ԻրանՄիջազգային

Բաքւի պահւածքն ու նպատակները չեն փոխւել

Իրանին այլ ելք չի մնում՝ պինդ խաղալուց բացի

«ԱԼԻՔ» – Կովկասի հարցերով փորձագէտ Էհսան Մովահեդեանը «Աֆթաբ Եազդ»-ին տւած հարցազրոյցում անդրադարձել է Հանրապետութեան նախագահի՝ Անկարա այցի չեղարկման կամ յետաձգման պատճառներին՝ յիշեցնելով Գազայի հարցի վերաբերեալ Թեհրանի ու Անկարայի տեսակէտների անհամատեղելիութեան մասին։

«Կարծիքների տարբերութիւններն ակնյայտ են ու բազմաշերտ: Սակայն ենթադրւում է, որ ոչ բոլոր տարաձայնութիւնների առկայութիւնն է այս այցի չեղարկման կամ յետաձգման պատճառը: Այնպէս, որ միայն Պաղեստինի հարցը չէ, կամ պաղեստինա-իսրայէլական հակամարտութեան ֆոնին չէ, որ նման որոշում է կայացւել»,- նշել է Կովկասի հարցերով աւագ փորձագէտը:

Էհսան Մովահեդեանը յաւելել է, որ բնական պիտի համարել, եթէ Թուրքիայի կեցւածքը պայմանաւորւած լինի միաժամանակ Արեւելքին ու Արեւմուտքին ցանկալի յայտարարութիւններով, սակայն դրանք գործողութիւնների արդիւնքում վերածւում են անյաջող շոուի, յատկապէս Իսլամական աշխարհի աչքին, քանի որ հետեւելով Էրդողանի պահւածքին ակնյայտ է դառնում Թուրքիայի վարած քաղաքականութեան արեւմտամէտ արեւելումները:

«Կովկասի հարցում Իրանը յստակ ընդգծումներով արտայայտել է իր դիրքորոշումները: Անկարայի արձագանգն այդ դիրքորոշումների վերաբերեալ եւս ոչ մէկից թաքցւած չէ: Ուստի, պրն. Ռէյիսիի Անկարա այցի յետաձգումը կամ չեղարկումը պէտք է տեսնել նման տարաձայնութիւնների համատեքստում: Իրանի Իսլամական Հանրապետութիւնը դէմ է Իսրայէլի հետ Թուրքիայի համագործակցութեան շարունակութեանը, որի արդիւնքում հանքանիւթեր եւ արդիւնաբերութեանն անհրաժեշտ հումք է մատակարարւում Իսրայէլին: Սրան յաւելել է պէտք Թել Աւիւին վառելանիւթով ապահովելու փաստը, ինչի արդիւնքում իսրայէլական ռազմական մեքենային յաջողւում է շարունակել մարդկութեան դէմ իր յանցագործութիւնները Գազայի անպաշտպան ժողովրդի դէմ»,- յիշեցնելով Իրանի Գերագոյն առաջնորդի յայտարարութիւնը, նշել է փորձագէտը:

Մովահեդեանը վերադառնալով Կովկասի խնդիրներին նշելով, որ Ալիեւը Ադրբեջանի Հանրապետութեան 2024 թւականի ընտրութիւններին առաջադրել է իր թեկնածութիւնը, յիշեցրել է, որ Ադրբեջանի Հանրապետութիւնում յաջորդ նախագահական ընտրութիւնները պէտք է անցկացւէին 2025 թւականին, սակայն Իլհամը յայտարարեց, որ վաղաժամ ընտրութիւնների անհրաժեշտութիւն է նկատւում, եւ այն անց է կացւելու 2024 թւականի փետրւարին։ Ադրբեջանի նախագահը չի նշել իր որոշման պատճառը, սակայն որոշ լրատւամիջոցների կարծիքով նա ցանկանում է օգտագործել Լեռնային Ղարաբաղի բռնագրաււման առիթից գոյացած վարկանիշը՝ ընտրութիւններում յաղթողի տպաւորութիւնը տրամաբանական դարձնելու համար:

«Ալիեւի իշխանաւորութեան շարունակութիւնը կը նշանակի Իրանին անհանգստացնող քաղաքականութեան շարունակութիւն»,- ընդգծել է դոկտ. Մովահեդեանը:

«Կովկասում օկուպացիայի շարունակութիւնը, կեղծ «Զանգեզուրի միջանցք» պարտադրելու փորձը, թաքֆիրական ուժերին եւ սիոնիստական գործակալներին Իրանի սահմանին տեղակայումը, որոնք անվերապահօրէն գործելու են Իրանի ազգային շահերի եւ անվտանգութեան դէմ, եւ՝ Իսրայէլի հաստատումը տարածաշրջանում մնալու են Ալիեւի կառավարութեան օրակարգում»,- թւարկելով առկայ խնդիրները նշել է Մովահեդեանը:

Կովկասի հարցերով փորձագէտը դրական է գնահատում Իրանի ներկայ վարքագիծը կապւած Կովկասի իրադարձութիւնների հետ: «Արտաքին քաղաքականութեան ոլորտում հաշւի առնելով երեսուն տարւայ անփութութիւնը, որն անհամար կորուստներ պատճառեց Իրանին, այժմ երեւում է, որ Թեհրանն աւելի ուշադիր է դարձել խնդրի նկատմամբ, յատկապէս ղեկավար պաշտօնեաների մակարդակով: Սկսած գործադիրից ու օրէնսդիրից, վերջացրած ԶՈՒ-ի եւ Անվտանգութեան համակարգը յայտարարել են Կովկասի տարածաշրջանում Իրանի կարմիր գծերի մասին: Կամ, եթէ աւելի յստակ, ապա զգուշացնում են տարածաշրջանային եւ արտատարածաշրջանային ուժերին, միաժամանակ փորձում են հնարաւորինս խորացնել Հայաստանի հետ յարաբերութիւններն ու ամրացնել կապային ուղիները»,- նշել է նա։

Նշելով, որ Հայաստանը շատ կարեւոր հարեւան է Իրանի Իսլամական Հանրապետութեան ազգային եւ տարածաշրջանային շահերի համար, քանի որ 450 միլիոնանոց Եւրասիական շուկային միանալու միակ ցամաքային անմիջական կապն է, նա յաւելել է, որ այդ 38 կմ. երկարութեամբ սահմանի պահպանումը Իրանի ազգային շահերի առաջնային խնդիրներից մէկն է:

«Պէտք է արագացնել Հայաստանի հետ տնտեսական յարաբերութիւնների խորացումը: Որքան Երեւանին էներգետիկ եւ տնտեսական այլ հարցերում աջակցութիւնը մեծանայ, այդքան էլ պակասելու է նրա կախւածութիւնը միւսներից, յատկապէս Ադրբեջանի Հանրապետութեան կողմից տրւող խոստումներից»,- յաւելել է նա եւ յիշեցրել, որ պէտք է ըմբռնումներով գնահատել իրավիճակը, քանի որ առաջին հայեացքից Հայաստանը երեք միլիոնանոց շուկայ է թւում տարածաշրջանում, սակայն պէտք է նկատի ունենալ, որ եթէ այս երկրում կատարւող անցուդարձերը աչքաթող արւի, ապա այն երկրները, ինչպիսիք են Անգլիան՝ որպէս տարածաշրջանային հաւասարումների խախտման գլխաւոր հեղինակ, կամ Իսրայէլն ու Թուրքիան որպէս տարածաշրջանային խաղացող, հաստատւելու են Իրանի սահմանների երկայնքով միաժամանակ սահմանափակելով Իրանի բոլոր հնարաւորութիւններն ու ազդեցութիւնը տարածաշրջանում, ինչի հետւեանքով էլ Իրանը դուրս է թողնւելու տարածաշրջանային տնտեսական երթուղիներից ու աշխարհի հետ կապող նախագծերից:

Փորձագէտն իր յաջորդ օրւայ Clubhouse-ի ելոյթում անդրադարձել է Բաքւի ռազմական բիւջէի բարձրացումներին եւ դրա ուղիղ կապը՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրութիւնների հետ:

Դոկտ. Մովահեդեանը նշեց, որ Բաքւի ռազմական բիւջէն 2020 թւականին 20 տոկոսով աւելացում գրանցելով հատել էր 2.26 մլրդ. դոլարի սահմանը: «Հէնց այդպէս էլ նրանք նախապատրաստւում էին երկրորդ Ղարաբաղեան պատերազմի համար»,- հարց-պատասխան ձեւաչափով հանդիպմանը նշեց նա:

Նոյն ընթացքով էլ 2023 թւականի 3.1 միլիարդ դոլարի հասնող բիւջէն 2024 թւականին կը հասնի 3.78 միլիարդ դոլարի, յաւելեց փորձագէտը։

«Խաղաղութեան յաւակնող երկիրը մէկ տարւայ ընթացքում ռազմական բիւջէն այդքան չի մեծացնի»,- լսարանի ուշադրութեանը յանձնեց Մովահեդեանը:

Մովահեդեանի համոզմամբ, ԱՄՆ-ում յաջորդ տարի սպասւող նախագահական ընտրութիւններին այդ երկրի արտաքին քաղաքականութեան ասպարէզում ժամանակաւոր խառնաշփոթի տարի է լինելու։

Նոյն կապակցութեամբ էլ փորձագէտը յիշեցրեց, որ 2020 թւականին Ալիեւը նոյն խառնաշփոթի առիթը բաց չթողնելով, առաջ մղեց ուժերը՝ չէզոքացնելու հայկական լաբբին Ամերիկայում։ «Նա միանշանակ յոյս է կապում յաջողւած այս սցենարի կրկնութեան վրայ: Միաժամանակ նա ամրացնելու է Ռուսաստանի հետ նաւթի փոխանակման կապերը, ինչը թոյլ կը տայ նրան շրջանցել հնարաւոր պատժամիջոցները եւ, յատկապէս, Պուտինին իր կողմը քաշել»,- նշեց Մովահեդեանը եւ յատուկ կարեւորութեամբ ընդգծեց, որ Իրանը պէտք է այս անգամ չկորցնի զգօնութիւնը:

Related Articles

Back to top button