Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արշակ Սրբազանը՝ Փաշինեանի հետ հանդիպած հոգեւորականների մասին. «Դաւաճանութիւն է՝ անկախ գործօններից»

Հայ ժողովրդի արժանապատւութեան կորուստը շարունակւելու է, քանի չենք հրաժարւել այս իշխանութիւնից

«ԱԼԻՔ» – Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիւանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրեանը երէկ՝ դեկտեմբերի 1-ին մամուլի ասուլիս էր հրաւիրել՝ պարզաբանելու համար իր շուրջ, ինչպէս նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող զարգացումներին:

Նշենք, որ շաբաթներ առաջ համացանցում տարածւեցին Արշակ Սրբազանին վերաբերող ոչ պատշաճ տեսանիւթեր։ Արշակ Սրբազանը յայտարարեց, որ ինքը որեւէ առնչութիւն չունի այդ տեսանիւթերի հետ, որ դրանցում ինքը չէ պատկերւած։

ՀՀ քնչական կոմիտէն այս առնչութեամբ քրէական վարոյթ էր յարուցել եւ պարզաբանում տարածել՝ հաստատելով տեսանիւթերի իսկութիւնը։

Դրանից յետոյ համացանցում տարածւեց մի խումբ եպիսկոպոսների  դիմումի տեքստը, որոնք պահանջում էին Կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից, սառեցնել նրա լիազօրութիւնները։

Հարցազրոյցի կարեւոր թեմաները՝ ստորեւ:

«Ակամայ ես յայնտւել եմ ծաւալւող որոշ իրադարձութիւնների առանցքում եւ կուզէի դրա շրջանակներում տեղ գտնող մեկնաբանութիւններին, տեղեկութիւններին պարզաբանումներ ներկայացնել։

2018 թւականից սկսեալ ես խիստ որոշակի վերապահումներ եմ ունեցել  քաղաքական գործընթացների վերաբերեալ ՀՀ-ում։ Իմ վերապահումները հանրայնօրէն չեմ արտայայտել՝ հաշւի առնելով ժողովրդի լայն զանգւածների աջակցութիւնը իշխանութեանը՝ համարելով, որ միգուցէ ես եմ սխալւել։ Դժբախտաբար, ես այս դէպքում չեմ սխալւել։ Այն անձը, որ առաջնորդում էր քաղաքական պրոցեսները ՀՀ-ում, որեւէ վստահութիւն չէր ներշնչում ինձ։ Նրա կենսագրութեան պարզ վերլուծութիւնը ինձ յուշում էր, որ որեւէ դրական տեղաշարժ, որեւէ լուսաւոր հեռանկար հնարաւոր չէ ակնկալել այս մարդու առաջնորդած շարժումից։

Սա մի մարդ է, որն իր ողջ կենսագրութեան ընթացքում առաջնորդւել է շանտաժով, վիրաւորական, զրպարտչական գործելաոճով։

2020-ին մենք կորցրեցինք Արցախը, կորցրեցինք ազգային համերաշխութիւնը, կեղծ պատճառաբանութիւններով  բազմաթիւ անձինք ձերբակալւեցին, պառակտւեց հասարակութիւնը։ Այդ պայմաններում ես անբարոյական եմ համարել որեւէ ձեւով իմ դիրքորոշումը չարտայայտել։ Ես դա արտայայտել եմ եւ այսօր էլ  այդ դիրքորոշման վրայ եմ։ Այդ անձը, այդ իշխանութիւնը չի կարող շարունակել մնալ իշխանութեան։ Օր առաջ նրանք պէտք է հեռանան՝ անկախ նրանից, թէ ինչ աշխարհաքաղաքական ու քաղաքական գործօններով է պայմանաւորւած նրանց պաշտօնավարութեան շարունակութիւնը»,- ասել է Սրբազնաը:

Նա նշել է, որ իր դիրքորոշումներից յետոյ իրեն հրաւիրել են ԱԱԾ եւ ակնարկներ են եղել իր դէմ որոշ գործողութիւններ իրականացնելու մասին. «Որեւէ տեղեկատւական տեռոր ու սպառնալիք չի կարող ինձ ստիպել անելու մի բան, որն աւելի մեծ մեղք է, քան այն, ինչը ես երբեւէ կարող էի արած լինել։

Փառք Աստծոյ, ես իմ կեանքում չունեմ արած բաներ, որոնց համար ես ամաչեմ։ Դա չի նշանակում, որ ես անմեղ եմ, բայց այն վերագրումները, որ վերագրում են ինձ, բացարձակապէս կապ չունեն իմ կեանքի, իմ կենսագրութեան, իմ արածների հետ։ Իհարկէ, այդ տեսագրութիւնները կեղծիք են եւ սուտ են։ Ես չգիտեմ աւելի մեծ մեղք, որ գործւած սայթաքումների դիմաց գործես նոր մեղքեր»:

 

Դաւաճանութիւն՝ անկախ գործօններից

«Արդեօք մեր եկեղեցականների նկատմամբ, որոնք յայտարարութիւն են արել, իրենց նկատմամբ շանտաժ կիրառւե՞լ է. անկեղծ ասած, չգիտեմ, բայց ցանկացած սցենարի դէպքում նման կեցւածք որդեգրելն ուղղակի դաւաճանութիւն է:

Ես երեք ասպեկտ եմ տեսնում. մարդիկ դաւաճանել են ոչ միայն Աստծուն, ոչ միայն եկեղեցուն, այլ դաւաճանել են իրենք իրենց, դաւաճանել են այն ամէնին, ինչը որ պատկանում է իրենց անցեալին, այն ամէնին, ինչին իրենք հաւատում են։ Դա ուղղակի ինքնաժխտում է, ժխտել սեփական կենսագրութիւնը, ժխտել սեփական պատկանելիութիւնը։ Իսկ կանոնական լեզւով ասած դա նաեւ հերձւած է, հերձւածողութեան դասական օրինակ»,- ասել է Արշակ Սրբազանը՝ յաւելելով, որ այն անձինք, որոնք գործակցութեան յայտ են ներկայացնում այսօրւայ իշխանութեան հետ, նրանք կիսում են նրանց քայքայիչ պետականաքանդ գործունէութեան պատասխանատւութիւնը:

 

Կաթողիկոսը ոչ մի հնարաւորութիւն չունի հեռանալու

«Կաթողիկոսը ոչ մի հնարաւորութիւն չունի հեռանալու. ոչ մի նախադրեալ չեմ տեսնում, որ Կաթողիկոսը պէտք է հեռանայ։

Կաթողիկոսը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ ինչ-որ շրջանակներ, այդ թւում նաեւ կասկածելի շրջանակներ, որոնց եկեղեցու պատկանելիութիւնը խիստ տարակուսելի է, այդպիսի օրակարգ են առաջ մղել։ Չի կարող հեռանալ նաեւ այն դէպքում, եթէ այդպիսի պահանջ են դրել 10 եպիսկոպոսներ։ Կաթողիկոսին ընտրում է ազգային եկեղեցական ժողովը, եւ ազգային եկեղեցական ժողովի որոշումից դուրս, Կաթողիկոսի ցանկացած նման որոշում, որ ինքը պէտք է հեռանայ, դա աւելին չի լինի, քան դասալքութիւնը։

Կաթողիկոսը չի կարող հեռանալ, եւ Կաթողիկոսը ինքը բազմաթիւ անգամներ այդ մասին նշել է, եւ ես վստահ եմ, որ Կաթողիկոսի կողմից այդպիսի որոշում չի կայացւի, չի կարող կայացւել։ Կաթողիկոսը ունի եկեղեցուն պատկանելիութեան բարձր, չափազանց բարձր գիտակցութիւն»,- ասել է Սրբազանը:

 

Իսկ ո՞վ պէտք է յայտնւէր իշխանութեան թիրախում, նա, ով գովերգու՞մ է իշխանութեանը

«Իսկ ի՞նչ էք կարծում, ո՞վ պէտք է յայտնւէր իշխանութեան թիրախում. նա, ով իշխանութիւններին գովերգո՞ւմ է։

Տարօրինակ չէր լինի, որ իշխանութեան թիրախում յայտնւէին մեր մտաւորական, հոգեւոր, հասարակական շրջանակի այնպիսի մարդիկ, որոնք կուրծք պատռելով իշխանութեան քաղաքականութիւնն են գովերգում։ Ես կարծում եմ այդ հարցի պատասխանը շատ յստակ է։

Ես Ծիծեռնակաբերդում իմ ելոյթի հետ էլ չեմ կապում դա, ես չեմ կարծում, որ այնտեղ ինչ-որ առանձնայատուկ շեշտադրումներ եմ արել։ Ես արել եմ այն, ինչին հաւատում եմ, արել եմ դա դրանից առաջ, դրանից յետոյ եւ անելու եմ նաեւ սրանից յետոյ։

Իսկ ես շատ օրինաչափ եմ համարում. իշխանութիւնները պէտք է թիրախաւորեն բոլոր այն անձանց, որոնք չեն կիսում իրենց քաղաքական գիծը եւ որոնք քննադատում են իրենց, հիմա իւրաքանչիւրին թիրախաւորելու առանձին ձեւ են գտել, ինձ էլ այս է վիճակւել։ Դա էլ մեր խաչն է դարձել, մենք մեր խաչը պիտի տանենք»,- նշել է Արշակ արքեպիստոպոսը:

 

Վեհափառը մենակ չի մնացել

«Իհարկէ, Վեհափառը մենակ չի մնացել: Դուք տեսաք, որ ընդամէնը 10 եպիսկոպոսներ են յայտարարութիւն արել, իսկ Վեհափառի շուրջ համախմբւած հոգեւորականութեան պատկերը տեսանելի դարձնելու համար, անպայման չէ, որ այդ բոլոր եկեղեցականները այդպիսի յայտարարութիւն անեն։

Եկեղեցին համախմբւած է, եկեղեցականները համախմբւած են Վեհափառի շուրջ, եւ աւելին ասեմ, եթէ անգամ ստեղծւի իրավիճակ, որ Վեհափառը մնայ միայնակ, ոչ մի եկեղեցական աջակցութիւն չտրամադրի, միեւնոյն է, որեւէ մէկը որեւէ ձեւով չի կարող համարել, որ Վեհափառը պաշտօնաթող է եւ Վեհափառը հրաժարւել է գահից այնքան ժամանակ, քանի դեռ ինքը շարունակելու է պաշտօնավարել:

Բայց ես նորից եմ ասում, Վեհափառին աջակցողների բանակը մեծ է, Վեհափառի շուրջ համախմբւած են բոլոր այն եկեղեցականները, որոնք ուխտը պահում են, որոնք հաւատարմութիւնը պահում են»,- յստակեցրել է Սրբազանը:

 

Հայ ժողովրդի արժանապատւութեան կորուստը շարունակւելու է, քանի չենք հրաժարւել այս իշխանութիւնից

«Այն, ինչ կատարւում է եկեղեցու դէմ, պրոցեսը ամբողջապէս հակաիրաւական է, հակաիրաւական պրոցեսը իրաւական լուծում չի կարող ունենալ։

Սա ուղղակի ակնյայտ քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով պայմանաւորւած գործողութիւնների շարք է, եւ դրան իրաւունքով հակադրւելը կարող է որոշակի ինչ-որ արդիւնքներ ունենայ, բայց ամբողջապէս չի փարատելու մեր մտահոգութիւնները։ Որեւէ ձեւով արդարացւած չէ քաղաքական կամ արտաքին որեւէ ուժի միջամտութիւնը Եկեղեցու կեանքից ներս։

Մեր Եկեղեցին այսպիսի հալածանքներ, արշաւներ տեսել է, լուծումը դիմանալն է, դիմադրելն է եւ համբերատարութեամբ զինւելն է, եւ օգտագործել խելամտօրէն այն գործիքակազմերը, որոնք որ կան։ Իհարկէ նաեւ դա հաւատաւոր ժողովրդի, հանրութեան աջակցութեամբ եւ ակտիւ ներգրաււածութեամբ։ Ես պատրաստի դեղատոմսեր չունեմ։

Սա գլոբալ խնդիր է, միայն եկեղեցու դէմ իրականացւող արշաւի խնդիր չէ։ Պատերազմից յետոյ Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնների համար ի՞նչ լուծումներ ենք տեսնում, ի՞նչ այլընտրանքներ ունենք, մենք պիտի նաեւ այս հարցերին պատասխանել, եթէ մենք այս հարցերին պատասխաններ չենք գտել, լոկալ եկեղեցու դէմ իրականացւող յարձակումների դէմ պատասխանները կը դժւարանանք գտնել։

Լուծումը մէկն է, քանի դեռ այս իշխանութիւնները շարունակում են պաշտօնավարել, մեր երկրում պիտի շարունակի ներքին պառակտումը, անհամերաշխութիւնը, արտաքին սպառնալիքների աճը եւ Հայաստանի ու հայ ժողովրդի արժանապատւութեան կորուստը։ Լուծումը այս իշխանութիւններից, իրենց օրակարգից հրաժարումն է՝ օրինական, սահմանադրական, ոչ բռնի ճանապարհներով»,- ընդգծել է Արշակ Սրբազանը:

 

Քանի Կաթողիկոսը Գարեգին Բ-ն է, քանի ես կամ, կառավարելի, ձեռնասուն եկեղեցական չի լինելու

«Ամբողջ խնդիրն այն է, որ երկրի այսօրւայ ղեկավարը ցանկութիւն ունի ունենալ կառավարելի, ձեռնասուն եկեղեցականներ, որոնք այսպէս կը սպասարկեն իր հետաքրքրութիւնները, իր շահերը եւ որեւէ ձեւ՝ անձնական կամ հաւաքական մօտեցումներով չեն հակադրւի իր քաղաքականութեանը։

Իսկ այդ քաղաքականութեանը չհակադրւել հնարաւոր չէ, հնարաւոր չէ համաձայնել այն քաղաքականութեանը, որը այսօր իրականացւում է, որը բազմաթիւ վտանգներ եւ ռիսկեր է պարունակում, որը հետեւողականօրէն կոչ է անում, քարոզում է պատմական յիշողութիւնից հրաժարւում հարեւանների բարեացկամութիւնը շահելու համար, իրենց կողմից կարւած զգեստներին յարմարւելու մարդահաճոյ մօտեցում։

Մենք յարմարւենք մեր թշնամիների սպասումներին, որպէսզի նրանք դադարեն լինել մեզ համար թշնամիներ։ Սա ուղղակի անհեռանկարային, անհեռատես քաղաքականութիւն է։ Սեփական իշխանութիւնը երկարաձգելու դատապարտելի փորձ:

Ցանկութիւն կայ ունենալ կառավարելի ձեռնասուն եկեղեցականներ, որոնք պէտք է սպասարկեն հոգեւոր ոլորտում իր հետաքրքրութիւնները եւ իր շահերը։

Քանի ես այս ասպարէզում կամ, քանի դեռ կաթողիկոսը Գարեգին երկրորդն է, այդպիսի մօտեցում չի լինելու»,- իր խօսքը եզրափակել է Մայր Աթոռի դիւանապետը:

Related Articles

Back to top button