Իրաւանի. «Իրանը երբեք չի ընկրկի սպառնալիքների կամ հարկադրանքների դէմ»

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլեայի նիստում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրաւանին յայտարարել է, որ Իրանը չի ենթարկւի ո՛չ սպառնալիքների, ո՛չ էլ ճնշումների՝ ընդգծելով, որ Թեհրանի պատասխանը հիմնւած է յարգանքի, օրէնքի գերակայութեան եւ հաւասարութեան սկզբունքների վրայ։
Ինչպէս հաղորդում է «Թասնիմ»-ը՝ դեսպանի խօսքով՝ ռազմական ագրեսիան ու տնտեսական ճնշումները չեն կարող ստիպել Իրանին հրաժարւել իր օրինական իրաւունքներից։
Իրաւանին շնորհակալութիւն է յայտնել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարութեանը վերջին զեկոյցի համար, սակայն ընդգծել է, որ նման փաստաթղթերը պէտք է լինեն մասնագիտական եւ քաղաքական ազդեցութիւններից զերծ, քանի որ Գործակալութեան վստահելիութիւնը կախւած է բացառապէս դրա չէզոքութիւնից։
Դեսպանը յայտարարել է, որ միջուկային էներգիան առանցքային նշանակութիւն ունի զարգացող երկրների համար եւ հիմնւած է միջազգային պայմանագրերով ամրագրւած իրաւունքի վրայ։ Նա քննադատել է այն երկրներին, որոնք սահմանափակում են այս տեխնոլոգիաների հասանելիութիւնը, մինչդեռ աջակցում են տարածաշրջանում միջուկային զէնք ունեցող Իսրայէլին՝ խաթարելով գլոբալ չտարածման համակարգի հաւասարակշռութիւնը։
Դիւանագէտը յատուկ անդրադարձել է 2025 թւականի յունիսին իրանցի միջուկային օբիեկտների դէմ Իսրայէլի կողմից իրականացւած յարձակումներին՝ դրանք համարելով «միջազգային իրաւունքի կոպիտ խախտում»։ Նա նշել է, որ թիրախաւորւել են նաեւ գիտնականները եւ նրանց ընտանիքները՝ պատճառելով հարիւրաւոր զոհեր եւ լուրջ աւերածութիւններ, իսկ յարձակմանը յաջորդ օրերին միացել է նաեւ ԱՄՆ-ն։
Իրաւանին նշել է, որ այս գործողութիւնները չեն դատապարտւել ՄԱԳԱՏԷ-ի, Անվտանգութեան խորհրդի կամ Գործակալութեան գլխաւոր տնօրէնի կողմից՝ ինչը, նրա գնահատմամբ, խաթարում է միջազգային կառոյցների հեղինակութիւնը։ Նա յաւելել է, որ հետագայ լարւածութեան նւազեցումը առնչւում է բացառապէս իրադարձութիւններից բխած ռիսկերին, իսկ դրանց պատասխանատւութիւնն ամբողջութեամբ ագրեսորների վրայ է։
Ընդգծելով Իրանի անփոփոխ դիրքորոշումը՝ դեսպանը քննադատել է ԱՄՆ-ին եւ եւրոպական երկրներին՝ մեղադրելով նրանց Իրանի խաղաղ միջուկային գործունէութիւնը աղաւաղելու եւ դիւանագիտական ջանքերին վնաս հասցնելու մէջ։ Նա յիշեցրել է, որ ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձեւի սահմանափակումներն արդէն ուժը կորցրել են, եւ դրանց վերակենդանացման ցանկացած փորձ «օրինական հիմք չունի»։
Եզրափակելով՝ Իրաւանին յայտարարել է, որ Իրանը կը մնայ հաւատարիմ միջազգային պարտաւորութիւններին, սակայն ոչ մի սպառնալիք կամ ճնշում չի ստեղծի մի իրավիճակ, որի արդիւնքում Թեհրանը հրաժարւի իր խաղաղ եւ օրինական իրաւունքներից։



