Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Ամառանոցս ու ես»
ՅԱՐՈՒԹԻՒՆ ԱՒԵՏԻՍԵԱՆ
Եթէ ֆէյսբուքեան որեւէ օգտատէր իր գրառման մէջ նշի, որ «Նիկոլ Փաշինեանն ադրբեջանցի է», նրան անմիջապէս կը ձերբակալեն, բոլոր իրաւապահ կառոյցները քրէական գործեր կը յարուցեն ու կը ներկայացնեն՝ որպէս ծանրագոյն յանցագործ, որքան էլ նա յայտարարել է, թէ չի վիրաւորւում իրեն «թուրք անւանողներից»։
Նոյնը տեղի կունենայ նաեւ, եթէ որեւէ քաղաքացի յայտարարի, որ իր պապերն ապրել են Պռօշեան փողոցի ձորափնեայ հատւածում եւ այդ հողերի 90 տոկոսն իրեն է պատկանում ու հիմա այնտեղ բնակւող Նիկոլ Փաշինեանը պէտք է պատասխանի՝ ե՞րբ է պատրաստւում իրեն տարածքներ յատկացնել կառավարական ամառանոցներում։
Այս եւ նմանատիպ այլ դէպքերում արձագանգման մեխանիզմը գործում է այն պատճառով, որ յայտարարութիւնների հասցէատէրն իշխանութեան առաջին դէմքն է, ով, երբ խօսքը վերաբերում է անձնական հարցերին, ունի արժանապատւութիւն եւ պատրաստ է պաշտպանել ունեցւածքը, երբ խօսքը վերաբերում է սեփական բարեկեցութեանը։ Բայց երբ գրեթէ նոյնաբովանդակ յայտարարութիւններ են հնչում Հայաստանի հասցէին, նոյն Նիկոլ Փաշինեանն ու նրա իշխանութիւնն իրենց պահում են այն ձկան պէս, որի հետ կառավարութիւնը յարաբերութիւններ հաստատեց ընդամէնը մի քանի ամիս առաջ։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն արդէն որերորդ անգամ Հայաստանն անւանում է «Արեւմտեան Ադրբեջան», յայտարարում է, որ 300 հազար ադրբեջանցիներ պէտք է վերադառնան Հայաստան՝ մարզեր եւ մայրաքաղաք Երեւան, որի բնակավայրերի 90 տոկոսն ադրբեջանական պատկանելութիւն ունի։ Բոլոր այս յայտարարութիւններին՝ Հայաստանից՝ որպէս պետութիւն, իշխանութիւնների կողմից որեւէ արձագանգ չի հնչում։ Այսինքն՝ Հայաստանի պետական կառավարման համակարգը, իրաւապահ բոլոր մարմիններն ամբողջութեամբ անտարբեր են, եթէ վիրաւորանք ու զրպարտութիւն է հասցւում պետութեանը, երբ երկիրը որակւում է ադրբեջանական, բայց նրանք գերազանցիկ աշակերտի նման պատրաստ են պաշտպանելու այդ նոյն երկրի ղեկավարին, եթէ յանկարծ նրան անւանեն ադրբեջանցի կամ փորձեն ոտնձգել նրա անձնական կոմֆորտի դէմ։
Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանը դադարել է գոյութիւն ունենալ որպէս պետական կազմաւորում՝ այդ հասկացութեան բովանդակային, գործառութային իմաստով, եւ վերածւել է համակարգի, որը ծառայում է մէկ անձի եւ նրան սպասարկող խմբակի շահերին։
Այսինքն՝ Հայաստանի պետական կառավարման համակարգի համար թիւ մէկ առաջնահերթութիւնը ոչ թէ պետութեան, այլ իշխանութեան շահերի պաշտպանութիւնն է։ Դա էլ իր հերթին՝ նշանակում է, որ իշխանութեան շահերի պաշտպանութեան, իմա՝ իշխանութեան երկարակեցութեան ապահովման նպատակով կարող են եւ, կեանքը ցոյց է տալիս, որ զոհաբերւում են պետութեան շահերը։ Եթէ աւելի պարզ՝ իրականում Նիկոլ Փաշինեանը թքած ունի, թէ ինչ է պահանջում Ալիեւը Հայաստանից, ինչպէս է անւանարկում Հայաստանը, նրա համար կարեւոր է, որ այդ պահանջները չխարխլեն իր իշխանութեան դիրքերը, աւելին՝ եթէ դրանց ամրացման համար պէտք է կատարել Ադրբեջանի պահանջները, կրկին ոչ մի խնդիր։
Այս իրավիճակը, ի թիւս այլ գործօնների, հնարաւոր է դարձել նաեւ այն պատճառով, որ հայ հասարակութեան զգալի մասը սեփական պետութեանը վերաբերւում է մօտաւորապէս այնպէս, ինչպէս Նիկոլ Փաշինեանը՝ անտարբեր է դրան ուղղւած ցանկացած ոտնձգութեան, սպառնալիքի նկատմամբ, քանի դեռ դա չի վերաբերում իր անձնական տարածքին ու անձնական շահին։
168.am