ԻրանՔաղաքական

Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Կոշտ սպառնալիքներին դիմակայելու մեր պաշտպանունակութեան մակարդակը գերազանց է»

«ԱԼԻՔ» – Բահմանի 29-ի՝ թագաւորական ռեժիմի դէմ Թաւրիզի ժողովրդի ապստամբութեան տարելիցի առիթով, երէկ՝ փետրւարի 17-ին Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին հանդիպել է Թաւրիզի հազարաւոր քաղաքացիների հետ:

Իր ելոյթի ընթացքում Իսլ. յեղափոխութեան առաջնորդն անդրադառնալով Իրանի դէմ առկայ սպառնալիքներին եւ մարտահրաւէրներին՝ կոշտ սպառնալիքներին դիմակայելու երկրի պաշտպանունակութեան մակարդակը գերազանց է համարել, եւ նշել է, որ այսօրւայ օրակարգային խնդիրը ոչ թէ թշնամու կոշտ սպառանլիքներն են, այլ՝ ծրագրային սպառնալիքները:

«Այս փաստին (կոշտ սպառնալիքներին դիմակայելու երկրի կարողութիւններին-ԽՄԲ.) ծանօթ են թէ՛ մեր բարեկամները, եւ թէ՛ մեր թշնամիները, իսկ ժողովուրդն էլ այս առումով իրեն ապահով է զգում:

Հետեւաբար, մեր խնդիրն այսօր ոչ թէ թշնամու կոշտ սպառնալիքներն են, այլ՝ ծրագրային սպառնալիքները»,- ասել է նա:

Այաթ. Խամենէին ծրագրային սպառնալիքների իմաստը համարել է հասարակական կարծիքի խեղումն ու Իսլամական յեղափոխութեան որոշումների եւ թշնամու դէմ դիմակայելու վճռակամութեան դէմ կասկածի սերմանումը. «Չարակամները եկել են այն եզրակացութեան, որ Իրանի ժողովրդին յաղթելու եւ Իսլամական Հանրապետութեանն իր հզօր դիրքերից յետ մղելու միակ ելքը դա ծրագրային սպառնալիքների կիրառումն է, որոնք մինչօրս յաջողութիւն չեն ունեցել, եւ չեն կարողացել իրենց սադրանքներով յետ պահել Իրանի ժողովրդին եւ երիտասարդութեանն իրենց ընտրած ուղուց ու կոտրել նրանց վճռակամութիւնը»:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդը Բահմանի 22-ի մեծ երթերը համարել է վառ ապացոյցն այն փաստի, որ այդ խարդաւանքներն արդիւնք չեն ունեցել՝ նշելով. «Յեղափոխութեան յաղթանակից 46 տարի անց, ժողովրդի տպաւորիչ ներկայութիւնն ասպարէզում վառ ապացոյցն է այն բանի, որ առկայ խնդիրները եւ դրանց հետ կապւած արդարացի պահանջներն անգամ չեն խանգարում, որ ժողովուրդը գայ պաշտպանելու յեղափոխութեանը»:

Այաթ. Խամենէին առկայ պայմաններում աւելի կարեւոր է համարել ծրագրային պաշտպանունակութիւնը՝ նշելով դրա պատճառը. «Կոպիտ սպառնալիքներին դիմակայելու պաշտպանունակութեան բացերը կարելի է լրացնել ծրագրային պաշտպանունակութեան միջոցով, ինչպէս դա արւել է բազմիցս, սակայն ծրագրային մարտահրաւէրներին հնարաւոր չէ դիմակայել կոշտ գործիքակազմով»:

Անդրադառնալով երկրում առկայ խնդիրներին, Իսլ. յեղափոխութեան առաջնորդը նշել է, որ մեզ դեռեւս չի յաջողւել ամբողջովին իրագործել Իսլամական յեղափոխութեան նպատակները, մասնաւորապէս արդարութեան, հասարակական խզումը վերացնելու եւ սոցիալ տնտեսական խնդիրները կարգաւորելու հարցում առկայ են որոշակի խնդիրներ, որոնց կարգաւորումը պահանջում է լրացուցիչ ջանքերի ներդրում. «Բայց յեղափոխութեանը յաջողւել է պահպանել իր անկախ ինքնութիւնը՝ որպէս հզօր եւ յուսադրող յենարան՝ տարածաշրջանի եւ նոյնիսկ տարածաշրջանից դուրս գտնւող ժողովրդների համար, եւ աշխարհի ամբողջատիրական ուժերի զայրոյթի պատճառը Իսլամական Հանրապետութեան յարատեւութիւնը, նրանց դէմ կանգնելու եւ ուժ ցուցադրելն է»:

Այաթ. Խամենէին այլ երկրների տարածքները իւրացնելու մասին ամերիկացիների յայտարարութիւնները համարել է ամբողջատիրական տէրութիւնների եւ սիոնիզմի նենգ էութեան դրսեւորումը՝ յիշեցնելով, որ նրանք չեն կարողանում հանդուրժել այն փաստը, որ Իրանի ժողովուրդն ապաւինելով սեփական ուժերի եւ ընդվզելով բռնութեան դէմ, ձեւաւորել է մի համակարգ, որն օրէցօր աւելի է հզօրացել:

«Այսօր ձեր պարտականութիւնն է պահպանել յեղափոխական ոգին, ամրապնդել առաջընթացը եւ շարժւել դէպի յեղափոխութեան նպատակները»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Նշենք, որ Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հետ հանդիպմանը ներկայ է եղել նաեւ Ատրպատական հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր արք. Չիֆթճեանը:

Related Articles

Back to top button