Հայաստան - ԱրցախՔաղաքական

Արմէն Ռուստամեանը՝ Հայաստանում ԵԽ մարդու իրաւունքների յանձնակատարի հետ հանդիպման մասին

«Մենք չսահմանափակւեցինք այն նեղ օրակարգով, որ իրենք էին մեզ ներկայացնում։ Ասացինք՝ լուրջ հարցեր կան ՀՀ-ում, որոնք ձեր օրակարգում չեն տեղաւորւում եւ սա առիթ է, որ մենք խօսենք այդ թեմաներով։ Մենք ուզել ենք ընդդիմութեան հետ առանձին հանդիպում, քանի որ կարճ հանդիպման ժամանակ հնարաւոր չէ ամէնը ասել»,- փետրւարի 5-ին, ՀՀ Աժ-ում լրագրողների հետ ճեպազրոյցում ասել է ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեանը՝ անդրադառնալով Եւրոպայի խորհրդի մարդու իրաւունքների յանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ հանդիպմանը։

Արմէն Ռուստամեանն ասել է, որ չի ստացւել առանձին հանդիպում ունենալ ԵԽ յանձնակատարի հետ, այլ հանդիպել են պատւիրակութեան կազմում եւ ինքն ու Հայկ Մամիջանեանը մօտ 15 րոպէ են կարողացել խօսել յանձնակատարի հետ։ Յայտնեց, որ չորս հիմնական թեմա են ներկայացրել՝ քաղբանտարկեալներ, եկեղեցու դէմ արշաւ, գերիների հարց, Եւրոպայի խորհրդի մօտեցումներն ու մեր մօտեցումները։

Արմէն Ռուստամեանը նշել է, որ յանձնակատարն անդրադարձել է իրենց բարձրացրած խնդիրներին, քանի որ չէր կարող չխօսել այդ մասին։

Նաեւ յայտնել է, որ ահազանգել են, որ ՀՀ-ում կալանքը դարձել է պատժի միջոց․ «Ունենք դէպքեր, երբ աւելի ծանր են, բայց անձանց չեն կալանաւորում։ Սա արդէն խօսում է քաղաքական հետապնդումների մասին»։ Ըստ Արմէն Ռուստամեանի՝ գերիների հարցով ԵԽ-ում ունեն յստակ դիրքորոշում. «Մէկ այլ հարց ենք բարձրացրել, թէ ինչպէս է ձեր մօտ ձեւաւորւում միայն մէկ կարծիք այն բանի մասին, ինչ ՀՀ-ում տեղի է ունենում։ Ինքս Մոնիտորինգի յանձնաժողովի անդամ եմ, բազմիցս այս հարցերը բարձրացրել ենք, ոչ մի համարժէք պատասխան չտրւեց, թէ ինչու չեղարկւեց համազեկուցողների այցը ՀՀ։ Իտալացի պատւիրակը հիւանդացել էր, յետոյ տեսել եմ նրան, կարող էին չչեղարկել, այլ գուցէ յետաձգել այցը։ Տպաւորութիւն է, որ իրենք պարզապէս չեն ուզում լսել այլ կարծիք, ընդդիմադիր որեւէ այլ մօտեցում։ Փաստօրէն՝ եթէ մարդկանց իրենց թեթեւ ձեռքով Կրեմլի ագենտներ են դիտարկում, ուրեմն կարելի է նրանց իրաւունքները ոտնահարել։ Սա ի վերջոյ, նոյն ԵԽ-ի հեղինակութեան հարցն է»։

Անդրադառնալով ԵԽԽՎ-ի կողմից ընդունւած «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» բանաձեւին՝ Արմէն Ռուստամեանն ասել է. «Չեն գալիս, չեն գալիս, հերիք չէ, դեռ միակողմանի էլ յայտարարութիւններ են անում։ Մոնիտորինգի յանձնաժողովի բանաձեւը տեսե՞լ էք։ Եթէ չէք եկել, ուրեմն մի խօսէք։ Ասել եմ, որ սա մեզ համար անընդունելի է։ Համազեկուցողներն ինչո՞ւ չպէտք է գային»։

Արմէն Ռուստամեանը յայտնել է, որ ԵԽ յանձնակատարին բոլոր քաղբանտարկեալների մասին գործ առ գործ, փաստարկւած տեղեկատւութիւն են ներկայացնելու։

Arfd.am

Related Articles

Back to top button