Քաղաքական

Ինչո՞ւ է Փաշինեանը դարձել Ադրբեջանի եւ Թուրքիայի սիրելին

Օրէցօր Թուրքիան եւ Ադրբեջանը սեղմում են օղակը Հայաստանի պարանոցի շուրջ՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրհնութեամբ։ Նրա ինքնահռչակ TRIPP-ը (Թրամփի ուղի՝ յանուն միջազգային խաղաղութեան եւ բարգաւաճման) դրա լաւագոյն ապացոյցն է։ Թրամփը չի հոգում ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ նրա շահերի մասին։ Նա մտածում է միայն իր անձնական շահերի մասին՝ յուսահատօրէն փնտրելով անարժան Նոբէլեան խաղաղութեան մրցանակ։ TRIPP-ը պարզապէս այլ անուն է  Թուրանի ճանապարհի համար, որը Թուրքիան եւ Ադրբեջանը կապում է Կենտրոնական Ասիայի թուրքական հանրապետութիւնների հետ՝ վաղեմի պանթուրքական երազանք, որը լուրջ սպառնալիք է Հայաստանի գոյութեան համար։

Որքան էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանը պնդի, թէ ինքը խաղաղութիւն է բերել Հայաստան՝ ինչպէս պնդում է, որ ժողովրդավարութիւն է հաստատել, իրականութիւնը մնում է այն, որ ոչ միայն խաղաղութիւն չկայ, այլեւ նոյնիսկ անարժէք «Խաղաղութեան պայմանագիրը» ստորագրւած չէ։

Մտահոգիչ է, որ Հայաստանի ղեկավարը դարձել է Ադրբեջանի եւ Թուրքիայի սիրելին։ Այս երկու երկրները՝ Եւրոպայի եւ Միացեալ Նահանգների հետ միասին, անում են ամէն ինչ, որպէսզի այս յունիսին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններից յետոյ Փաշինեանը մնայ իշխանութեան ղեկին։ Վերջին բանը, որ նրանք ցանկանում են՝ նրան փոխարինող հայ ազգայնականի գալն է, որը կը ջնջի վերջին ութ տարիների ընթացքում նրանց բոլոր ձեռքբերումները։ Ահա թէ ինչու ենք մշտապէս լսում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից եւ նրա մերձաւորներից, որ նրանք խնդիր չունեն Փաշինեանի հետ, սակայն խիստ մտահոգւած են «արմատական» Սփիւռքով։

Այս տխուր իրավիճակի վերջին ապացոյցը YouTube-ում տեղադրւած թուրքերէն 8.5 րոպէանոց տեսանիւթն է՝ «Նրանք թուրքերէն են դասաւանդում [Հայաստանի] դպրոցներում» վերնագրով։ Տեսանիւթը, որը պատրաստել է թուրք բլոգեր Էրենջան Ալգիւնը, վերջին 11 օրւայ ընթացքում դիտւել է 86,562 անգամ եւ ունի 638 մեկնաբանութիւն։

Ալգիւնը, որն ունի մօտ 200 հազար հետեւորդ, յայտարարել է. «Ինչո՞ւ է Հայաստանը բարեկամանում Թուրքիայի հետ։ Դպրոցներում թուրքերէն են դասաւանդում։ Մի՞գուցէ Հայաստանն աստիճանաբար ազատւում է Թուրքիայի նկատմամբ իր թշնամանքից։ Եկէք այս հարցին նայենք Փաշինեանի յայտարարութիւնների միջոցով։ Անցած ամռանը նա ասաց. «Մեր միակ տարբերակը Թուրքիայի հետ հաշտւելն է։ Պատերազմե՞լ Թուրքիայի նման երկրի հետ։ Նրանք չգիտեն՝ ինչի մասին են խօսում»։ Բացի այդ՝ «Թուրքիան եւ Հայաստանը միմեանց համար սպառնալիք չեն։ Մեր առաջարկած «Խաղաղութեան խաչմերուկ» նախագիծը խոչընդոտ չէ Թուրանի ճանապարհի համար։ Եթէ ջրուղի կայ, բոլորս այդ ջրից կարող ենք միասին խմել», յայտարարել է նա։ Այս յայտարարութիւններից կարճ ժամանակ անց Թրամփը միջամտեց՝ վերանւանելով յայտնի «Զանգեզուրի միջանցք»-ը Թրամփի միջանցք եւ տրամադրելով ԱՄՆ-ին 100-ամեայ վարձակալութեան իրաւունք տարածաշրջանում… Ինչպէ՞ս են Փաշինեանի խաղաղասիրական խօսքերը ազդում հասարակութեան վրայ, եւ ինչպէ՞ս է Հայաստանը առաջ տանում այս գործընթացը»։  

Իրօք, Հայաստանի կրթութեան նախարարը յայտարարել է, որ Հայաստանում շուրջ 400 աւագ դպրոց հետաքրքրութիւն է ցուցաբերել ադրբեջաներէն եւ թուրքերէն լեզուների ուսուցման նկատմամբ: Սակայն նախարարն ընդունել է, որ այս լեզուների որակեալ ուսուցիչների պակաս կայ: Յաջորդ քայլը կարող է լինել հարիւրաւոր ադրբեջանցի եւ թուրք ուսուցիչների տեղափոխումը Հայաստան, ինչը կարող է բարենպաստ միջավայր ստեղծել ապագայ լրտեսների համար: Ես աւելի քիչ կը մտահոգւէի, եթէ այս լեզուները դասաւանդւէին համալսարաններում, այլ ոչ թէ աւագ դպրոցներում:

Ալգիւնը շարունակեց. «Հայաստանի քաղաքական առանցքն սկսել է փոխւել, եւ այն ընտրել է համագործակցութեան ուղի թուրքերի հետ… Հայաստանում «թուրք», «Թուրքիա» եւ «թուրքական» բառերը դեռեւս յուզականութիւն առաջացնող բառեր են: Թուրքերէնի առկայութիւնը որպէս ընտրովի առարկայ Հայաստանում դեռեւս չի նշանակում, որ երկու հասարակութիւնները մօտենում են միմեանց: Սակայն դա նշան է, որ երկու երկրները դադարել են անտեսել միմեանց, եւ Փաշինեանի յայտարարութիւնները հաստատում են սա»:

Մեկնաբանելով TRIPP-ը, որը ադրբեջանցիները եւ թուրքերը անւանում են միջանցք, Ալգիւն նշեց. «Զանգեզուրը ոչ միայն տրանսպորտային ուղի է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, այլեւ ռազմավարական գիծ է, որը կապում է Թուրքիան եւ Կենտրոնական Ասիան: Երբ Զանգեզուրի միջանցքը բացւի, մինչ այդ անջատւած թւացող թուրքական պետութիւններն առաջին անգամ կը կապւեն անխափան ցամաքային ճանապարհով: Սա պարզապէս խորհրդանշական միաւորում չէ: Այս ճանապարհով կարող են անցկացւել բնական գազի եւ նաւթի խողովակաշարեր: Կը տեղադրւեն օպտիկամանրաթելային ինտերնետային մալուխներ: Կը ստեղծւի ուղիղ երկաթուղային հաղորդակցութիւն: Պատկերացրէք, որ մէկը դուրս է գալիս Ստամբուլից աւտոբուսով եւ ճանապարհորդում Իգդիրով, Նախիջեւանով, Զանգեզուրով, Ղարաբաղով, Գիանջայով եւ Բաքւով՝ մինչեւ Կասպից ծովի ափ: Այնտեղից նա կարող է նաւով հասնել Ղազախստան, ապա աւտոբուսով՝ Բիշքեկ, կամ գուցէ Ուրումչի [Չինաստան]…. Սա պարզապէս ճանապարհ չէ։ Սա քաղաքակրթութիւնների վերամիաւորման նման մի բան է: Այս տեսլականը կոչւում է նաեւ Թուրանի ճանապարհ, բայց քանի որ այդ եզրոյթն անհանգստացնում է որոշ [հայ] շրջանակների, դիւանագիտօրէն օգտագործւում է «միջին միջանցք» եզրոյթը: Իսկ ի՞նչ դեր է ունենալու Հայաստանն այս գործընթացում։ Իրականութիւնն այն է, որ Հայաստանը կարող է օգտւել այս միջանցքից։ Եթէ նա գործի խելամտօրէն, նրա տնտեսութիւնը կարող է վերակենդանանալ այս ճանապարհի միջոցով, քանի որ այստեղով անցնող իւրաքանչիւր բեռնատար փաստացի կանցնի Հայաստանի սահմաններով։ Կը բացւեն նոր եկամտի աղբիւրներ՝ լոգիստիկ եկամուտներ, ծառայութիւնների ոլորտի շահոյթ եւ մաքսային վճարներ, եւ նոյնիսկ հնարաւոր է ներգրաւել նոր արտասահմանեան ներդրումներ»։

Այնուամենայնիւ, Ալգիւնը խոստովանեց. «Անցեալի բեռն այնքան ծանր է, որ նրանք [հայերը] չեն կարող յաղթահարել որոշ զգացմունքներ: Այսօր Հայաստանի քաղաքական հռետորաբանութիւնը դեռեւս կենտրոնանում է ցեղասպանութեան, Ղարաբաղի կորստի եւ Թուրքիայի՝ որպէս թշնամու գաղափարի շուրջ: Բնական է, որ այս հռետորաբանութեամբ մեծացած հասարակութեան համար միասնութեան ուղուն աջակցելը հեշտ չի թւում: Տեսնենք՝ ժամանակը ինչ ցոյց կը տայ: Սպասենք եւ տեսնենք»:

Ալգիւնը եզրափակելով ընդգծեց, որ Թրամփի ճանապարհը «օգտակար կը լինի մեր երկրի [Թուրքիայի] եւ Ադրբեջանի համար։ Իմ կարծիքով, այն ոչ միայն տրանսպորտային նշանակութիւն կունենայ, այլեւ կը յանգեցնի աշխարհաքաղաքական ընդլայնման։ Սա ձեռք է բերում ռազմավարական նշանակութիւն՝ թէ՛ տնտեսական, թէ՛ ռազմական առումով։ Եւ չպէտք է մոռանալ, որ Ադրբեջանն այն վայրն է, որտեղ Թուրքիայի զինւած ուժերն ակտիւօրէն ներկայութիւն ունեն։ Եթէ այս միջանցքը բացւի, Թուրքիայի զինւած ուժերի ազդեցութիւնը արեւելքում էլ աւելի կուժեղանայ։ Հետեւաբար, Թուրքիան այս սցենարում առնացքային դեր է խաղում։ Պէտք է պարզապէս իմանալ, թէ ինչպէս ճիշտ խաղարկել մեր քարտերը»։

ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիէր»

www.TheCaliforniaCourier.com

Թարգմանութիւնը՝ ՌՈՒԶԱՆՆԱ ԱՒԱԳԵԱՆԻ

Related Articles

Back to top button