ԻրանՄիջազգայինՔաղաքական

Բաքուն հիմա էլ փորձում է Նոռուզը սեփականացնել

Ալիեւական մամուլի վերջին յայտնագործութիւնը. «Նոռուզը պէտք է անւանել իր պատմական անունով՝ «Ենգի Գոն»»

«ԱԼԻՔ» – Պատմութիւնը կեղծելու պանթուրքիստական յատկութիւնը եւ բնազդի պէս արտայայտւած բնաւորութեան այդ գիծն այս անգամ եւս Բաքւին ծիծաղելի վիճակում է թողել: Իրենց շումերական քաղաքակրթութեան կրողն ու արեան ժառանգ համարելու փորձերի կողքին այժմ Ալիեւների ընտանիքին պատկանող «Ախար»-ի լրահոսում է յայտնւել Թոհիդ Մալեքզադէի գրչին պատկանող «Ենգի գոնեա Նոռուզ» խորագրով յօդւածը: Թուրքերի տօնը- գրում է «Ախար»-ը – այսօր բազմաթիւ տօներ են տօնւում տարածաշրջանի եւ Ասիայի թուրքերի ու այլ էթնիկ խմբերի շրջանում: «Իսկ փաստերը խօսում են այն մասին, որ Նոռուզի օրերի հիմնական տօնն ու գաղափարը, ոչ-աւել, ոչ-պակաս ունի թուրքական նախապատմութիւն»:

Նոյն կապակցութեամբ պատասխան գրառում է հրապարակել դոկտ. Էհսան Մովահեդեանն իր սոցիալական ցանցերի բոլոր ալիքներում, որտեղ նա աւելորդ համարելով շումերականի եւ թուրքական էութիւնների նոյնականացման փորձերի մասին խօսելը, նշել է, որ յօդւածագիրը զարմացած է յատկապէս այն բանից, որ հէնց իր ասութեամբ՝ այսօր, որոշ էթնիկ խմբեր թուրքերի բայրամը համարում են իրենց նոր տարւայ ընդօրինակում հէնց այդ անւանումի՝ Նոռուզի պատճառով: Ապա յաւելում. «Ցաւօք, նախապաշարմունքների բացակայութեան պատճառով մեր ազգային տօնը կոչւել է ոչ թուրքական»։

«Ախար»-ի յօդւածագիրը մոռանալով երկու տող վերում նշած մոգոնումները անցել է իր երկրորդ վարկածին՝ Նոռուզը անւանելով «Ենգի Գոն» այն կապ տալով չգիտես որտեղից բերած պատմական թագաւորութեան հետ: «Ադրբեջանական նոր տարին կապւած է առասպելական թագաւորութեան անւան հետ, որի համաձայն, երբ թագաւորը ժամանում է Ադրբեջան, նա բազմում է գահի արեւելեան կողմում, իսկ հէնց՝ ծագած արեւի լոյսի առաջին շողն ընկնում է թագի ծայրին, մարդիկ պահն ու օրը անւանում են «Ենգի Գոն» կամ ձեր իմացած Նոռուզը»։

Մովահեդեանը յաւելել է, որ յօդւածագիրը կարծես արբեցած իր առասպելաբանութիւնից բոլորովին անկապ ու անտրամաբանական կամուրջներ է փնտրում թուրքերի եւ ազտեկների ու ինկայական քաղաքակրթութեան միջեւ: Սակայն ընդհանուր խօսքը մնում է նոյնը՝ «ժամանակակից թուրքերէնը եւ հին շումերական լեզուն նոյն արմատից են»:

Եւ այսպիսով յօդւածագիրը միանգամից անցնում է առաջ եւ հին թուրքերի լեգենդներ կոչելով շումերական պատմութիւնները գրչի մէկ հարւածով նոյնականացնում է Նոռուզն ու «Արքէ Նեհ Քուն»-ը: Վերջնիս համաձայն դա նոյն օրն է, երբ թուրքերը կարողացել են ճեղքել երկաթէ պարիսպը՝ հրկիզելով երկաթէ լեռը եւ մտնել իրենց նոր դարաշրջան։

Կովկասի հարցերով աւագ փորձագէտ Էհսան Մովահեդեանը բազմիցս է անդրադարձել Բաքւի կողմից տարածաշրջանում հայկական եւ իրանական պատմամշակութային եւ հոգեւոր արժէքների իւրացման փաստերին: Նոյնն է կատարւում նաեւ Արցախում, երբ խօսք է գնում հայկական պատմամշակութային կոթողների, կամ էթնիկ խմբերի ծագումնաբանութիւնների շուրջ:

Փորձագէտը յաւելել է, որ թուրքիզմի երեւակայական գաղափարներն ու մտաւոր հիւսւածքները պատմական հարցերի գծով իրական գոյն ու երանգ են ստանում համապատասխան անգրագէտ ու ամբոխային տրամաբանութիւն արթնացնող գրառումներով միայն: «Այդ մասշտաբի անկապութիւնների ու ֆէյք պատմութիւնների միջեւ անտրամաբանական կապեր հաստատելու արդիւնք են դրանք։ Թուրքիզմի գրքերն ու «ստեղծագործութիւնները» կազմելն ու հրատարակումը դժւար գործ չէ»,- գրում է փորձագէտը եւ պարզաբանում, որ այն չունի ԲՈՒՀ մտնելու նպատակ, փոխարէնը եկել է թիրախաւորելու ոչ-գրագէտ խաւը: «Փաստաթղթերի ու տեղեկանքների կարիք չունի այն: Նրանց պէտք է սերունդ, ով եթէ մտածել է սկսում, ապա միայն նման կերպ: Այդ իսկ պատճառով թուրքիզմը քարոզելու համար գրաւոր եւ հեռուստատեսային բովանդակութեան արտադրութիւնը շարունակում է թունաւորել երիտասարդ սերնդի մտքերը»,- եզրակացրել է նա։

Related Articles

Back to top button