Հայաստան - ԱրցախՀՅԴ ՄամուլՔաղաքական

Լռութեան գինը

Փետրւարի 5-ին հրապարակւեցին Բաքւի կողմից պատանդառւած Արցախի ռազմական եւ քաղաքական ղեկավարների, հայ գերիների դէմ շինծու մեղադրանքների գործով «դատավճիռները»։

Անշուշտ, նման վճիռները բոլորովին անսպասել չէին, սակայն պէտք է արձանագրենք, որ Բաքւի «դատարանների» որոշումները ոչ միայն իրաւական որեւէ արժէք չունեն, այլեւ հերթական անգամ հաստատում են, որ գործ ունենք քաղաքական հաշւեհարդարի եւ վրէժխնդրութեան համակարգւած քաղաքականութեան հետ։

Բոլորովին պատահական չէ, որ հէնց այս օրերին, արդէն 5 տարի ժողովրդի խաղաղութիւնը խլած Փաշինեանն՝ արժանանում է խաղաղութեան մրցանակի, թւացեալ խաղաղութեան համար։ Ժամանակային այս համընկնումը պարզապէս զուգադիպութիւն չէ․ այլ խորդանշական եւ ցաւալի։

Մի կողմում Արցախի ընտրւած ղեկավարներն են, որոնք տարիներ շարունակ պաշտպանել են իրենց ժողովրդի անվտանգութիւնն ու ինքնորոշման իրաւունքը եւ այսօր կանգնած են շինծու մեղադրանքների առաջ՝ ադրբեջանական բանտերում։

Միւս կողմում՝ Հայաստանի իշխանութեան ղեկավարը, ով պարգեւատրւում է այն քաղաքականութեան համար, որի հետեւանքով Արցախը դատարկւեց, իսկ նրա ղեկավարները դարձան պատանդներ։

«Զայեդ» մրցանակը ներկայացւում է որպէս խաղաղարար ջանքերի գնահատում։ Սակայն ի՞նչ խաղաղութեան մասին է խօսքը, երբ այդ «խաղաղութեան» գինը Արցախի կորուստն է, հազարաւոր զոհերը, ժողովրդի տեղահանութիւնը եւ ազգային արժանապատւութեան ոտնահարումը։ Առանց արդարութեան իրաւունքների վերականգման՝ խաղաղութիւնը չի կարող լինել իրական։

Բաքւի շինծու դատավարութիւնները պէտք է դառնան ոչ թէ յուսահատութեան, այլ պայքարի ազդակ։ Որքան էլ փորձեն լռեցնել՝ մինչ մեր հայրենակիցները կանգնած են թշնամու դատարանների առաջ եւ Արցախի ժողովուրդը զրկւած է իր Հայրենիքից, եւ խաթարւած է մեր ազգային կեանքը՝ մենք լռելու իրաւունք չունենք։

Պայքարը հայ պատանդների ազատութեան, Արցախ վերադարձի եւ ազգային արժանապատւութեան համար պէտք է լինի՝ հաստատակամ եւ անդադար։

«Ապառաժ»-ի խմբագրական

6 փետրւար, 2026

Related Articles

Back to top button