Իրանը տանո՞ւլ է տալու միջանցքների պատերազմում
«Ֆարազ»-ի զրոյցը՝ միջազգային հարցերով վերլուծաբան Շոայբ Բահմանի հետ՝ Հարեւան 4 երկրների համատեղ նախագծի մասին
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Պատմութեան ընթացքում Իրանի իւրայատուկ աշխարհագրական դիրքն աշխարհաքաղաքական առումներով համարւել է երկրի համար կարեւոր առաւելութիւն։ Բայց, կարծես թէ վերջին տարիներին այս իրավիճակը ոչ միայն որպէս առիթ չի օգտագործւել, այլեւ՝ տարբեր մակարդակներում անտեսելով Իրանի աշխարհաքաղաքական առաւելութիւնը, վերածւել է սպառնալիքի երկրի համար։
Մինչդեռ փորձագէտները բազմիցս զգուշացրել են, որ աշխարհաքաղաքական հնարաւորութիւնների առումով չպէտք է թոյլ տալ, որ Իրանը կորցնի այս բացառիկ դիրքային առաւելութիւնը՝ դուրս մղւելով տարածաշրջանային հաւասարումներից։
«Ֆարազ» լրատւական վերլուծական կայքն այս կապակցութեամբ նշել է. «Անհրաժեշտ է յիշեցնել, որ մայիսի սկզբին յայտարարւեց, որ տարածաշրջանում Թուրքիան, Իրաքը, ԱՄԷ-ն եւ Կատարը պայմանաւորւել են իրականացնել Մերձաւոր Արեւելքը Եւրոպային կապող տարանցիկ երթուղին։ Տարածաշրջանում այս երկրների պայմանաւորւածութիւնը այլ բան չէ, քան Իրանի աշխարհաքաղաքական դիրքի անտեսում: Իսկ այս համաձայնագրի իրականացումով տարածաշրջանի երկրները կը կարողանան Իրանը բացառել իրենց տարանցիկ նախագծերից։
«Զարգացման ճանապարհ»-ն ունի երկու երկաթուղային եւ ճանապարհային երթուղի, որոնք անցնում են Թուրքիայի եւ Իրաքի տարածքով։ Թուրքիայի իշխանութիւնները յայտարարել են, որ այս նախագծի իրագործմամբ ապրանքների տեղափոխման համար ծախսւող ժամանակը կը կրճատւի 25 օրով։ Այս երթուղին կարող է փոխարինել Սուէզի ջրանցքի եւ Կարմիր ծովի ներկայիս երթուղուն: Հաշւարկների համաձայն՝ նախագծի շինարարական աշխատանքներն ամբողջութեամբ կաւարտւեն՝ 2050 թւականին, իսկ դրա առաջին փուլը շահագործամնը պատրաստ կը լինի արդէն 2028 թւականին»։
Նոյն կապակցութեամբ քաղաքագէտ դոկտ. Շոայբ Բահմանը «Ֆարազ»-ին տւած հարցազրոյցում յիշեցնելով, որ նախկինում Իրանը ճանաչւած էր, որպէս Մետաքսի ճանապարհի առանցքային երկիրը, քանի որ գտնւում էր երթուղու կենտրոնում, յաւելել է. «Բայց մենք յիշում ենք, որ 2013-ին Չինաստանը նախագահը, այնուհետեւ նաեւ չինացի այլ պաշտօնեաներ յայտարարեցին մի նախագծի մասին, այն կոչելով «Նոր Մետաքսի ճանապարհ», իսկ 2017-ին այս նախագծի մեկնարկը տրւեց Չինաստանում՝ շուրջ 30 երկրների ղեկավարների ներկայութեամբ։ Այս սուպեր նախագիծը պարունակում էր հաղորդակցութեան ցանցեր եւ տարանցիկ ուղիներ, նաւթագազային խողովակաշարեր, նաւահանգիստներ, օդանաւակայաններ, երկաթուղային գծեր եւ էներգետիկ ենթակառոյգներ։ Նոր Մետաքսի ճանապարհը յայտնի դարձաւ որպէս «Շրջանցող ճանապարհների նախաձեռնութիւն», որը ներառում է աշխարհի բնակչութեան 65%-ը, համաշխարհային ՀՆԱ-ի (որոշակի ժամանակահատւածում երկրում արտադրւած պատրաստի ապրանքների եւ ծառայութիւնների շուկայական արժէքը) 40%-ը եւ 71 երկիր, Սակայն առանց Իրանի ներկայութեան: Ցաւօք սրտի, մեր երկիրը շրջանցւեց»։
Տարանցիկ միջանցքների վերաիմաստաւորումը
Միջազգային յարաբերութիւնների հետազօտող Շոայբ Բահմանը «Ֆարազ»-ին յայտնել է նաեւ այն մասին, որ միջանցքային հարցերի եւ տարանցման ռազմավարական նախագծերում մեծ բացթողումներ են տեղի ունեցել եւ այդ զարգացումների ֆոնին Իրանը չունենալով յստակ ծրագիր դուրս է մղւել ընդհանուր նախագծից: «Իսկ միւս կողմից, հարեւաններն օգտւելով այդ առիթից ակտիւացնում են իրենց աշխարհաքաղաքական հնարաւորութիւնները։ Սրանով թուլանալու է Իրանի աշխարհաքաղաքական դիրքն ու արժէքը: Անհրաժեշտ է վերանայել Իրանի տարանցիկ միջանցքների եւ յատկապէս տնտեսական միջանցքների ոլորտում մօտեցումները, եւ այդ գործողութիւնը պէտք է լրջօրէն ներառւի արտաքին քաղաքականութեանն առնչւող կառոյցների օրակարգում»,- յաւելել է վերլուծաբանը։
Իրանի դէմ ԱՄՆ-ի ռազմավարական ծրագրերը
Անդրադառնալով Իրան-ԱՄՆ առճակատմանը, վերլուծաբանը յիշեցրել է, որ 1990-ականներից ամերիկացիները Իրանի նկատմամբ ռազմավարական մակրօ-նախագծեր են մշակում: Նա յաւելել է, որ Իրան-Իրաք պատերազմից յետոյ, ինչպէս նաեւ Խորհրդային Միութեան փլուզումով ամերիկացիները խոշոր գործողութիւնների ու ծրագրերի իրականացմանն անցան Իրանի դէմ: Նպատակը՝ Իրանին տարանցիկ ճանապարհներից եւ էներգառեսուրսների հոսքագծերից ու նախագծերից զրկելն ու հեռացնելն էր: ԱՄՆ-ի հետ որոշ երկրների սերտ յարաբերութիւնները նրանց մղեց դառնալ նման դաւադիր ծրագրերի իրականացնողը տարածաշրջանում: «Որպէս օրինակ, այն ծրագրերը, որոնք Թուրքիան իրականացնում է տարածաշրջանում, այն նախագծենր են, որոնք իրականացւում են Իրանին շրջանցելու համար նաեւ։ Մինչդեռ Իրանի մասնակցութիւնը բոլոր նախագծերին կարող է կրճատել երթուղին, ապահովել երթուղիների բարձր անվտանգութիւն եւ այդ երթուղիները դարձնել աւելի մատչելի։ Սակայն ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները մի կողմից, եւ Իրանում խնդրի մասին ճիշտ պատկերի բացակայութիւնը միւս կողմից բերեց նրան, որ յայտնւենք միայն ականատեսի դերում»։
նա յաւելել է. «Իրանը ցանկութիւն չունի խափանել իր հարեւանների առեւտրային ուղիները, եւ «Զարգացման ճանապարհ» ծրագիրը կիրականացւի, երբ այն հասնի եզրափակիչ փուլ։ Դա պայմանաւորւած է նրանով, որ այն տարանցիկ եւ կոմերցիոն ճանապարհ է, եւ ոչ մի երկիր չի կարող խափանել այն: Իրանը նոյնպէս նման քաղաքականութիւն չի վարում։ Հիմնական խնդիրը այս նախագծում համագործակցող երկրների կարողութիւններն են։ ԱՄԷ-ի եւ Կատարի նաւահանգիստները չեն կարող համեմատւել Իրանի նաւահանգստային ենթակառուցւածքների հետ: Սակայն, ցաւօք, վերջին տարիներին մեր ուշադրութեան կենտրոնում չեն եղել այդ ենթակառուցւածքների զարգացումը, ինչպէս նաեւ՝ երկաթուղային եւ աւտոմոբիլային ճանապարհների զարգացումը»։
Նա վերջում յստակեցրել է. «Իրանը պէտք է դադարի զուտ հանդիսատեսի դիրքերից հետեւելու միջանցքային պատերազմներին եւ տարածաշրջանում հաղորդակցութեան ուղիներում այլեւս դիտորդի դերում չմնայ»: