Հայաստան - ԱրցախՔաղաքական

Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի է ունեցել «Մեր ձեւով» շարժման առաջին հանրահաւաքը

Հանրահաւքին եւ դրան յաջորդած երթին մասնակցել է 30 հազար մարդ

«ԱԼԻՔ» – Երէկ՝ հոկտեմբերի 18-ին, Երեւանի Ազատութեան հրապարակում տեղի է ունեցել «Մեր ձեւով» շարժման առաջին հանրահաւաքը:

 Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ հանրահաւաքը եղել է բազմամարդ: Դրան մասնակցել է շուրջ 30 հազար մարդ:

Հանրահաւաքի ընթացքում ելոյթով հանդէս է եկել «Մեր ձեւով» շարժման համակարգող Նարեկ Կարապետեանը: «Մենք գտնւում ենք Ազատութեան հրապարակում. ինչո՞ւ ենք այսօր այստեղ կազմակերպել մեր հաւաքը: Ազատութեան հրապարակում սկիզբ են առել մեր պատմութեան շատ կարեւոր շարժումներ: Առաջին՝ այստեղ է սկսւել Ղարաբաղեան շարժումը, երկրորդը՝ այստեղ է սկսւել Հայաստանի անկախութեան շարժումը եւ երկու շարժումները մեր հայրերը հասցրել էին դէպի յաղթանակ»,- յայտարարել է նա՝ նշելով, թէ ինչպէս կարող են հասնել խաղաղ իշխանափոխութեան, ՔՊ-ին երկրորդ անգամ դարձնելով ընդդիմութիւն:

«Մենք պէտք է բոլորս պատրաստ լինենեք եւ աշխատենք, գնանք դէպի ընտրութիւններ: Մենք տեսնում ենք, որ հայ ժողովուրդն ունի հնարաւորութիւն արդար ընտրութիւններով, լաւ աշխատանքով իշխանութիւնից հեռացնել այս խմբակին: Շատերը կասեն՝ ինչպէ՞ս ենք հեռացնելու, եթէ նա ունի պետական ռեսուրսներ: Ես կարող եմ ասել՝ յաղթանակը պէտք է լինի այնպէս, որ ստիպողաբար ընտրած մարդկանց ձայները վերջնական արդիւնքի վրայ տարբերութիւն չտան, այսինքն՝ ՔՊ-ի պարտութիւնը լինի անվերապահելի»,- նշել է նա:

Կարապետեանը յորդորել է բոլոր ներկաներին խօսել շրջապատի հետ, ներկայացնել ճշմարտութիւնը հարեւաններին, բարեկամներին. «Եւս մէկ անգամ խօսենք, շփւենք, իրազեկենք: Դա է այն խաղաղ պայքարը, որ այստեղ գտնւող իւրաքանչիւր մարդ կարող է անել: Այս հրապարակում է իշխանափոխութեան ոգին նետւած, այս հրապարակն է որոշելու իշխանափոխութիւն կը լինի՞, թէ՞ ոչ»:

Հանրահաւաքից յետոյ մասնակիցները երթով հասել են Ազգային անվտանգութեան ծառայութեան շէնքի մօտ:

Այստեղ եւս կազմակերպիչները ելոյթ են ունեցել: Մասնաւորապէս փաստաբան Արամ Վարդեւանեանը յայտարարել է, որ «Մեր ձեւով» շարժման՝ կուսակցութիւն դառնալու պահից Սամուէլ Կարապետեանը պատրաստ է ստանձնել կուսակցութեան նախագահի պաշտօնը:

Related Articles

Back to top button