ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ եւ լիազօր դեսպան. Իրանը պատրաստ է մեծացնել Հայաստանին գազի մատակարարումները

Իրանի եւ Հայաստանի միջեւ էներգետիկ համագործակցութեան ընդլայնման, մասնաւորապէս գազի մատակարարման եւ էլեկտրականութեան փոխանակման ծաւալների մեծացման հնարաւորութիւնների մասին խօսել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին Հայաստանի հանրային ռադիոյին տւած հարցազրոյցում:
Դեսպանի խօսքով երկու երկրների միջեւ «գազ՝ էլեկտրականութեան դիմաց» համաձայնագրի շրջանակում համագործակցութիւնն արդէն ընթացքի մէջ է։ Երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ուշացումներն այժմ փորձում են յաղթահարել նախագիծն արագացնելու նպատակով։
Դեսպանը նշել է, որ ծրագրի ամբողջական իրականացումը հնարաւորութիւն կը տայ Իրանին Հայաստանից աւելի մեծ ծաւալով էլեկտրականութիւն ստանալու, իսկ հայկական կողմին իրանական գազի աւելի մեծ պաշարներ ներմուծել։
Շիրղոլամին նաեւ ընդգծել է, որ նոյնիսկ էներգետիկ ոլորտում փոքր փոփոխութիւնները կարող են էականօրէն մեծացնել երկու երկրների առեւտրաշրջանառութիւնը, նպաստելով մինչեւ 3 միլիարդ դոլարի նպատակային ցուցանիշի իրականացմանը։
Տարածաշրջանային հաղորդակցութիւնների եւ TRIPP նախագծի շուրջ ընթացող զարգացումների պայմաններում Իրանի հետ էներգետիկ համագործակցութեան խորացումը կարող է կարեւոր նշանակութիւն ունենալ Հայաստանի համար, ապահովելով այլընտրանքային տնտեսական ու էներգետիկ հնարաւորութիւններ եւ նւազեցնելով մէկ ուղղութիւնից կախւածութեան վտանգը։



