Արեւմուտքի քաղաքականացւած նախաձեռնութիւնները ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների նիստի նախօրէին
Իրան. «Բանաձեւի ընդունումը մեծ սխալ կը լինի»

«ԱԼԻՔ» – Վիեննայում տեղակայւած միջազգային կազմակերպութիւնների մօտ Իրանի մշտական ներկայացուցչութիւնը զգուշացրել է Արեւմուտքի շարունակական քաղաքական նախաձեռնութիւնների մասին Ատոմային էներգիայի միջազգային գործակալութեան Կառավարիչների խորհրդի առաջիկայ նիստում եւ յայտարարել, որ հակաիրանական բանաձեւի ընդունումը հերթական լուրջ սխալն է լինելու յետկանչի մեխանիզմի ակտիւացումից յետոյ:
Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ ներկայացուցչութիւնը ուրբաթ երեկոյեան՝ X-ի հարթակում տարածած հաղորդագրութիւնում նշել է, որ ԱՄՆ-ն եւ երեք եւրոպական երկրները պատրաստւում են յաջորդ շաբաթ կայանալիք Կառավարիչների խորհրդի նիստում ներկայացնել Իրանի դէմ ուղղւած բանաձեւ։
«Այս քայլը՝ իբրեւ յաջորդ մեծ սխալը յետկանչի մեխանիզմից յետոյ, ակնյայտ եւ կանխամտածւած փորձ է քաղաքականացնելու Կառավարիչների խորհրդի գործունէութիւնը»,- ասւած է հաղորդագրութիւնում:
Նշենք, որ Կառավարիչների խորհրդի հերթական նիստը կը գումարւի առաջիկայ չորեքշաբթի՝ նոյեմբերի 19-ին, Վիեննայում։
Աւելի վաղ Al Mayadeen հեռուստաընկերութիւնը հաղորդել էր, որ երեք եւրոպական երկրները մտադիր են ներկայացնել բանաձեւի նախագիծ, որը հիմնւած է Իրանի միջուկային գործունէութեան շուրջ մտահոգութիւնների վրայ եւ պահանջում է նոր սահմանափակումներ, ինչպէս նաեւ՝ հարստացւած ուրանի պաշարների վերաբերեալ շարունակական հաշւետւութիւն։
Նախագիծը ձեւակերպւել է ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօրէն Ռաֆայէլ Գրոսսիի վերջին զեկոյցի հիման վրայ, որտեղ ընդգծւում է Գործակալութեան «անմիջական եւ յստակ» հասանելիութեան անհրաժեշտութիւնը՝ Իրանի յայտարարւած միջուկային նիւթերի վերաբերեալ տւեալներին։
Նախագծում նշւում է, որ Իրանը՝ սեպտեմբեր 2025-ին վերստին ուժի մէջ մտած միջազգային որոշումների համաձայն, պարտաւոր է դադարեցնել հարստացման ու վերամշակման հետ կապւած բոլոր աշխատանքները՝ ներառեալ հետազօտութիւններն ու ծանր ջրի նախագծերը։
Միեւնոյն ժամանակ պահանջւում է, որ Թեհրանը լիարժէք համագործակցութիւնը՝ տրամադրելով ամբողջական տւեալներ հարստացւած ուրանի պաշարների եւ վերահսկման ներքոյ գտնւող միջուկային կենտրոնների մասին։
Յատկանշական է, որ բանաձեւը ներկայացւում է այն պայմաններում, երբ 2231 բանաձեւի գործողութեան աւարտից յետոյ Իրանի թեման այլեւս չպէտք է քննարկւի Կառավարիչների խորհրդում որպէս Միջուկային համաձայնագրի օրակարգային հարց։ Ըստ ՄԱԳԱՏԷ-ի քարտուղարութեան հրապարակած ծրագրի՝ այժմ Իրանի հարցերը քննարկւելու են բացառապէս NPT-ի շրջանակում։
Օրակարգում այլեւս որեւէ յիշատակում չկայ 2231 բանաձեւի կամ Միջուկային համաձայնագրի պարտաւորութիւնների մասին, ինչը վկայում է, որ այդ թեման դուրս է բերւել Կառավարիչների խորհրդի քննարկումներից։
Այնուամենայնիւ, ըստ վերլուծաբանների՝ արեւմտեան երկրները ձգտում են առաջիկայ նիստը վերածել ճնշման գործիքի։ Իրանի ներկայացուցչութիւնն ընդգծել է, որ նման դիմակայային մօտեցումները «մոլորեցնող են եւ որեւէ օգուտ չեն բերելու»։ Հաղորդագրութեան վերջում զգուշացւում է. «Եթէ հակաիրանական բանաձեւն ընդունւի, Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի միջեւ ձեւաւորւած դրական համագործակցութեան ընթացքին անխուսափելիօրէն եւ անցանկալիօրէն կտրուկ վնաս կը հասնի»։



