բոլոր փաստաթղթերը, որոնք ընդունւել են Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան շրջանակներում, ընդունում են, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրաւունքը այն հիմնարար սկզբունքներից մէկն է, որոնց հիման վրայ պէտք է կարգաւորւէր Արցախեան հակամարտութիւնը։ Երկրորդ սկզբունքը դա ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումն է, երրորդը՝ տարածքային ամբողջականութեան սկզբունքն էլ։ Ի դէպ, ես խնդրում եմ ուշադրութիւն դարձնել, որ ԵԱՀԽ Հելսինկիի 1975 թւականին ընդունւած եզրափակիչ ակտում տարածքային ամբողջականութեան սկզբունքն է որպէս հիմք կամ հիմքերից մէկը ընդունւել, այլ ոչ թէ սահմանների անձեռնմխելիութեան սկզբունքը։ Սկսած ԵԱՀԿ-ից, մինչ այդ՝ ԵԱՀԽ-ից, մինչեւ Եւրոպական միութեան հետ ընդլայնւած եւ համապարփակ գործընկերութեան պայմանագիր, նաեւ ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերում արձանագրւած է, որ Արցախի ժողովուրդն ունի ինքնորոշման իրաւունք։

Կոզովոյի վերաբերեալ ՄԱԿ-ի Արդարադատութեան միջազգային դատարանի խորհրդատւական կարծիքի մէջ յստակ նշել են, որ տարածքային ամբողջականութեան սկզբունքը, որը թէ՛ Նիկոլ Փաշինեանը, թէ՛ Ադրբեջանը համարում էին գերակայ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի նկատմամբ, չի կարող արգելել որեւէ ժողովրդի միակողմանի անկախութիւն հռչակել։ Այսինքն՝ Հայաստանը, Ադրբեջանը, ԱՄՆ-ն, Պապուա Նոր Գւինեան, Միացեալ Թագաւորութիւնը, Ռուսաստանի Դաշնութիւնը, Շւէյցարիայի Համադաշնութիւնը կարող են ճանաչել մէկ-մէկու տարածքային ամբողջականութիւնը եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականութիւնը, բայց դա չի նշանակում, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան ճանաչումն արգելում է Արցախի ժողովրդին միակողմանի անկախութիւն հռչակել։ Հետեւաբար, քանի դեռ Արցախի ժողովուրդը միակամ է եւ պատրաստ է առաջ մղել իր ինքնորոշման իրաւունքի իրացման հարցը, ուզում է Նիկոլ Փաշինեանը լինի, ով ուզում է լինի, չի կարող Արցախի ժողովրդին զրկել այդ իրաւունքից։

Պրահայում եւ Բրիւսէլում 2022 թւականի հոկտեմբերին եւ 2023 թւականի գարնանը Նիկոլ Փաշինեանի յայտարարութիւններն ապօրինի էին, նա չունէր այդ իրաւունքը։ Եւ կրկնում եմ՝ Նիկոլ Փաշինեանն իրաւունք չունէր Արցախի Հանրապետութեան, Արցախի ժողովրդի ճակատագիրը վճռել եւ դրանով իսկ Ադրբեջանին քարտ բլանշ տրամադրել՝ Արցախի ժողովրդի դէմ ցեղասպանութիւն իրականացնելու, Արցախի ժողովրդին Արցախի Հանրապետութիւնից բռնի տեղահանելու եւ Արցախը Ադրբեջանին բռնակցելու համար։

– Վաշինգտոնում նախաստորագրւած փաստաթղթի 8-րդ յօդւածի համաձայն՝ «կողմերը դատապարտում են եւ կը պայքարեն անհանդուրժողականութեան, ռասայական ատելութեան եւ խտրականութեան, անջատողականութեան, բռնի ծայրայեղականութեան եւ ահաբեկչութեան դէմ՝ դրանց բոլոր դրսեւորումներով՝ իւրաքանչիւրն իր իրաւազօրութեան շրջանակներում եւ կապահովեն իրենց նկատմամբ կիրառելի միջազգային պարտաւորութիւնների կատարումը»։ Սա ի՞նչ է ենթադրում, բռնաճնշումնե՞ր են սկսւելու Հայաստանում, եթէ հաշւի առնենք, որ վերջին տարիներին Ալիեւը խօսում է Հայաստանում «ռեւանշիստական ուժերի չէզոքացման» մասին։

– Այո, ճիշտ նկատեցիք, դա շատ վտանգաւոր կէտ է՝ Ադրբեջանի պարտադրանքով գրւած։ Ընդհանրապէս ամբողջ տեքստն է Ադրբեջանի պարտադրանքով գրւել, այդ տեքստն Ադրբեջանում է գրւել, դէմ են տւել Հայաստանի իշխանութիւններին, ասել են՝ սա է, ուզում էք, ուզէք, չէք ուզում, մի ուզէք։ Եւ այս կէտով Ադրբեջանը հնարաւորութիւն է ունենալու միջամտել Հայաստանի ներքին գործերին, աւելին ասեմ՝ հետագայում Հայաստանի դէմ ռազմական գործողութիւններ սկսել։ Ցանկացած արտայայտութիւն, ցանկացած կարծիք, անկախ նրանից, թէ ով է դա հնչեցնում, որ Արցախի ժողովուրդն իրաւունք ունի ինքնորոշւելու, որ Արցախի հարցը փակւած չէ, Ադրբեջանը կարող է դիտարկել որպէս իր տարածքային ամբողջականութեան դէմ նկրտում։ Ադրբեջանը յղում կը կատարի Փաշինեանի վրայ, որովհետեւ Փաշինեանը նոյնպէս համարում է, որ Արցախն Ադրբեջանի տարածքի մի հատւած է, եւ կարող է ՀՀ դէմ ագրեսիա սկսել։

Հիմա հարց՝ իսկ ինչո՞ւ Փաշինեանը ստորագրեց այդ փաստաթուղթը, որովհետեւ այդ կէտը չի բխում ՀՀ շահերից, բայց բխում է Ադրբեջանի շահերից եւ անձամբ Փաշինեանի շահերից։ Փաշինեանը, վկայակոչելով այդ կէտը, Հայաստանում կարող է քաղաքական տեռոր սկսել եւ կարող է հիմնաւորել՝ բա ի՞նչ անեմ, եթէ այս «ռեւանշիստներին» բանտերը չլցնեմ, Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։ Կրկնում եմ՝ այդ իրաւունքն Ադրբեջանին տւել է Նիկոլ Փաշինեանը։ Իսկ ինչո՞ւ է տւել, որովհետեւ թէ Ալիեւը չի ցանկանայ, որ Հայաստանում լինեն քաղաքական ուժեր, որոնք Արցախի էջը փակւած չեն համարի, թէ Նիկոլ Փաշինեանին է դա պէտք, որպէսզի ինքը ներսում քաղաքական տեռոր սկսի։ Սա է իրականութիւնը։ Ադրբեջանն ուզում է, որ Հայաստանը լինի կառավարելի, խամաճիկային պետութիւն։ Փաշինեանը պատրաստ է լինել կառավարելի, խամաճիկային պետութեան կառավարիչը։ Այստեղ Ալիեւի եւ Փաշինեանի քաղաքական նպատակները, իղձերը, ցանկութիւնները 100 տոկոսով իրար հետ համընկնում են։

Ի դէպ, պատահական չէ, որ Ստամբուլում, Աբու Դաբիում կայացած հանդիպումներից յետոյ ադրբեջանական մամուլը սպառնալիքներ է հնչեցնում այն քաղաքական ուժերի հասցէին, ովքեր համաձայն չեն Նիկոլ Փաշինեանի քաղաքականութեան հետ։ Պարզ գրել են, որ իրենք թոյլ չեն տայ, որ Հայաստանում «ռեւանշիստական ուժերը» գլուխ բարձրացնեն։ Իսկ «ռեւանշիստական ուժեր» իրենք կոչում են, օրինակ, Դաշնակցութեանը, «Հայաստան» դաշինքին, նոյնիսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այսինքն՝ բոլոր այն ուժերին, որոնք ասում են, որ Արցախի էջը փակւած չէ։ Գովում են Նիկոլ Փաշինեանին, նայէք ադրբեջանական մամուլը եւ կը տեսնէք, յայտարարում են, որ Նիկոլ Փաշինեանն Ադրբեջանի լաւագոյն գործընկերը կարող է լինել։ Այնպէս որ, կրկնում եմ, Ալիեւի եւ Փաշինեանի շահերն այս հարցերում համընկնում  են, Ադրբեջանն այդ ականը դրել է Հայաստանի տակը, Փաշինեանն այդ թուղթը ստորագրել է, Փաշինեանը դրանով իր իշխանութեան երաշխիքներն է Ադրբեջանից ստացել, իսկ Ադրբեջանն իր հեռու գնացող նպատակներն ունի։

Երբ այս տարւայ յունւարի 7-ին Ալիեւը Հայաստանն անւանեց «ֆաշիստական պետութիւն», Փաշինեանը փոխանակ Հայաստանի շահերը պաշտպաներ, ասաց՝ հլա մի հատ փորձենք հասկանալ, թէ ինչո՞ւ է Ադրբեջանը մեզ կոչում «ֆաշիստական պետութիւն»։ Ցաւօք սրտի, սա է իրականութիւնը։

– Մինսկի խումբը լուծարելու մասին յայտարարեցին Փաշինեանն ու Ալիեւը, ի՞նչ էք կարծում՝ բոլոր անդամ երկրները կողմ կը լինե՞ն լուծարմանը, այսպէս մէկ յայտարարութեամբ հնարաւո՞ր է լուծարել Արցախեան հակամարտութիւնը խաղաղ ճանապարհով լուծելու համար ստեղծւած այդ կառոյցը։ Եւ ի՞նչ կը նշանակի, եթէ իրօք լուծարւի Մինսկի խումբը։

– Յիշեցնեմ, որ 1992 թւականին որոշում կայացւեց հրաւիրել Մինսկի խորհրդաժողով, որտեղ պէտք է վճռւէր Արցախի ժողովրդի, այն ժամանակւայ ԼՂ Ինքնավար մարզի իրաւական կարգավիճակը՝ այն սկզբունքների վրայ, որոնք նշել են, ներառեալ՝ ինքնորոշման իրաւունքի յարգումը։ Այնպէս որ, միայն Հայաստանի եւ Ադրբեջանի որոշումը՝ դուրս գալ այդ խմբից, դեռ չի նշանակում, որ ԵԱՀԿ-ն աւտոմատ պէտք է լուծարի Մինսկի խումբը։ Իհարկէ, երբ Հայաստանն ու Ադրբեջանը դիմել են այդ հարցով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից երկուսը կարծիք են յայտնել, որ այդ կառոյցն իրեն սպառել էր։ Բաւականին դժւար է լինելու, բայց տեսնենք, թէ ինչ կը լինի։ Նոյնիսկ եթէ ԵԱՀԿ-ն ասի՝ դէ լաւ, չէք ուզում, մենք կը լուծարենք այդ կառոյցը, միեւնոյն է, վերադառնալով ձեր առաջին հարցին, նշեմ, որ դրանից չի բխում, որ Արցախի հարցը փակւած է։ Քանի դեռ Արցախի ժողովուրդը պայքարում է իրաւունքների համար, Արցախի քաղաքական կարգավիճակի հարցը փակւած չէ։

Զրոյցը՝ ՌՈԶԱ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԻ

Related Articles

Back to top button