
Նոյեմբերի 15-ին տեղի ունեցաւ Իրան-Իրաք պարտադրեալ ութ ամեայ պատերազմի տարիներին մարտական գործողութիւններին մասնակցած եւ պատերազմի ընթացքում վիրաւորւած հայ ազատամարտիկ Վարուժ Զարգարեանի յուղարկաւորութեան արարողութիւնը՝ ընտանիքի անդամների, հարազատների, հարեւանների, ինչպէս նաեւ հայ համայնքի ազատամարտիկների, նահատակների ու անհետ կորածների ընտանիքների մասնակցութեամբ։
Վարուժ Զարգարեանը, ով 37 տարի դիմադրել էր Իրան-Իրաք պարտադրեալ պատերազմի ընթացքում ստացած իր ծանր վէրքերի հետեւանքներին, կեանքից հեռացաւ նոյեմբերի 12-ին՝ միանալով իր նահատակ զինակիցներին։

Առաւօտեան ժամերից բազմաթիւ մարդիկ հաւաքւել էին նրա տան մօտ վերջին հրաժեշտը տալու նահատակին,որից յետոյ նրա դին տեղափոխւեց Նոր Բուրաստան գերեզմանատուն։ «Նոր Բորաստան» գերեզմանատանը, ներկայ էին Թեհրանի հայոց թեմի ազգային մարմինների ներկայացուցիչներ, Փաքդաշտ շրջանի Նահատակների հիմնարկի պատասխանատուներ, Թեհրան նահանգի Վետերանների եւ անձնազոհերի անձնակազմի ներկայացուցիչ՝ գնդապետ Մասումին եւ այլ պաշտօնատարներ, Թեհրան նահանգի Վետերանների եւ ազատամարտիկների հիմնարկի ներկայացուցիչները, Թեհրանի հայոց թեմի պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի անդամները, վետերան ազատամարտիկի հարազատները:
Հանգուցեալ նահատակ Վարուժ Զարգարեանի դին՝ ընտանիքի անդամները ու ընկերները ուսամբարձ, տեղափոխեցին գերեզմանատան եկեղեցի, որտեղ Տ.Վրթանէս քհնյ. Բաբախանեանի միջոցով կատարւեց թաղման կրօնական կարգը եւ նահատակի դին ամփոփւեց Նոր Բուրաստան գերեզմանատան ազատամարտիկների յատուկ տարածքում։
Այնուհետեւ պարտադրեալ պատերազմի հայ անձնուրացների արժէքների պահպանման յանձնախմբի ներկայացուցիչը իր ելոյթի ընթացքում դամբանական խօսքով անդրադարձաւ նահատակ Վարուժ Զարգարեանի կենսագրական տւեալներին ընդգծելով Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին իրանահայ համայնքի անմնացորդ դերը Իրանի տարածքային ամբողջականութիւնը պահպանելու առումով։ Ապա ելոյթ ունեցաւ Փաքդաշտի ուրբաթօրեայ աղօթքի պետ հոջ. Ջոքարը, ով բարձր գնահատեց հայերի նւիրւածութիւնն ու մասնակցութիւնը Իրանի պաշտպանութեան գործում։
Յուղարկաւորման եւ թաղման կրօնական արարողութիւնից յետոյ ներկաները համախմբւեցին Հ. Մ. «Սիփան» միութեան «Նայիրի» սրահում կազմակերպւած ընդունելութեանը։ Ներկայացւեց նահատակ Վարուժ Զարգարեանի կենսագրական տւեալները, Թեհրանի Հայոց թեմի Թեմական խորհրդի ներկայացուցիչ Արթին Շահբազեանը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ Թեմական Խորհրդի ցաւակցական ուղերձը՝ ընդգծելով, որ Իրանի հայ համայնքը երկրում վայելում է իր կրօնական ու մշակութային ազատութիւնները։
Թող որ բոլոր նահատակների, յատկապես հայ նահատակների հոգիները խաղաղութեան մէջ հանգչի։
Թ. Հ. Թ. Պարտադրեալ Պատերազմի Հայ նահատակների եւ
Անձնուրացների արժէքների պահպանման յանձնախումբ







