Հայաստան - ԱրցախՔաղաքական

Յաջորդ կիրակնօրեայ SMS-ները ծիծաղի տեղ չեն թողնելու

ՎԱՀԷ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
«Այլընտրանքային» նախագծեր խումբ

«Խմած էր, հեծանւից ընկել էր, SMS-ով, Skype-ով հանեց գործից, հեռախօսը վերցրել էին» եւ այլն։ Զաւեշտի աստիճանն այնքան մեծ է, որ իրօք դժւար է զսպել սարկազմը, եւ երէկւանից դաշտը ողողած, երբեմն շատ որակեալ հումորային գրառումները լրիւ հասկանալի են։ Այնուամենայնիւ, փորձենք հասկանալ, թէ ինչ է կատարւել, եկէք նայենք պրոցեսի խորքը։ Կատարւածն ուղիղ կապ ունի առաջիկայ ամիսների պրոցեսների, պետութեան ապագայի ու մեր իւրաքանչիւրի ընտանիքների հետ։ Սա պէտք է լրջացնի բոլորիս։

  1. Կիրակի երեկոյեան՝ պաշտօնանկութիւնների շարք։ Ինչ է, այս երկիրը աշխատանքային օրեր չունի՞, երկուշաբթին չէ՞ր գալու։ Սա նշանակում է, որ որոշումները կայացնում է ՄԷԿ հոգի՝ շատ նեղ խմբով ու անհասկանալի մոտիւացիաներով։ Սա նշանակում է, որ մի այլ կիրակի երեկոյեան, ասենք կարող ենք իմանալ, որ Հայաստանը դուրս է եկել ՀԱՊԿ-ից՝ դրա բոլոր հետեւանքներով, կամ Էրդողանին խնդրել ենք՝ զօրք մտցնել Հայաստան։ Կա՞յ գոնէ մէկ երաշխիք, որ դա չի լինի։ Այն ժամանակ էլի կատակնե՞ր ենք անելու։
  2. Պետութեան լիկւիդացիայի փուլերից է պետական բարձրաստիճան պաշտօնների արժեզրկումը։ Նման քայլերով Հայաստանի Հանրապետութեան բարձրագոյն պաշտօններն արժեզրկւում են մինչեւ անիմաստութիւն։ Նման քայլերով են նաեւ մեր պետութիւնից սարքում վրանային աւան։ Պէ՞տք է բացատրել, թէ վերջն ինչ է լինելու։
  3. Լինէր ուժեղ ընդդիմութիւն՝ չէր լինի ՄԷԿ հոգու կիրակնօրեայ գործունէութիւնը։ Իշխանութիւնն իրեն կաշկանդւած կը զգար։ Ինձ չեն հետաքրքրում պաշտօնանկ արւածները։ Ասում եմ՝ այն պատճառով, որ ուժեղ ընդդիմութիւնը կարեւոր զսպող գործօն է առաջիկայ կիրակնօրեայ ճակատագրական որոշումներ թոյլ չտալու համար։ Ուժեղ ընդդիմութիւնը՝ ԱԺ-ի, փողոցի, ազդեցիկ շրջանակների, հասարակութեան տարբեր շերտերի, ազդեցիկ անհատների, գործիչների՝ գոնէ մի քանի կարեւոր հարցերի շուրջ կոնսոլիդացիան է։ Արւե՞լ է մի բան՝ դրան հասնելու համար։ Ոչ, չի արւել. ամէն մէկը, փակւած իր շքախմբով, սպասում է ինչ-որ բանի։ Ինչի՞ն ենք սպասում, Արցախի ճակատագրի՞ն։ 30 տարւայ պետականութիւնը հանգեց նրան, որ կիրակի երեկոյեան կարելի է առանցքային որոշումներ կայացնել՝ զրոյացնելով պետական ինստիտուտների եւ ընթացակարգերի դերը։ Հակառակորդը սա տեսնում է եւ մշակում է կիրակնօրեայ որոշումների իր սեփական փաթեթները։ «Կիրակնօրեայ պետութիւնները» շատ խոցելի են։
  4. Շատերի մօտ բնական հարց է ծագում. ո՞ր նորմալ մարդն այսուհետ կը համաձայնի աշխատել այս իշխանութեան հետ, զբաղեցնել ազատւած պաշտօնները։ Սա կիսատ հարցադրում է, որովհետեւ այո, հէնց որպէս «կիրակնօրեայ փոխարինողներ»-ի համար վաղօրօք պատրաստւած են մարդիկ, ինչ-որ «կարեւոր բաների» ունակ, ինչ-որ բաների երդում տւած (առաջիկայում այս հարցին աւելի մանրամասն կանդրադառնամ)։
  5. Շատ կարեւոր է ֆիքսել, որ կիրակնօրեայ պաշտօնանկութիւնները չեն ազատում շատերին՝ իրենց գործունէութեան ընթացքում արած անօրինականութիւնների համար, մարդկանց ճակատագրերի եւ պետութեան հետ խաղալու համար, անկախ այն բանից, թէ ում հրամանով են դրանք արւել։

Related Articles

Back to top button