«ԱԼԻՔ» – Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին երէկ՝ դեկտեմբերի 11-ին հանդիպել է ժողովրդի տարբեր խաւերի հազարաւոր ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սիրիայում տեղի ունեցող իրադարձութիւններին, ներկայացրել է այդ իրադարձութիւնների ծալքերը, բացատրել է Իրանի ներկայութեան տրամաբանութիւնն այդ երկրում՝ ուրւագծելով ապագայ զարգացումների ընթացքը:
Այաթ. Խամենէին անդրադառնալով սիրիական իրադարձութիւններում այդ երկրի հարեւան երկրներից մէկի (Թուրքիա-ԽՄԲ.) ակնյատ միջամտութեանը, նշել է, որ այդուհանդերձ ակնյայտ է, որ դրանք ամերիկեան եւ սիոնիստական համատեղ ծրագրերի արդիւնք են:
«Չնայած դրան, կան բազմաթիւ ապացոյցներ, որոնք ցոյց են տալիս, որ դաւադիրները եւ գլխաւոր հեղինակները Ամերիկան եւ Սիոնիստական ռեժիմն են:
«Հարիւրաւոր թիրախներ ռմբահարելուց բացի, սիոնիստները բռնազաւթել են սիրիական տարածքները եւ իրենց տանկերը մօտեցրել են Դամասկոսին, իսկ Ամերիկան, որը մեծ զգայունութիւն է ցուցաբերում այլ երկրներում սահմանային շատ աւելի փոքր միջադէպերի դէպքում, ոչ միայն չբողոքեց, այլեւ օգնեց։ Արդեօ՞ք այս փաստերը չեն վկայում նրանց միջամտութեան մասին Սիրիայի իրադարձութիւններում»,- յայտարարել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:
Նշելով, որ հիւսիսից ու հարաւից սիրիական տարածքներն օկուպացնել ցանկացող զաւթիչների նպատակները տարբեր են, այաթ. Խամենէին ասել է. «Ինչ-որ մէկը ցանկանում է զաւթել տարածք հիւսիսում, ինչ-որ մէկը՝ Սիրիայի հարաւում։ ԱՄՆ-ը ձգտում է ամրացնել դիրքերը տարածաշրջանում, բայց դուք կը տեսնէք, որ նրանց նպատակներից ոչ մէկը չի իրականանայ եւ անկասկած զաւթւած տարածքները կազատագրւեն սիրիացի երիտասարդների կողմից»:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը ուրւագծելով տարածաշրջանային զարգացումների ապագայ ընթացքը, վստահեցրել է, որ ԱՄՆ-ն դուրս կը վռնդւի տարածաշրջանից Դիմադրութեան ճակատի ուժերի կողմից:
«Մեծապետական ուժերի գործակալներին թւում է, թէ Դիմադրութեան ճակատը թուլացել է Սիրիայի կառավարութեան տապալումից յետոյ, որը Դիմադրութեան կողմնակիցն էր, նրանք, սակայն, չարաչար սխալւում են, որովհետեւ ճիշտ պատկերացում չունեն դիմադրութիւն երեւոյթի եւ Դիմադրութեան ճակատի մասին»,- ասել է նա՝ նշելով, որ դիմադրութիւնը ոչ թէ գործիք է, որին հնարաւոր է շարքից հանել, այլ՝ հաւտք է եւ մտածողութիւն, եւ այդ իսկ պատճառով ճնշումներին զուգահեռ աւելի է հզօրանում, իսկ ժողովրդի եւ նրա տարրերի մոտիւացիան աւելի բուռն է դառնում՝ տեսնելով թշնամու չարամտութիւնն ու նենգութիւնը:
Խօսելով Սիրիայում Իրանի ներկայութեան պատճառների մասին, այաթ. Խամենէին նշել է, որ դա պայմանաւրւած էր ԴԱԷՇ ահաբեկչական խմբաւորման ներկայութեամբ, որը փորձում էր ապակայունացնել Սիրիան եւ Իրաքը, որից յետոյ ներթափանցել Իրան՝ ապակայունացնելով երկիրն ու սերմանելով անապահովութիւն:
Անդրադառնալով Սիրիայում ստեղծւած իրավիճակին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը դա պայմանաւորել է սիրիական բանակի թուլութեամբ եւ բարոյալքմամբ:
Այաթ. Խամենէին երկրի պատասխանատուներին եւ ժողովրդին կոչ է արել անհրաժեշտ հետեւութիւններ անել Սիրիայում տեղի ունեցածից. «Առաջնային հետեւութիւնը, դա թշնամուն չանտեսելն է: Սիրիայում թշնամին արագ գործեց, բայց պէտք է դա կանխատեսէին ու կանխէին, քանի որ մեր հետախուզութիւնը մի քանի ամիս առաջ նախազգուշական զեկոյցներ էր ուղարկել Սիրիայի իշխանութիւններին։
Չի կարելի անտեսել թշնամուն եւ թերագնահատել նրան կամ վստահել նրա ժպիտին, որովհետեւ նա երբեմն խօսում է ժպիտով եւ հաճելի տոնով, բայց դաշոյնը թաքցրած մէջքի յետեւում՝ սպասում է հարւածի առիթի»:
Իսլ. յեղափոխութեան առաջնորդը վստահեցրել է, որ իրավիճակն այսպէս չի մնայ եւ սիրիացի պատւախնդիր երիտասարդները բեկում կը մտցնեն իրավիճակում ու կազատագրեն իրենց բռնազաւթւած հայրենիքի տարածքները: