
«ԱԼԻՔ» – Հինգշաբթի՝ նոյեմբերի 20-ին, Թեհրանահայ համայնքի Սասուն քաղաքամասում, մեծ թւով բնակիչների ներկայութեամբ կայացաւ Հ. Մ. «Սիփան» միութեան պարախմբի տարեկան ելոյթը։
Կարինէ Մանուչերեանի ղեկավարութեամբ «Սիփան» պարախումբը «Նորայր Էլսայեան» մարզադահլիճում ներկայացաւ իր բազմազան ու հարուստ պարային ծրագրով։ Ծրագրրի նախաձեռնութիւնը՝ Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքինն էր: Իսկ համերգի նախապատրաստական աշխատանքները «Սիփան» պարախմբի ծնողական խորհրդի ուսերին էր:
Ծրագրի մեկնարկից առաջ որպէս հաղորդավար, բեմ բարձրացան «Աւիւն» մանկապատանեկան ասմունքի խմբի սաներից՝ Գայիանէ Մելիքեանը եւ Սիոն Սինանին:
Պարային համարների մեկնարկից առաջ հանդիսատեսը ծանօթացաւ իրանահայ պարարւեստի անւանի գործիչ Կարինէ Մանուչերեանի կենսագրութեանը եւ պարարւեստում կտրած ճանապարհին:
Համերգի աւարտին կարեւորելով Հայ մշակոյթի պահպանումը եւ համայնքում մշակութային գործունէութեան զարգացումը, «Սիփան» միութեան Մշակութային բաժանմունքի անունից ելոյթ ունեցաւ Արփի Ալավերդեանը եւ շնորհաւորելով «Սիփան» պարախմբի գեղարւեստական ղեկավար եւ բեմադրիչ Կարինէ Մանուչերեանին, պարուսոյցներ Փրենի Խաչատրեանին եւ Էրինէ Աւասափեանին, ինչպէս նաեւ փորձավարներ Էլին Միրխանիին եւ Արփա Խուդաբախշեանին, յիշեցրեց մեծանուն բանաստեղծ Գէորգ Էմինի տողերը՝ «Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հիացաւ, Պարեց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացաւ… Որ պար չէ սա, այլ մի երկրի քաջ պատմութիւն, Ուր պարտութիւնն անգամ ունի հպարտութիւն…»: Նա ընդգծւած յիշեցրեց պարախմբի պատասխանատուների անունները, կարեւորելով նրանց ներդրումը կապւած երիտասարդ սերնդին բուն հայկական մշակոյթով դաստիարակման եւ կրթելու անգնահատելի աշխատանքներում:
Ապա խօսքը փոխանցւեց Հ. Մ. «Սիփան» միութեան վարչութեան նախագահ Հայկազ Շիրւանեանին, ով նոյնպէս բարձր գնահատելով պարային կատարումներին մասնակցած երիտասարդ պարուհիների եւ երեխաների ելոյթները, իրականացւածը համարեց գիտակից ծնողների անգնահատելի աշխատանքի ու ներդրման արդիւնք: «Առանց պարախմբի սաների ծնողների, անկարելի էր նման ծաւալների աշխատանք իրականացնել, յատկապէս, երբ մշակութային ոլորտում ծախսւած գումարները չեն վերադառնում որպէս նիւթեղէն արդիւնք, քանի որ ոգեղէն սնունդ է այն, յատկապէս, եթէ պարի հետ կապւած ծախսերի մասին լինի խօսքը»:
Բեմ հրաւիրւեց նաեւ Արա Շահվերդեանը՝ Իրանի Իսլամական խորհրդարանում Թեհրանի եւ Հիւսիսային իրանայութեան պատգամաւորը: Նա բարձր գնահատելով համայնքում մէկը միւսին յաջորդող մշակութային միջոցառումների փաստը, կարեւորեց Կարինէ Մանուչերեանի կատարած աշխատանքը կապած երեք կարեւոր պարախմբերի գեղարւեստական ղեկն ուղղորդելու փաստի հետ, եւ նշեց. «Բնական է, եթէ մասնագիտական կարծիք չէ յայտնածս, սակայն դատելով պարային շարժումներից եւ դրանք երաժշտութեան հետ նկատելի համադրութիւններից, ինչպէս նաեւ ժողովրդի խանդավառութիւնից, կարելի է բարձրաձայն ասել, որ համերգը ծառայել է իր նպատակին, արժանանալով հանդիսատեսի համակրանքին»:
«Սիփան» պարախմբի կանոնաւոր փորձերի եւ աշխատանքների կազմակերպման առիթով, Հայկազ Շիրւանեանի եւ Արա Շահվերդեանի ձեռամբ Կարինէ Մանուչերեանին յանձնւեց Հ. Մ. «Սիփան» միութեան Արւեստից բաժանմունքի կողմից պատրաստւած՝ մի յուշանւէր:
Նշենք, որ հանդիսատեսի շարքերում աչքի էին ընկնում ազգային մարմինների եւ միութիւնների ներկայացուցիչներ:
Լուսանկարները՝ ՀԱՏԻՍԻ















