Նախաձեռնութեամբ Սպահանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի, երեքշաբթի՝ յուլիսի 23-ի երեկոյեան, Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում, հանդիսաւոր միջոցառում տեղի ունեցաւ Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան արք. Քէչէճեանի կուսակրօն ձեռնադրութեան 27-ամեակի եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետի կողմից արքութեան տիտղոսին արժանանալու առիթներով: Յիշեցնենք, որ արքութեան տիտղոսը շնորհւել է թւականիս մարտի 14-ին, Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Ազգային կենտրոնական վարչութեան կրօնական ու քաղաքական ժողովների համատեղ նիստի աւարտին:
Ծրագիրը, որը հանդիսավարում էր Արգին Աբնուսեանը, մեկնարկեց Սրբազան Հօր նախագահութեամբ ներկաների միասնական «Տէրունական աղօթք»-ով, ապա արժ. Տ. Մեսրոպ աւագ քհնյ. Գալստանեանի միջոցով ընթերցւեց աւետարանական մի հատւած, ուր Յովհաննէս աւետարանիչը գրի էր առել Տիրոջ խօսքերը՝ «Իսկական հովիւ»-ի կապակցութեամբ. Տէր Հայրը աւետարանական ընթերցումից յետոյ, իր եւ թեմի եկեղեցական դասի անունից շնորհաւորանքի խօսք ուղղեց թեմակալ Առաջնորդ Սրբազան Հօրը:
Այնուհետեւ արտայայտւեց թեմի Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանը: Մի հատւածի մէջբերում նշւած խօսքից. «Արդարեւ գերշ. Սրբազան Հայրն իր հոգեւոր ծառայութեան 27 տարիների ընթացքում, ամբողջովին նւիրւելով հայ եկեղեցուն եւ նրա առաքելութեան կատարմանը, մեծ աւանդ է ուենեցել իր ծառայած թեմերի ազգային-հոգեւոր կեանքի կազմակերպման գործում: Վերջին ութ տարիներին առիթ ենք ունեցել վայելելու Սրբազան Հօր ներկայութիւնը մեր թեմում՝ որպէս թեմակալ Առաջնորդ: Սրբազան Հայրն առաջին իսկ օրից փորձել է միաւորել թեմի համայնքների կարողութիւնները եւ լուծումներ մտածել՝ առկայ հարցերի ու դժւարութիւնների համար»:
Յաջորդիւ, Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախումբը՝ ղեկավարութեամբ Արբի Բաբումեանի, հանդէս եկաւ երգերի կատարումներով, Զարենուշ Աղուրեանն ընթերցեց Տ. Սիփան արք. Քէչէճեանի կենսագրական անցեալը, իսկ երկու երգերի մենակատարումներով ելոյթ ունեցան Ս. Ամենափրկիչ վանքի «Տաթեւ» երգչախմբի անդամներ՝ Արսինէ Մարգարեանն ու Ասպետ Մարգարեանը, որոնց դաշնամուրի նւագակցութեամբ ընկերակցեց նոյն երգչախմբի ղեկավար Համիկ Ալեքսանդրեանը:
Շարունակութեան մէջ հաղորդավարն ընթերցեց ստացւած շնորհաւորական ուղերձները՝ Իրանի Իսլ. խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Գեղարդ Մանսուրեանի, Կրօնական խորհրդի, Թեմական խորհրդի ու պատկան ենթամարմինների եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի:
Այնուհետեւ թեմի ազգային մարմինների կողմից պատրաստւած յուշանւէրը Սրբազան Հօրը յանձնւեց՝ Պատգամաւորական ժողովի ատենապետ Նոէլ Մինասեանի, Թեմական ու Կրօնական խորհուրդների ատենապետներ՝ Վարուժ Մինասեանի ու Զաւէն Սիմոնեանի եւ շրջանի Հայ Դատի յանձնախմբի ներկայացուցիչ Արբի Բաբայեանի միջոցով:
Սրբազան Հայրն իր սրտի խօսքն ասաց ներկաներին: Նա այս առաքելութեան մէջ քայլ վերցնելը Աստծոյ ողորմութիւն եւ օրհնութիւն համարելով՝ իր խօսքը շարունակեց շնորհակալական արտայայտութիւններով ուղղւած՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին, իր ծնողներին ու հարազատներին, եկեղեցական դասին, Սպահանի հայոց թեմի ազգային մարմիններին ու շրջանի Հայ Դատի յանձնախմբին եւ այն միութիւններին, կազմակերպութիւններին ու անհատներին, ովքեր անցնող 27 տարիների ընթացքում լինելով իր կողքին, աղօթել են իր համար եւ օժանդակել իրեն: Թեմակալ Առաջնորդն իր շնորհակալական խօսքերում յիշատակեց նաեւ Յակոբ եւ Ջուլի Մխսճեաններին՝ իր ձեռնադրութիւնների համար իրենց երկարամեայ դերակատարութեան սիրայօժար կատարման առթիւ, իսկ երախտիքի խօսք ասաց երեկոյի կազմակերպիչներին ու Սպահանի հայոց թեմի ժողովրդին
Տ. Սիփան արք. Քէչէճեանը Սպահանի հայոց թեմը՝ ի մասնաւորի Նոր Ջուղան, իր իւրայատուկութեամբ անծայրածիր ովկիանոսի նմանեցնելով՝ կոչ արեց համայն հայութեանը՝ սկսեալ հայրենիքից մինչեւ սփիւռքի բոլոր համայնքները, ձեռք-ձեռքի տալով, համերաշխութեամբ եւ համագործակցութեամբ, լծւեն ոչ միայն հայրենիքի, այլ նաեւ սփիւռքի բարգաւաճման եւ վերելքի աշխատանքներին:
Վերջում ներկաները մօտենալով Սրբազան Հօրն իրենց շնորհաւորանքներն ու ջերմ մաղթանքները յայտնեցին նրան:
Թղթակից (Նոր Ջուղա)