Հայաստան - Արցախ

Արմէն Աշոտեան. «Անհերքելի է, որ 2018 թ. եւ 2021 թ. Փաշինեանը վարչապետ դարձաւ գէոպոլիտիկ կոնսենսուսի շնորհիւ, այդ թւում՝ Ռուսաստանի համաձայնութեամբ»

ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկեալ Արմէն Աշոտեանն ամենշաբաթեայ հարցուպատասխանի ֆորմատով շարունակում է պատասխանել քաղաքացիներին յուզող հարցերին:

Հարց 5 – Նարինէ Սահակեան

Նորից բացայայտ ատելութեան խօսք է սկսւել ՌԴի դէմ. ինչի՞ կը բերի այս քաղաքականութիւնը, մենք մինչեւ ե՞րբ ենք ունենալու մահեր եւ կորուստներ։

Արմէն Աշոտեան – Պէտք է յստակ արձանագրել, որ երբ քննադատում ենք քաղաքականութիւնը, որ վարում է Նիկոլը, դա անում ենք բացառապէս հայկական շահերից ելնելով, եւ ոչ թէ ներկայացնելով Կրեմլի շահերը։

Անգամ եւրոպացիներն են բարձրաձայնում, որ Ռուսաստանի փոխարէն՝ Հարաւային Կովկասում նախընտրում են Թուրքիային։ Այո՛, ռուսներն իդէալական դաշնակիցներ չեն (եթէ այդպիսիք առհասարակ լինում են), ռուսական քաղաքականութիւնը Հարաւային Կովկասում, մեղմ ասած, անհասկանալի էր դեռեւս 2018 թ.-ի թաւշեայ իշխանազաւթումից սկսած։

Որքան էլ ոմանց հիմա դուր չի գալիս այս դառը ճշմարտութիւնը, բայց անհերքելի է, որ 2018 թ.-ին եւ 2021 թ.-ին Փաշինեանը վարչապետ դարձաւ գէոպոլիտիկ կոնսենսուսի շնորհիւ, այդ թւում՝ Ռուսաստանի համաձայնութեամբ։ Պարզ էր, որ նա ինչ-որ մէկին գցելու է իր գէոպոլիտիկ խաղերի մէջ, եւ այլեւս անթաքոյց է, որ նա ընտրել է արեւմտեան բեւեռը։

Յիշեցնեմ, թէ ինչպէս էր Փաշինեանը 2018 թ.-ի միտինգներին ինքնամոռաց յիշատակում եւ հրճւում Մարիա Զախարովայի մեկնաբանութիւններով, ինչպէս խախտելով ՀՀ Սահմանադրութիւնը՝ Սիրիա ուղարկւեց հայկական զօրախումբ, ինչպէս էր ռուսական կենտրոնական մեդիաներով Զելենսկիին խորհուրդներ տալիս Պուտինի հետ աշխատելու հարցով, եւ այլն։

Զաւեշտ է, երբ իրենց հակառուսականութիւնը Փաշինեանը եւ իր թիմը հիմա հրամցնում են մեզ՝ որպէս «սուվերենութեան, անկախութեան համար պայքար»։ Ադրբեջանը եւ Թուրքիան կանոնաւոր կերպով ոտնահարում են մեր ինքնիշխանութիւնը, սակայն Նիկոլը յամառօրէն լուռ է այս ուղղութեամբ, աւելին, նաեւ համաձայնում է Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջներին, օրէնքով ՀՀ Սահմանադրութիւնը փոխելու հարցով։

Եւ այս ֆոնի վրայ ինքնիշխանութեան համար պայքարում թիրախ դարձնել Ռուսաստանը, իրականութեանը չհամապատասխանող բլեֆ է։ Այո՛, մենք կախւած ենք Ռուսաստանից ճիշտ այնպէս, ինչպէս Կանադան՝ ԱՄՆ-ից, Մոնղոլիան՝ Չինաստանից, Խրւաթիան՝ Գերմանիայից, էլ չասեմ բազմաթիւ երկրների յետկոլոնիալ կախւածութիւնների մասին։

Հայաստանը չունի որեւէ ռեսուրս՝ ներգրաււելու գէոպոլիտիկ պատերազմի մէջ ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ՝ ո՛չ մարդկային, ո՛չ տարածքային, ո՛չ բնական պաշարների։ Աւելին, Հայաստանը չունի նաեւ ոչ մի շահ՝ դառնալու գէոպոլիտիկ նորակոչիկ։ Դա մեր պատերազմը չէ։

Յարգանքով՝
Արմէն Աշոտեան
ՀՀԿ փոխնախագահ
«Նուբարաշէն» ՔԿՀ
09.03.24 թւական

168.am

Armein mar. 10

 

Related Articles

Back to top button