ԻրանՔաղաքական

Պահակազօրն իր բազմագործառոյթ նորագոյն ականներն է փորձարկել

Շարունակւում են «Մեծ մարգարէ-19» ռազմածովային զօրավարժութիւնները Պարսից ծոցում

«ԱԼԻՔ» – Ծովակալ Ալիռեզա Թանգսիրին, մեկնաբանելով 19-րդ Մեծ Մարգարէի ռազմածովային զօրավարժութիւնների առանձնայատկութիւնները, ինչը Պարսից ծոցի ջրերից բացի անց է կացւում նաեւ Բուշեհր եւ Խուզեստան նահանգներում, ընդգծել է, որ այս զօրավարժութիւնը խաղաղութեան եւ բարեկամութեան ուղերձ է հարեւան երկրների համար: «Մենք ի վիճակի ենք Պարսից ծոցի հարեւան երկրների հետ միասին ապահովել Պարսից ծոցի զգայուն տարածաշրջանի անվտանգութիւնը եւ ամուր կանգնել ցանկացած սպառնալիքի դէմ»,- ասել է ծովակալը:

Defapress-ի փոխանցմամբ` կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատարը յաւելել է, որ այս զօրավարժութիւնների եւս մէկ ուղերձն այն է, որ արտատարածաշրջանային ուժերը հասկանան, որ իրենց ներկայութիւնն այս տարածաշրջանում խանգարում է անվտանգութեան հաստատմանը, եւ նրանց չի յաջողւի ստեղծել իրենց իսկ մեկնաբանութեամբ այն անվտանգութիւնը, որը միայն ահաբեկչութեան ու անկայունութեան հետքեր է թողնում իրենից: 

Ծովակալ Թանգսիրին յիշեցրել է, որ միջազգային ջրանցքների, այդ թւում՝ նաւագնացութեան եւ տարածաշրջանի տնտեսական անվտանգութեան ապահովումն այս զօրավարժութիւնների նպատակներից է:

Աղբիւրի համաձայն՝ ԻՅՊԿ-ն «Մեծ մարգարէ-19» զօրավարժութիւնների ժամանակ առաջին անգամ հրապարակել է նորագոյն բարդ ականներից մէկի լուսանկարները:

Ականը բազմագործառոյթ կարողութիւններ ունի,  ծովային միւս ականների համեմատ։ Իսկ նրա որոշ կարողութիւնների մասին տեղեկատւութիւն չի կատարել ԻՅՊԿ-ն:

Միեւնոյն ժամանակ, ԻՍՆԱ-ն տեղեկացրել է, որ ուրբաթ առաւօտեան (յունւարի 24-ին) զօրավարժութիւնների ընդհանուր տարածքին է մօտեցել բրիտանական նաւը, չնայած Պարսից ծոցի հիւսիսային շրջաններում շարունակւող զօրավարժութիւնների համար յայտարարւած վտանգաւոր գօտու սահմանումը, ինչը պահակազօրի հրետանաւակների անմիջական միջամտութեամբ ընթացքը շեղելով հեռացւել է  տարածքից։

Related Articles

Back to top button