Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արցախի հարցը չի փակւել. ՀՀ իշխանութիւնները պարտաւոր են գործել

Կորսիկայի խորհրդարանի ընդունած որոշումը, որով վերահաստատւում են արցախահայութեան վերադարձի իրաւունքն ու հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտութիւնը, հերթական անգամ միջազգային ուշադրութեան կենտրոնում է պահում Արցախի ժողովրդի հիմնարար իրաւունքների հարցը։

Ի՞նչ քաղաքական եւ իրաւական նշանակութիւն ունի այս քայլը եւ կարո՞ղ է այն նախադէպ դառնալ եւրոպական այլ երկրների ու միջազգային կառոյցների համար։

«Ապառաժ»-ի հետ զրոյցում այս հարցերին անդրադառնում է Արցախի խորհրդարանի պատգամաւոր, Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայեանը։

– Պէտք է նկատել, որ Կորսիկայի խորհրդարանի ընդունած այս որոշումը նախադէպային չէ։ 2023 թւականին Ադրբեջանի կողմից Արցախի բռնի հայաթափումից եւ ցեղասպանական գործողութիւնների հետեւանքով արցախահայութեան բռնի տեղահանումից յետոյ նման քննարկումներ արդէն տեղի են ունեցել տարբեր միջազգային հարթակներում՝ ինչպէս Շւէյցարիայի խորհրդարանում, այնպէս էլ Եւրոպական խորհրդարանում։ Աւելին, ընդունւել են նաեւ բանաձեւեր, որոնք Ադրբեջանին պարտաւորեցնում էին՝ մարդու իրաւունքների միջազգային նորմերից ելնելով, ապահովել պայմաններ, որպէսզի մարդիկ կարողանան վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը եւ շարունակեն ապրել իրենց հայրենիքում։

Միեւնոյն ժամանակ, տարբեր միջազգային կառոյցներ անդրադարձել են նաեւ հայ գերիների խնդրին՝ ներկայացնելով տարբեր մօտեցումներ եւ պահանջներ։ Այս առումով Կորսիկայի խորհրդարանի որոշումը հերթական կարեւոր քաղաքական ուղերձն է, որը կարելի է միայն ողջունել։ Այն եւս մէկ անգամ փաստում է, որ արցախահայութիւնն ունի իր հայրենիքում անվտանգ ու ազատ ապրելու անքակտելի իրաւունք։

Միւս կարեւոր հարցը վերաբերում է Բաքւում ապօրինաբար պահւող հայ պատանդներին։ Նրանք պէտք է անյապաղ ազատ արձակւեն, քանի որ այն դատավարութիւնները, որոնց ականատես եղանք, իրաւական գործընթացներ չեն, այլ բացայայտ քաղաքական ֆարս։ Այդ ամբողջ գործընթացը որեւէ իրաւական հիմք չունի եւ ուղղւած է մարդկանց մեղադրելու այնպիսի արարքների համար, որոնք նրանք չեն կատարել։ Սա եւս անհրաժեշտ է յստակ արձանագրել։

Հարցին, թէ ի՞նչ դեր պէտք է ստանձնեն Հայաստանի Հանրապետութիւնն ու Արցախի ժողովրդի կողմից ընտրւած օրինական իշխանութիւնները միջազգային հարթակներում արցախահայութեան իրաւունքների պաշտպանութեան գործում, Վահրամ Բալայեանը նշեց.

– Հայաստանի Հանրապետութիւնն ունի բոլոր հնարաւորութիւնները միջազգային ատեաններում հետեւողականօրէն բարձրացնելու այս հարցերը։ Կարծում եմ՝ նման նախաձեռնութիւնները որեւէ կերպ չեն խոչընդոտում Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, քանի որ դրանք հիմնւած են բացառապէս մարդու իրաւունքների պաշտպանութեան սկզբունքների վրայ, որոնց հաւատարիմ են ինչպէս եւրոպական, այնպէս էլ միջազգային կառոյցները։

Աւելին, այս հարցերի հետեւողական բարձրացումը կարող է նոյնիսկ ամրապնդել Հայաստանի Հանրապետութեան դիրքերը դիւանագիտական հարթակներում՝ հնարաւորութիւն տալով միջազգային իրաւունքի շրջանակներում պաշտպանել այն քաղաքացիների իրաւունքները, որոնք կոպտօրէն խախտւել են մէկ այլ պետութեան կողմից։

Վերջապէս, նման նախաձեռնութիւնների գործնական շարունակականութիւնն ապահովելու գործում կարեւոր դեր ունեն նաեւ Արցախի ժողովրդի կողմից ընտրւած օրինական իշխանութիւնները։ Մասնաւորապէս, Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի կողմից ձեւաւորւած յանձնախումբը, Հայ Դատի գրասենեակները եւ այս ուղղութեամբ գործունէութիւն ծաւալող միւս կառոյցները պէտք է շարունակեն եւ առաւել ակտիւացնեն իրենց աշխատանքը՝ այն դարձնելով աւելի համակարգւած, հետեւողական եւ գործնական արդիւնքների վրայ հիմնւած։

Related Articles

Back to top button