Իրան. Երեք կղզիների նկատմամբ ինքնիշխանութիւնը քննարկման ենթակայ չէ

Իրանի պաշտօնեաները ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի նիստում արձագանգել են Արաբական Միացեալ Էմիրութիւնների կողմից Պարսից ծոցի երեք կղզիների՝ Աբու Մուսայի, Մեծ Թոնբի եւ Փոքր Թոնբի նկատմամբ ներկայացւող պահանջներին՝ վերահաստատելով Իրանի դիրքորոշումը դրանց նկատմամբ ինքնիշխանութեան վերաբերեալ։
Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին X-ի իր էջում նշել է, որ երեք կղզիներն Իրանի տարածքի անբաժանելի մասն են, եւ դրանց նկատմամբ ինքնիշխանութեան վերաբերեալ պահանջների կրկնութիւնը չի փոխի առկայ պատմական եւ իրաւական իրողութիւնները։
Միաժամանակ, ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի նիստում Իրանի ներկայացուցչութեան խորհրդական Նասեր Ասադին, արձագանգելով ԱՄԷ-ի ներկայացուցչի յայտարարութիւններին, ընդգծել է, որ Իրանի ինքնիշխանութիւնը երեք կղզիների նկատմամբ «քննարկման ենթակայ չէ»։
Նա նշել է, որ այդ կղզիները միշտ եղել են, եւ ներկայումս ու ապագայում կը մնան Իրանի տարածքի անբաժանելի մասը՝ յայտարարելով, որ Իրանը վճռականօրէն մերժում է դրանց նկատմամբ որեւէ այլ պահանջ։
Իրանի ներկայացուցիչը նաեւ անդրադարձել է «Պարսից ծոց» աշխարհագրական անւանմանը՝ նշելով, որ այն, իր բնորոշմամբ, միակ ճշգրիտ աշխարհագրական անւանումն է Իրանի եւ Արաբական թերակղզու միջեւ գտնւող ջրային տարածքի համար, եւ միջազգային հանրութիւնը պէտք է յարգի այդ անւանումը։
Իրանի պաշտօնեաները միաժամանակ ընդգծել են, որ տարածաշրջանի երկրների յարաբերութիւնները պէտք է հիմնւեն փոխադարձ յարգանքի, բարիդրացիութեան եւ միջազգային իրաւունքի սկզբունքների պահպանման վրայ։



