Եղիշէ Չարենցի դիակի դատաբժշկական փորձաքննութիւնը, պահպանւած փաստաթղթերն ու փաստերը

Զ. Շուշեցի
1937 թւականին Եղիշէ Չարենցի ձերբակալութիւնն ու մահը ներկայացնում են խորհրդային Հայաստանի մշակութային եւ քաղաքական պատմութեան այն հանգուցային երեւոյթները, որոնք միաժամանակ բնորոշում են ստալինեան մեծ բռնաճնշումների մեխանիզմները եւ դրանց հետեւանքներն ազգային մտաւորականութեան վրայ։
Գրողի ձերբակալութեան եւ հետագայ հարցաքննութիւնների գործընթացն ամբողջապէս տեղաւորւում է այն ժամանակաշրջանի իրաւաքաղաքական գործելաոճի մէջ: Այն նպատակ ունէր չէզոքացնել եւ ոչնչացնել հասարակական ազդեցութիւն ունեցող մշակութային գործիչներին։
Չարենցի բանտարկութեան պայմանները, նրա առողջական վիճակի վատթարացումը եւ մահւան վերաբերեալ տւեալների բազմաբնոյթ, յաճախ հակասական տեսակէտները շարունակում են թեման պահել ուսումնասիրողների ուշադրութեան կենտրոնում:
Պաշտօնական փաստաթղթերը, ականատեսների յիշողութիւնները եւ հետագայում բացւած արխիւային նիւթերը ցուցադրում են՝ ինչպէս դիտաւորեալ բժշկական անբավարար միջամտութիւնը, այնպէս էլ՝ քննչական գործընթացներում կիրառւած ֆիզիկական ու հոգեբանական ճնշումները, որոնք էականօրէն ազդեցին գրողի կեանքի վրայ։
1937 թւականի յուլիսի 27-ին ձերբակալում են Եղիշէ Չարենցին եւ բանտարկում: Չարենցի առողջական վիճակն աւելի է վատթարանում բանտարկութեան շրջանում: Պահպանւել է Երեւանի բանտի բժիշկ Օկոեւի տեղեկանքը, որը թւագրւած է 1937 թւականի նոյեմբերի 17-ով: Այս եւ Չարենցի բանտում անցկացրած հետագայ, ինչպէս նաեւ մահւանից յետոյ դատաբժշկական փորձաքննութիւնների մասին գրել է գրականագէտ Դաւիթ Գասպարեանը:
«Չարենցը հիւանդ է սուր էնտերոկոլիտով: Հիւանդը գտնւում է բանտի հիւանդանոցում: Նոյեմբերի 16-ին նայել եմ նրան: Զարկերակը՝ 120… Նշանակւած է դեղորայքային բուժում… Չարենցին անհրաժեշտ է դիետիկ սնունդ… սպիտակ հաց կամ բուլկի, մածուն, շաքար եւ կոնեակ՝ թէյի գդալով… (թերթ 153)»: (Գասպարեան Դ., «Փակ դռների գաղտնիքը. Չարենցը, Բակունցը եւ միւսները», Երեւան, 1994 թ., էջ 35):

Վերոնշեալ տեղեկանքը փաստում է, որ Չարենցն այդ օրերին գտւում էր առողջական շատ ծանր վիճակում, իսկ նրա վիճակն օր-օրի աւելի է վատթարանում:
1937 թւականի նոյեմբերի 27-ի առաւօտեան Երեւանի բանտի հիւանդանոցում մահանում է Եղիշէ Չարենցը:
Հէնց յաջորդ օրն իրականացւում է Չարենցի մարմնի դատաբժշկական փորձաքննութիւն, որի մասին կան պահպանւած փաստաթղթեր եւ արձանագրութիւններ:
«1937 թ. նոյեմբերի 28-ին կազմւում է «Մահացածի բժշկական ակտը» (թերթ 155-157): Դատական բժիշկ Կրիժիւինսկին եւ բժիշկ Ա. Յովսէփեանը Երեւանի բանտի պետ Միքայէլեանի, նրա տեղակալ Սինանեանի, ՆԳԺԿ բուժ. մասի բժիշկ Մելիք-Փաշաեւի, բանտի բժիշկներ Տէրտէրեանի ու Շահինջանեանի մասնակցութեամբ հերձում են Չարենցի դին եւ արձանագրում.
Մահացածը տառապում էր խորացման բարձր աստիճանի հասնող մորֆինիզմով եւ աղեստամոքսային ուղու խիստ քայքայմամբ: Քննութեան ժամանակ պարզւեց.
Տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած: Ձախ նախաբազկի ներքին մակերեսին կայ դաջւածք. «1927 թ., յունւար ամիս, Ա. Չ.» գրութեամբ: Երկու ազդրերին՝ սրսկման հետքեր… Սիրտը՝ դիակի բռունցքի չափով:
Այսպիսի այլ մանրամասների արձանագրումից յետոյ տրւած է հետեւեալ եզրակացութիւնը.
Սողոմոնեանի (Չարենցի) դիակի հերձման տւեալների հիման վրայ մենք եկանք եզրակացութեան, որ նա տառապում էր խրոնիկական պլեւրիտով, լեարդի էխինակոկով, ձախ երիկամային շրջանի թարախային բորբոքումով եւ մորֆինիզմի հետեւանքով առաջացած օրգանիզմի ընդհանուր թուլութեամբ, ինչպէս նաեւ էնտերոկոլիտի ձեւով փորոտիքի խրոնիկական բորբոքումով, որոնք բոլորը միասին հասցրել են օրգանիզմի ընդհանուր հիւծման, դրան աւելացել է նաեւ թոքերի կատարային բորբոքումը, ինչը եւ դարձել է մահւան մերձակայ պատճառ: Ստորագրել են Կրիժիւինսկին եւ Յովսէփեանը:
1937 թ. դեկտեմբերի 8-ին Երեւանի բանտի պետ, պետանվտանգութեան լէյտենանտ Միքայէլեանը «Յոյժ գաղտնի» գրիֆով ՀԽՍՀ ՆԳԺԿ պետանվտանգութեան վարչութեան 4-րդ բաժնի պետ, աւագ լէյտենանտ Կոնդակովին ի գիտութեան կարգով ուղարկում է այս բժշկական եզրակացութիւնը (Թերթ 154)»: (Նոյն տեղում, էջ 36-37):
Այսօր՝ գրողի մահից տասնամեակներ անց, նրա գործը եւ նրա կեանքի վերջին սարսափելի ամիսները շարունակում են դիտարկւել որպէս ազգային յիշողութեան կարեւոր օղակ, որը պարտադրում է նորից ու նորից վերաիմաստաւորել ազգային դիմագիծ ունեցող ստեղծագործողի տեղը ոչ միայն գրական, այլեւ պետական ու հասարակական կեանքում: Չարենցի կեանքը մեր օրերում առաջացնում է հարցադրումներ. ինչպէ՞ս են քաղաքական ռեժիմները ձեւաւորում մշակութային քաղաքականութիւնը, ինչպէ՞ս կարող է գաղափարական բռնութիւնը վերափոխել կամ ոչնչացնել ազգային ինքնութիւնը կրողներին, եւ ինչպէ՞ս է գրողի ձեւաւորած արժէհամակարգը դիմակայում ժամանակի փորձութիւններին՝ անգամ նրա ֆիզիկական բնաջնջումից յետոյ։
Չարենցի մահը դարձաւ ոչ միայն անձնական ողբերգութիւն, այլեւ ցոյց տւեց, որ բռնապետութիւնը կարող է ժամանակաւորապէս լռեցնել անհատներին, բայց չի կարող վերացնել ստեղծագործական ազգային մտածողութեան ուժը։



