Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Եւրոպայի խորհուրդը Բաքւին կոչ է արել ատելութիւն չսերմանել հայերի հանդէպ եւ ապահովել նրանց վերադարձը Ղարաբաղ

«ԱԼԻՔ» – «Խօսքի, հաւաքների եւ միաւորումների ազատութեան սահմանափակումներն Ադրբեջանում սահմանափակում են ազգային փոքրամասնութիւններին պատկանող անձանց՝ իրենց իրաւունքներից արդիւնաւէտօրէն օգտւելու հնարաւորութիւնները։ Անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակի կարգաւորման անյապաղ միջոցներ ղարաբաղեան հակամարտութիւնից յետոյ»։

Այսպիսին են Եւրոպայի խորհրդի Շրջանակային կոնւենցիայի վերաբերեալ Խորհրդակցական կոմիտէի նոր կարծիքի որոշ հիմնական եզրահանգումները։ Հաղորդում է News.am-ը:

«Խորհրդակցական կոմիտէն առաջին անգամ գնահատում է իրավիճակը Ղարաբաղում։ Լաչինի միջանցքի տասնամսեայ շրջափակումից, 2023 թ. սեպտեմբերին ադրբեջանական իշխանութիւնների ռազմական գործողութիւնից եւ միջանցքի հանկարծակի բացումից յետոյ տարածաշրջանից հեռացել է աւելի քան 100000 հայ։

Որպէս անյապաղ գործողութիւնների խորհուրդ Խորհրդակցական կոմիտէն յամառօրէն կոչ է անում իշխանութիւններին ստեղծել քաղաքական, իրաւական եւ գործնական պայմաններ, որոնք անհրաժեշտ են Ղարաբաղից տեղահանւած հայերի անվտանգ եւ անխոչընդոտ վերադարձի համար, ինչպէս նաեւ ստեղծել յատուկ մեխանիզմ գոյքային հարցերի լուծման համար։ Իշխանութիւններին նաեւ յամառօրէն կոչ է արւում իրականացնել գոյքագրում, պաշտպանել եւ պահպանել բոլոր հայկական կրօնական եւ մշակութային օբիեկտները եւ հետաքննել վանդալիզմի, պատմական ու մշակութային յուշարձանների եւ հայկական գերեզմանոցների աւերումների եւ փոփոխութիւնների մասին յայտարարութիւնները։

Խորհրդակցական կոմիտէն յամառօրէն կոչ է անում Ադրբեջանի իշխանութիւններին ձեռնպահ մնալ անհանդուրժողութեան եւ էթնիկ ատելութեան տարածման ցանկացած դրսեւորումից հայերի հանդէպ եւ վճռականօրէն դատապարտել դրանք»,- նշւել է յայտարարութիւնում։

Related Articles

Back to top button