
«ԱԼԻՔ» – Երէկ՝ փետրւարի 22-ին մեկնարկած «Զոլֆաղար 1403» բանակի համատեղ զօրավարժութիւնների գրոհի փուլում «Վալ-Ֆաջր» մարտական տորպեդօ է արձակւել «Ֆաթեհ» սուզանաւից եւ յաջողութեամբ ոչնչացրել է թիրախը։
ԻՍՆԱ-ի համաձայն՝ «Զոլֆաղար 1403» համատեղ զօրավարժութիւնների այս փուլում իրանական թթւածնային եւ էլեկտրական «Վալ-Ֆաջր» տորպեդօներ են փորձարկւել, որոնք արձակւել են «Թարեղ», «Ֆաթեհ» եւ «Ղադիր» սուզանաւերից, ոչնչացնելով Օմանի ծովում տեղադրւած թիրախները։
Թթւածնային տորպեդօն Իրանի պաշտպանութեան արդիւնաբերութեան ոլորտի երիտասարդ մասնագէտների ձեռամբ մշակւած եւս մէկ ռազմավարական զէնք է, որը սեղմւած օդի փոխարէն որպէս վառելիք օգտագործում է խտացւած թթւածին։ Իսկ Էլեկտրական տորպեդոն արձակւել է «Թարեղ» սուզանաւից ընդդէմ ստորջրեայ թիրախների: Զօրավարժութիւններին արձակւած տորպեդօն համարւում է արդիականացւած՝ իր նախորդ սերունդների համեմատ:
Մէկ այլ գործողութեան ժամանակ SH տեսակի ուղղաթիռից արձակւել է «Mark 46» առանց գլխիկի ուսումնական տորպեդօ, ինչը եւս յաջողութեամբ ոչնչացրել է ծովում յայտնաբերւած թիրախը։ Տորպեդոյի այս տեսակը եւս նախագծւել եւ պատրաստւել է Իրանի ռազմածովային նաւատորմի երիտասարդ մասնագէտների կողմից՝ երկրի գիտական կենտրոնների եւ պաշտպանական արդիւնաբերութեան հետ համագործակցութեամբ: Միւս տորպեդօներից այն տարբերւում է անվտանգ դառնալու յատկանիշով։