Միջազգային իրաւունքի փորձագէտի վերլուծականը. Ցեղասպանութիւնների անպատժելիութեան բումերանգը եւ Ջունգլիների օրէնքներով շարժւող ԱՄՆ-ի իրաւական անկումը

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն ի պաշտպանութիւն Իսրայէլի ռեժիմի կապւած Միջազգային քրէական դատարանի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հրամանի, ճիշտ այն ժամանակ, երբ Բենիամին Նեթանիահուն Վաշինգտոնում էր, եւս մէկ անգամ մերկացրեց ԱՄՆ-ի հակադրութիւնը միջազգային իրաւական համակարգի հետ։
Միջազգային իրաւունքի դասախօս Ահմադ Քազեմին նոյն կապակցութեամբ javanonline-ին յայտնել է, որ 2024 թւականի նոյեմբերին Միջազգային քրէական դատարանը կալանքի վճիռ է արձակել Բենիամին Նեթանիահուի եւ Իսրայէլի նախկին ՊՆ Գալանտի դէմ՝ Գազայի հատւածում ռազմական յանցագործութիւնների եւ մարդկութեան դէմ յանցագործութեան մեղադրանքով։ Իրանի մարդու իրաւունքների կենտոնի գիտաշխատողի կարծիքով Միջազգային քրէական դատարանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու Թրամփի որոշումը քաղաքական ակտ է եւ այն կարելի է վերլուծել հինգ տարբեր տեսանկիւններից:
Առաջին. Սա երկրորդ անգամն է, երբ Միացեալ Նահանգները սպառնում եւ պատժամիջոցներ է սահմանում Միջազգային քրէական դատարանի, նրա դատախազի ու դատաւորների նկատմամբ: Աֆղանստանի օկուպացիայի ժամանակ ԱՄՆ-ի ռազմական յանցագործութիւնները հետաքննելու դատարանի որոշումը դեռ թարմ է: Իրաւական, բարոյական եւ հասարակական առումներով այս հարցն արտացոլում է Ամերիկայի «իրաւական անկումը», ինչը տեղի է ունենում այդ երկրում քաղաքականութեան ինստուտների անկմանը զուգահեռ: 79 երկրների, այդ թւում՝ ԱՄՆ-ի որոշ դաշնակիցների յայտարարութիւնը, որոնք մերժել են Թրամփի որոշումը խօսում է այն մասին, որ այդ որոշումը խաթարում է միջազգային իրաւունքի գերակայութիւնը եւ բերելու է ծանր յանցագործութիւնների անպատժելիութեանը:
Երկրորդ. Միջազգային քրէական դատարանի նպատակն է հասնել միջազգային արդարութեան՝ դիմակայելով միջազգային յանցագործութիւնների անպատժելիութեան դէմ (ռազմական յանցագործութիւններ, ցեղասպանութիւն եւ մարդկութեան դէմ յանցագործութիւններ): Իսկ ԱՄՆ-ի հակազդեցութիւնը, ի լրումն այդ երկրի հեգեմոնական բնոյթի, բխում է Վաշինգտոնի մտահոգութիւններից՝ կապւած Միջազգային քրէական դատարանի ուժեղացման հետ, որը կարող է հանգեցնել բազմաթիւ քրէական գործերի ԱՄՆ պաշտօնեաների դեմ:
Երրորդ. Թէեւ Թրամփի գործադիր հրամանի արձակումը տեղի է ունեցել Նեթանիահուի ԱՄՆ կատարած այցի ընթացքում, սակայն Սիոնիստական ռեժիմի հետագայ միջազգային մեկուսացումը շարունակում է մտահոգել ամերիկացիներին: Երկու տասնամեակ առաջ Միջազգային քրէական դատարանի գործն ընդդէմ Իսրայէլի ռեժիմի նախկին վարչապետ Արիէլ Շարոնի՝ Սաբրա եւ Շաթիլայի ճամբարներում պաղեստինցիների դէմ ցեղասպան գործողութիւնների համար, դրական ազդեցութիւն ունեցաւ Իսրայէլի ռեժիմի առաջնորդների յանցաւոր կերպարն արտացոլելու վրայ:
Այս տեսանկիւնից Թրամփի արարքը տողատակերում սպառնալիքով ուղերձ է եւ նախազգուշացում միւս պետութիւններին ուղղւած՝ չընդունելու Միջազգային քրէական դատարանի որոշումն ու նրա հետ համագործակցութիւնը:
Չորրորդ՝ ԱՄՆ-ին անհանգստացնում է Միջազգային քրէական դատարանում Սիոնիստական ռեժիմի միջազգային յանցագործութիւնների գործի վարոյթը: Պատճառը Միացեալ Նահանգների կողմից Իսրայէլին տրամադրւած բոլոր տեսակի ժամանակակից սպառազինութիւնն է, որոնց մեծ մասն արգելւած են Ժնեւի չորս կոնւենցիաներով ու ՀԱԱԳԱ-ի պատերազմի համար սահմանւած կարգով:
Հինգերորդ. Ի յաւելումն Միջազգային քրէական դատարանի՝ Սիոնիստական ռեժիմի ղեկավարներին ձերբակալելու անյապաղ վճռի, Հարաւային Աֆրիկայի կողմից բողոքարկւած գործը Սիոնիստական ռեժիմի դէմ դեռեւս բաց է Արդարադատութեան միջազգային դատարանում (ICJ): Հարաւաֆրիկեան Հանրապետութեան հայցն ընդդէմ Իսրայէլի ռեժիմի ներկայացւել է ՄԱԿ-ի կողմից ընդունւած 1948 թւականի ցեղասպանութեան կոնւենցիայի հիման վրայ եւ կենտրոնացած է Գազայում ցեղասպանութեան յանցագործութեան վրայ, իսկ որոշ երկրների վրայ եւս տարածւելով գործը դատարանում շօշափւել է գործողութիւններին մասնակից լինելու նրանց վարկածը նաեւ:
Արդարադատութեան միջազգային դատարանի կողմից այս գործով Սիոնիստական ռեժիմի դէմ երեք միջանկեալ հրամանների արձակումը, այլ իրաւական ապացոյցների ու փաստարկների հետ մէկտեղ, վկայում են այն մասին, որ ապագայում Արդարադատութեան միջազգային դատարանի ամենածանր վճիռներից մէկը ցեղասպանութեան յանցագործութեան ոլորտում կարձակւի Թել Աւիւի ռեժիմի դէմ։ Հետեւաբար, ԱՄՆ կառավարութեան կողմից Միջազգային քրէական դատարանը բոյկոտելու պատճառներից մէկը, Արդարադատութեան միջազգային դատարանի եւ նրա 15 դատաւորների վրայ ճնշում բանեցնելն է: