Ստեփան Դանիէլեան. «ՀԱՊԿ-ի պահով հետաքրքիր զարգացումներ են գնում»
Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը, արձագանգելով ՀԱՊԿ–ին Հայաստանի անդամութեան շուրջ հնչած յայտարարութիւններին ու դրանց յաջորդած պատասխաններին, «Ֆէյսբուք»-եան իր էջում գրում է.
«Սկզբից ՀԱՊԿ-ի անդամ երկրները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ ռազմական համագործակցութեան ծրագրեր են սկսում, զօրախաղեր են անցկացնում, թուրքական մասնակցութեամբ ռազմական գործարաններ են կառուցում, թուրքական պետութիւնների կոնֆեդերցիա են սկսում ձեւաւորել: ՀԱՊԿ-ին չանդամակցող Ադրբեջանը այդ երկրների միջոցով ազդում է ՀԱՊԿ-ի ներքին որոշումների վրայ, իսկ 2025 թւականին Թուրքիան եւ Ադրբեջանն, ըստ էութեան, արդէն պաշտօնապէս միաւորւած ռազմական ուժեր են ունենալու:
Այս նախադէպից յետոյ ՀԱՊԿ-ի անդամ Հայաստանը նմանատիպ յարաբերութիւններ է ստեղծում ՆԱՏՕ-ի անդամ Ֆրանսիայի հետ:
Միւս կողմից ՆԱՏՕ-ի անդամ երկրներում կան տարբեր մօտեցումներ ռուս-ուկրաինական պատերազմի հանդէպ, մասնաւորապէս Հունգարիան խոչընդոտում է Ուկրաինային տրամադրւող օգնութիւններին, այդ ճանապարհով է շարժւում Սլովակիան, իսկ ապագայ ընտրութիւններից յետոյ ամրապնդւող աջերի ապագայ պահւածքը դժւար է կանխատեսել: Անհասկանալի է նաեւ, թէ ԱՄՆ-ն իրեն ինչպէս կը պահի նախագահական ընտրութիւններից յետոյ:
Եզրակացութիւնը մէկն է, ՀԱՊԿ, ՆԱՏՕ, ԵԱՀԿ եւ նմանատիպ կազմակերպութիւններն արդէն անցեալի մնացուկներ են եւ հին գինին նոր տակառների մէջ լցնել չի ստացվում»։