ՀամայնքՆոր Ջուղա

Նոր Ջուղայում տեղի ունեցաւ Լիսբոնի հինգ անձնազոհ մարտիկների ողջակիզման յիշատակին ամենամեայ ֆուտբոլի մրցաշարը

Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի նախաձեռնութեամբ եւ նոյն միաւորի Կազմակերպիչ յանձնախմբի կազմակերպութեամբ տեղի ունեցաւ ամենամեայ կարգով իրականացւող ֆուտբոլի մրցաշարը, որի բացումը կատարւեց ուրբաթ՝ օգոստոսի 8-ին, «Արարատ» միութեան մարզասրահում: Բացման երեկոյին ներկայ էին՝ թեմի ազգային մարմինների, շրջանի Հայ Դատի յանձնախմբի եւ «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան ներկայացուցիչներն ու ժողովուրդ:

Երեկոն, որը հանդիսավարում էր Վանէ Յովսէփեանը, սկիզբ առաւ Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշի եւ անձնազոհ հինգ մարտիկների նկարների սրահ մուտք գործելով, ապա ներկաների մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգւեց այդ հերոսների անմոռաց յիշատակը:

Շարունակութեան մէջ Սկաուտական միաւորի Գերագոյն մարմնի անունից ելոյթով հանդէս եկաւ Վանիա Պետրոսեանը:

Յատկանշելի է, որ այս մրցաշարին իրենց մասնակցութիւնն էին բերել վեց խմբեր հետեւեալ անուններով՝ «Արարատ», «Տաթեւ», «Շուշի», «Նժդեհ», «Արծիւ» եւ «Մասիս», որոնցից «Արարատ»-ն ու «Տաթեւ»-ը թեւակոխեցին եզարափակիչ փուլ, ինչի արդիւնքում 2-10 հաշւով յաղթող ճանաչւեց «Տաթեւ»-ը:

Մրցաշարի իրաւարարական աշխատանքը կատարեցին՝ Արին Խաչիկեանը, Քարլօ Խաչիկեանը, Ռուբիկ Պարսամեանն ու Արթին Մելիքեանը:

Թղթակից (Նոր Ջուղա)

Related Articles

Back to top button