Օրեշկին. «Համաշխարհային տնտեսութիւնը բախւում է լուրջ մասնատման»

«ԱԼԻՔ» – Համաշխարհային տնտեսութիւնը կանգնած է մասնատման առջեւ՝ զարգացած երկրների կողմից պատժամիջոցների, ակտիւների առգրաւման եւ այլ անօրինական միջոցառումների պատճառով, յայտարարել է ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Օրեշկինը՝ Ռիա Նովոստիի փոխանցմամբ, հաղորդում է Tert.am-ը:
«Գլոբալ տնտեսութիւնը բախւում է լուրջ մասնատման։ Զարգացած տնտեսութիւնները շարունակում են կիրառել անօրինական միակողմանի միջոցներ, այդ թւում՝ պատժամիջոցներ, առեւտրային արգելքներ, տեխնոլոգիական եւ կրթական սահմանափակումներ, ինչպէս նաեւ պետական ակտիւների բռնագրաւում»,- ասել է Օրեշկինը՝ ելոյթ ունենալով G20 գագաթնաժողովում։
Յիշեցնենք, որ Հարաւային Աֆրիկայի Եոհաննեսբուրգ քաղաքում մեկնարկել է «Մեծ քսանեակի» առաջնորդների գագաթնաժողովը, որը վարում է Հարաւաֆրիկեան Հանրապետութեան նախագահ Սիրիլ Ռամաֆոսան։
G20-ի գագաթնաժողովը տեղի է ունենում նոյեմբերի 22-ից 23-ը՝ «Համերաշխութիւն, հաւասարութիւն եւ կայուն զարգացում» խորագրի ներքոյ։


