ԻրանՄիջազգայինՔաղաքական

«Մոսկւայի յաջորդ առաքելութիւնը. Իրան-ԱՄԷ-Սաուդեան Արաբիայի հետ յարաբերութիւններում հաւասարակշռութեան հաստատում»

The New York Times-ը վերլուծել է «Իրանի եւ Ռուսաստանի ստորագրած համապարփակ ռազմավարական գործընկերութեան պայմանագիրը

«ԱԼԻՔ» – «Մոսկւայի յաջորդ առաքելութիւնը. Իրան-ԱՄԷ-Սաուդեան Արաբիայի հետ յարաբերութիւններում հաւասարակշռութեան հաստատում»-ով վերնագրւած յօդւածով The New York Times-ը վերլուծել է Իրանի Իսլամական Հանրապետութեան եւ Ռուսաստանի Դաշնութեան միջեւ Համապարփակ ռազմավարական գործընկերութեան պայմանագիրը եւ պնդել, որ թէեւ այն նոր համագործակցութեան ասպարէզ է բացում կողմերի համար, սակայն նոր քայլ չի համարել երկու երկրների յարաբերութիւններում:

Յօդւածն ամբողջութեամբ վերահրապարակել է ԻՌՆԱ-ն, որտեղ իրանական լրատւամիջոցը հետեւութիւն անելով նշում է, որ The New York Times-ի հրապարակած վերլուծութեան արդիւնքում փորձ է արւել Մոսկւային տնտեսապէս աւելի կախւած ներկայացնել Էմիրութիւններից, քան Իրանից:

Թերթը նշել է, որ թէեւ համաձայնագիրն աւելի շատ կենտրոնացել է առեւտրի, քան ռազմական հարցերի վրայ, սակայն այն երկու երկրներին աւելի կը մօտեցնի՝ Արեւմուտքին մարտահրաւէր նետելու ընդհանուր ցանկութեամբ:

Յօդւածում կարեւորւել է այն փաստը, որ պայմանագիրը՝ Ուկրաինա ներխուժումից եւ արեւմտեան երկրների հետ հակամարտութեան մէջ մտնելուց վերջինն է, եւ խօսում է  Դոնալդ Թրամփի պաշտօնավարման մեկնարկից առաջ  համաշխարհային դիրքը բարելաււելու Մոսկւայի ջանքերի մասին:

Թերթը յիշեցրել է նաեւ այն, որ Իրանն ու Ռուսաստանը գտնւում են Արեւմուտքի բազմաթիւ պատժամիջոցների տակ, ինչով էլ պայմանաւորւած է ուրբաթ օրն ստորագրւած պայմանագրի առաջին կէտերը՝ առեւտրին ու ֆինանսական հարցերին առաջնահերթութիւն տալու փաստը:

Յօդւածագիրն անդրադառնալով Մոսկւայում Իրանի դեսպանի յայտարարութեանը նշել է, որ ԻՌՆԱ-ին տւած հարցազրոյցում Քազեմ Ջալալին նշել էր, որ Իրանի համար իր անվտանգութեան ու ինքնաբաւ արտադրութեան կողքին կարեւոր է յատկապէս իր ինքնշխանութիւնը: «Մենք շահագրգռւած չենք որեւէ բլոկային դաշինքի մէջ մտնելու»,-յաւելել էր նա:

The New York Times-ը հետեւութիւն անելով եզրակացրել է, որ հրապարակւած համաձայնագրում կայ նաեւ ռազմական փոխգործակցութիւն, սակայն այնտեղ սահմանւած դրոյթներով նշւած է, որ  Իրանի կամ Ռուսաստանի դէմ յարձակման դէպքում պայմանագիրը ստորագրած երկրները յարձակւող կողմին չեն տրամադրի որեւէ ռազմական կամ այլ կարգի աջակցութիւն, ինչը կարող է նպաստել ագրեսիայի շարունակութեանը։ Թերթն արձանագրել է նաեւ այն փաստը, որ Իրանի հետ համաձայնագրում բացակայում է փոխադարձ պաշտպանութեան կէտը։

Պուտինը համաձայնագրի մասին մամլոյ ասուլիսի ժամանակ ընդգծել էր, որ Իրանի հետ համաձայնագիրը «լրացուցիչ, կարեւոր եւ լուրջ հիմք է տալիս փոխադարձ վստահութեան վրայ հիմնւած յարաբերութիւններ կառուցելու համար: «Չնայած՝ մենք երկար ժամանակ է, ինչ միջազգային ասպարէզներում համակարգում ենք մեր քայլերը»,- յաւելել է նա։

«Մերձաւոր Արեւելքում Ռուսաստանի հարցերով վերլուծաբանները, սակայն, ասում են, որ պայմանագիրը միայն պաշտօնականացնում է ստատուսքւոն մի տարածաշրջանում, որտեղ Ռուսաստանը պէտք է զգուշօրէն պահպանի բարեկամական յարաբերութիւնները տարբեր դերակատարների հետ, որոնց շահերը կարող են նաեւ միմեանց հակասել»,- կարեւորել է յօդւածագիրը:

Մերձաւոր Արեւելքի հարցերով անկախ ռուս վերլուծաբան Ռուսլան Սուլէյմանովի կարծիքով, թէեւ Ռուսաստանին անհրաժեշտ են Իրանից զէնքի մատակարարումները,  սակայն  Մոսկւան տնտեսապէս մեծ կախւածութեան մէջ է Արաբական Միացեալ Էմիրութիւններից:

Սուլէյմանովը, The New York Times-ի ասութեամբ, յաւելել է, որ Ռուսաստանի համար աւելի դժւար է դառնում հաւասարակշռութիւն պահպանել Իրանի եւ տարածաշրջանի միւս դերակատարների միջեւ: «Մոսկւան Արաբական Միացեալ Էմիրութիւնների հետ ընթացք է տալիս այնպիսի յայտարարութիւնների, որոնք կասկածի տակ են դնում Իրանի ինքնիշխանութիւնը Հորմոզի նեղուցում գտնւող երեք ռազմավարական նշանակութեամբ կղզիների նկատմամբ, ինչը ցոյց է տալիս Մոսկւայի աճող կախւածութիւնը Աբու Դաբիից»,- ընդգծել է փորձագէտը:

ԱՄՆ-ի Ռուսաստանի Դաշնութեան վերլուծական կենտրոնի փորձագէտ Նիկիտա Սմագինը New York Times-ին յայտնել է, որ բացի ԱՄԷ-ի հետ յարաբերութիւններից, Ռուսաստանը պէտք է նաեւ հաշւի առնի իր յարաբերութիւնները Սաուդեան Արաբիայի հետ, յատկապէս, երբ Թեհրանն ու Ռիադը փորձում են յարաբերութիւնները կարգաւորել: « Այս յարաբերութիւնները կարեւոր գործօն են նաւթի գնի վրայ ազդելու տեսանկիւնից նաեւ»,- նշել է փորձագէտը։

Իր վերլուծութեան որոշ հատւածներում Սմագինը պնդել է, որ Ռուսաստանն իր առաջադէմ կործանիչներն Իրան չի ուղարկել Սաուդեան Արաբիայի հակազդեցութեան պատճառով։

Թերթն անդրադառնալով ուկրայնական հակամարտութիւնից յետոյ միջազգային ասպարէզներում կորցրած դիրքն ու հեղինակութիւնը վերականգնելու Ռուսաստանի փորձերին, յիշեցրել է նաեւ յունիսին Հիւսիսային Կորէայի հետ, իսկ դեկտեմբերին Բելառուսի հետ ստորագրւած անվտանգութեան պայմանագրերի մասին,  որոնցով պաշտօնականացւեց ռուսական մարտավարական միջուկային զէնքի տեղակայումն այդ երկրներում: «Երկու պայմանագրերն էլ ներառում էին փոխադարձ պաշտպանութեան կէտ: Ռուսաստանը նաեւ գլխաւորում է Հաւաքական անվտանգութեան կազմակերպութիւնը, որում ներառւած են Բելառուսը եւ նախկին խորհրդային մի քանի այլ երկրներ, այդ թւում՝ Հայաստանը: Այն նախատեսւած է որպէս ՆԱՏՕ-ի հակակշիռ: Այս դաշինքը վերջերս վիճարկւել է, երբ Հայաստանը փաստացի յայտարարեց իր անդամակցութիւնը դադարեցնելու ցանկութեան մասին»,- որպէս Մոսկւայի դէմ աճող խնդիրների շարք, յիշեցրել է յօդւածագիրը: 

Բացի պաշտպանական խնդիրներից, Ռուսաստանն աշխատում է Իրանի եւ այլ երկրների հետ մշակել Արեւմուտքի գլխաւորած SWIFT-ին այլընտրանք, որը պէտք է միացնի աւելի քան 11,000 ֆինանսական հաստատութիւններ եւ թոյլ կը տայ հաղորդակցւել Արեւմուտքի կողմից արգելափակւած գործարքների մասին: Մոսկւան նաեւ յուսով է օգտագործել Իրանի միջով անցնող երկաթգիծը, ինչը նրան կը միացնի Պարսից ծոցի նաւահանգիստներին:

Թերթը եզրակացրել է, որ ստորագրւած համաձայնագիրը Իրանի համար կարեւոր է , յատկապէս այն առումով, որ այն  թոյլ կը տայ իր խողովակաշարերի ցանցով ռուսական գազի արտահանման դարպաս դառնալ՝ Կասպից ծովից գազ հասցնելով Պարսից ծոցի ափեր։ «Դա նշանակում է, որ Իրանը դառնում է գազի արտահանման խոշոր հանգոյց։ Ռուսաստանում Իրանի դեսպան Ջալալին իրանական լրատւամիջոցներին ասել է, որ Ռուսաստանի եւ Իրանի ղեկավարները հասկացել էին, որ երկու երկրների միջեւ հին համաձայնագիրը չի արտացոլում ներկայիս համաշխարհային եւ տարածաշրջանային կարգի իրողութիւնները»,-գրում է թերթը:

Related Articles

Back to top button