Սա դատավարութիւն չէ, սա Ալիեւի խամաճիկային բեմադրութիւնն է. Օքամփօն՝ Արցախի նախկին ղեկավարների դատավարութեան մասին

«ԱԼԻՔ» – Յունւարի 17-ին Բաքւում սկսել է աւելի քան մէկ տարի Բաքւում պահւող Արցախի նախկին նախագահ Արայիկ Յարութիւնեանի եւ նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանի դատավարութիւնը: News.am-ը այս թեմայով հարցազրոյց է անցկացրել Միջազգային քրէական դատարանի նախկին գլխաոր դատախազ Լուիս Մորէնօ Օքամփոյի հետ:
Պարոն Օքամփօ, Բաքւում սկսւելու է հայ ռազմագերիների, այդ թւում՝ Արցախի ղեկավարների կեղծ դատավարութիւնը, Ադրբեջանը բազմաթիւ կեղծ մեղադրանքներ է առաջադրել նրանց դէմ՝ սպառնալով երկարաժամկէտ ազատազրկմամբ, իսկ Ռուբէն Վարդանեանին ընդհուպ ցմահ ազատազրկում է սպառնում։ Ո՞րն է Ալիեւի նպատակը։
Սա կատարւած յանցագործութիւնների կոծկում է։ Ալիեւը ցեղասպանութիւն կամ առնւազն մարդկութեան դէմ յանցանք կատարեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ՝ նախ սովի մատնելով նրանց, յետոյ վախի մէջ պահելով եւ ստիպելով լքել իրենց պապենական հողը, իսկ հիմա աւարտում է Լեռնային Ղարաբաղի ղեկավարներին բանտարկելով։ Դա նման է նրան, ինչ տեղի ունեցաւ 1915 թւականին։ Դա այն է, ինչ Ստալինը 30-ականներին անում էր Ռուսաստանում։ Խորհրդային Միութիւնում Ստալինը կեղծ դատավարութիւններն օգտագործում էր իր յանցագործութիւնները կոծկելու համար, նա սպանում էր իր թշնամիներին։ Ալիեւը դա սովորել է, նրա հայրը, ինչպէս գիտէք, վերապատրաստւած է եղել ԿԳԲ-ում, ուստի նա նոյն մարտավարութիւնն է օգտագործում՝ օգտագործելով որոշ դատավարութիւններ՝ ցեղասպանութիւնը կոծկելու համար:
Պրն. Օքամփօ, Ռուբէն Վարդանեանի փաստաբանական թիմը յայտնել է, որ գործի նիւթերը, որոնք աւելի քան 400 հատոր են կազմում, գրւած են ադրբեջաներէն՝ առանց պատշաճ թարգմանութեան, իսկ միջազգային փաստաբանին թոյլ չեն տւել մուտք գործել Բաքու: Չնայած բոլոր այս խախտումներին, դատավարութիւնը կը սկսւի վաղը (յունւարի 17-ին-ԽՄԲ.)։ Ի՞նչ գործողութիւններ պէտք է ձեռնարկւեն այս գործի վերաբերեալ գլոբալ իրազեկւածութիւնը բարձրացնելու եւ լսումներին միջազգային մասնագիտական ներկայացուցչութիւն ապահովելու համար: Ի՞նչ պէտք է արւի բանտարկեալների ազատ արձակման համար։
Սա դատավարութիւն չէ։ Ադրբեջանում դատավարութիւններ չկան. Ադրբեջանում չկայ անկախ դատական համակարգ կամ անկախ դատաւորներ. դա ասում են բոլոր կառոյցները, այդ թւում՝ Պետդեպարտամենտը։ Այսպիսով, նրանք կը դատապարտւեն։ Սա դատավարութիւն չէ, սա Ալիեւի խամաճիկային բեմադրութիւնն է:
Այսպիսով, ի՞նչ պէտք է անի միջազգային հանրութիւնը Ալիեւին կանգնեցնելու համար։
Առաջին հերթին դրա համար ցեղասպանութեան ժխտումը շատ կարեւոր եւ լուրջ խնդիր է։ Նոյնիսկ հայերը չեն խօսում ցեղասպանութեան մասին։ Ինչպէ՞ս կարելի է։ Տեսէք, այն, ինչ պատահեց մարդկանց հետ Ղարաբաղում, եթէ Ալիեւը նրանց ոչնչացնելու մտադրութիւն ունէր, դա ցեղասպանութիւն է։ Եթէ ոչ, ապա հալածանք եւ մարդկութեան դէմ յանցագործութիւն։ Երկու դէպքում կատարւածը չի կարելի անտեսել, իսկ մենք դա անում ենք։ Մենք անտեսում ենք, որ այդ մարդիկ միջազգային յանցագործութիւնների զոհեր են։ Եւ հետեւաբար ժամանակն է սա մտցնել օրակարգ։ Պէտք է պահանջենք, որ մարդիկ իրենց տներ վերադառնան, իսկ բանտարկեալներն անյապաղ ազատ արձակւեն։ Բանտում գտնւող այս մարդիկ պատանդներ են։ Նրանց այնտեղ են պահում որպէս ուղերձ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին՝ մի վերադարձէք, եթէ վերադառնաք, ձեզ կը կալանաւորեն կամ կը սպանեն։ Վերջ։ Այսպիսով, մեր արձագանգը պէտք է շատ յստակ լինի։ Խօսքը դատավարութեան մասին չէ։ Խօսքը ցեղասպանութեան կամ մարդկութեան դէմ յանցագործութեան մասին մասին է, որ իրականացւել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ եւ Բաքւի բանտերում պահւող 23 անձանց նկատմամբ։
Բայց, այնուամենայնիւ, չենք կարող ասել, որ միջազգային հանրութիւնը համարժէք է արձագանգում այս պահին:
Դէ, դա խնդիր է, ոչ այն պատճառով, որ հիմնական լրատւամիջոցները, միջազգային լրատւամիջոցները սովորաբար խնդիրներ ունեն հասկանալու այս խնդիրները։ Եթէ յիշում էք, 1938-ին New York Times-ի թղթակիցը համարում էր, որ Ստալինի ցուցադրական դատավարութիւնները կեղծ չէին։ Այսպիսով, սա աւանդոյթ է։ Դրա համար կարեւոր է գոնէ Հայաստանում հասկանալ, թէ ինչ է կատարւում, եւ յետոյ դա տարածել նաեւ Հայաստանից դուրս։ Այսինքն հայ ժողովուրդն ինքը պէտք է քննարկի, հասկանայ, որ այս ցեղասպանութիւնը չի կարելի անտեսել, դուք դա ցեղասպանութիւն չէք անւանում, դա մեծ սխալ է, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը շոկի մէջ է, դուք պէտք է օգնէք նրանց հասկանալու, որ իրենց հետ կատարւածը միջազգային յանցագործութիւն է, որ իրենք իրաւունքներ ունեն, պէտք է վերադառնան, եւ նրանց ղեկավարները չպէտք է բանտում լինեն։ Այնպէս որ, գոնէ հայկական լրատւամիջոցները պէտք է խօսեն այս իրականութեան մասին։
Ի՞նչ էք կարծում, Ադրբեջանի առաջնորդ Ալիեւը այնպէս է զգում, ասես իր ձեռքերն այս պահին ազա՞տ են:
Իմ կարծիքով՝ հարցը միայն Ալիեւը չէ, այլ նաեւ այն, թէ ինչ են անում հայերը։ Իշխանութիւնը, ես հասկանում եմ, կաշկանդւած է, բանակցութիւններ է վարում, շատ բան չի կարող ասել, բայց լրատւամիջոցները Հայաստանում, սփիւռքում պէտք է լինեն աւելի յստակ, աւելի ակտիւ։ Մենք շատ բաներ արեցինք COP 29-ում։ Մեզ իսկապէս յաջողւեց մարդկանց հասցնել այն ուղերձը, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զոհ է, որ Բաքւի բանտում գտնւողները յանցագործութիւնների զոհ են։ Հիմա մենք պէտք է վերադառնանք այս կէտին եւ հնարաւորութիւն ստեղծենք միջազգային լրատւամիջոցների համար հասկանալու, որ սա դատավարութիւնը չէ։ Խօսքը կեղծ դատավարութեամբ յանցագործութիւնները կոծկելու մասին է։ Ադրբեջանում դատավարութիւններ չկայ, դատաւորները դատաւորներ չեն. Ալիեւի խամաճիկներն են։
Իսկ Լեռնային Ղարաբաղի հայերի համար, կարծում էք, վերադարձի իրական հնարաւորութիւն կարող է լինել։
Ճշմարտութիւնը առաջին քայլն է մարդկանց բուժելու եւ յետոյ նրանց վերադարձը հնարաւոր դարձնելու համար։ Այո, ճշմարտութիւնը կարեւոր է։
Շնորհակալութիւն, պարոն Օքամփօ։
Յիշեցնենք՝ Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահւում, այդ թւում՝ Ադրբեջանի կողմից Արցախի վրայ 2023-ին սեպտեմբերի 19-ի ռազմական յարձակման հետեւանքով գերեվարւած 16 անձինք։ Գերեվարւածների շարքում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասեանը, Բակօ Սահակեանը, Արայիկ Յարութիւնեանը, Ազգային ժողովի նախագահ Դաւիթ Իշխանեանը, նախկին պետնախարար Ռուբէն Վարդանեանը, Պաշտպանութեան բանակի նախկին հրամանատար Լեւոն Մնացականեանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դաւիթ Մանուկեանը եւ նախկին արտգործնախարար Դաւիթ Բաբայեանը: