ԻրանՄիջազգայինՔաղաքական

Քննարկւել են Թեհրան-Նիւ Դելիի յարաբերութիւնների հեռանկարներն ու տարծաշրջանային հիմնախնդիրները

Արաղչին հանդիպել է Ջայշնկարի հետ

«ԱԼԻՔ» – Օմանի մայրաքաղաք Մուսկատում, Հնդկական ովկիանոսի երկրների 8-րդ համաժողովի շրջանակում, ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանեամ Ջայշնկարի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւնների եւ միջազգային ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող կարեւոր թեմաներ:

Յիշեցնելով բարիդրացիական յարաբերութիւնների կառուցման գործում Իրանի Իսլամական Հանրապետութեան մօտեցումները՝ Արաղչին ընդգծել է մեր երկրի յատուկ ջանքերը՝ ամրապնդելու համակողմանի յարաբերութիւնները տարածաշրջանի երկրների, յատկապէս Պարսից ծոցի եւ Հնդկական ովկիանոսի հարեւանների հետ:

Նա նշել է, որ պաշտօնական Թեհրանն ամուր յարաբերութիւններ ունի իր հարեւանների հետ, եւ փորձում է առաւել ամրապնդել դրանք:

ԱԳ նախարարը մատնանշելով համատեղ ջանքերը՝ ընդհանուր շահերի հիման վրայ երկու մեծ երկրների՝ Իրանի եւ Հնդկաստանի միջեւ յարաբերութիւնների համակողմանի զարգացման եւ ընդլայնման ուղղութեամբ, անդրադարձել է Իրան-Հնդկաստան 19-րդ քաղաքական խորհրդակցութիւնների անցկացմանը Նիւ Դելիում, եւ ընդգծել է երկու երկրների միջեւ սերտ խորհրդակցութիւնների շարունակման անհրաժեշտութիւնը:

Հնդկաստանի ԱԳ նախարարն էլ իր հերթին շնորհակալութիւն յայտնելով Հնդկական ովկիանոսի երկրների 8-րդ համաժողովին Իրանի ակտիւ մասնակցութեան կապակցութեամբ՝ յոյս է յայտնել, որ համաժողովը կը նպաստի   այս տարածաշրջանի երկրների միջեւ յարաբերութիւնների ու գործընկերութեան ամրապնդմանը, յատկապէս՝ Նիւ Դելիի եւ Թեհրանի յարաբերութիւններում։

Աւելի ուշ, Արաղչին հնդկական WION հեռուստաալիքնի տւած հարցազրոյցում անդրադարձել է երկու երկրների յարաբերութիւններին՝ յատուկ կարեւորելով Չաբահար նաւահանգստի հետ կապւած խնդիրը. «Չաբահար նաւահանգստի զարգացման եւ համատեղ շահագործման հետ կապւած մենք 10 տարւայ պայմանագիր ունենք Հնդկաստանի հետ։ Մենք գիտենք, որ որոշ հարցեր բարձրացրել է երրորդ կողմը, գիտենք, որ հնդկական կողմը խորհրդակցում է ԱՄՆ-ի հետ այս հարցի շուրջ, ուստի հարցի մասին որոշում կայացնելը թողնում ենք մեր գործընկերներին:

Չաբահար նաւահանգիստը շատ կարեւոր հանգոյց է, որը կապում է Հնդկաստանը Իրանին, Կենտրոնական Ասիային եւ այլ տարածաշրջաններին եւ երկու երկրների համար էլ ռազմավարական նշանակութիւն ունի։ Երկուստեք հաստատակամութիւն կայ համագործակցելու յատկապէս Չաբահարի միջոցով, ուստի պէտք է տեսնենք, թէ ինչպէս ենք վերաբերւում այդ խնդիրներին»,- ասել է Արաղչին:

Related Articles

Back to top button