ՄիջազգայինՔաղաքական

Թրամփի վարչակազմը քննարկումներ է անցկացնում Հիւսիսային Կորէայի հետ երկխօսութիւնը վերսկսելու վերաբերեալ

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հանգիստ քննարկում եւ խորհրդակցում է արտաքին փորձագէտների հետ՝ դիտարկելով Հիւսիսային Կորէայի հետ երկխօսութեան վերսկսման հնարաւոր տարբերակները, հաղորդում է Axios-ը՝ յղում անելով ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեաներին։

Հիւսիսային Կորէան մտահոգիչ միջուկային առաջընթաց է գրանցել այն բանից յետոյ, երբ նախագահ Թրամփը եւ Կիմ Չեն Ընը երկու դրամատիկ, բայց, ի վերջոյ, ձախողւած հանդիպում ունեցան։

Ինչպէս նշում է լրատւամիջոցը, Թրամփը պարզ հասկացրել է, որ կը ցանկանար վերսկսել բանակցութիւնները Կիմ Չեն Ընի հետ, հնարաւոր է՝ դէմ առ դէմ, եւ նրա ազգային անվտանգութեան թիմը պատրաստւում է նման սցենարի։

Սակայն, ինչպէս պնդում է Axios-ը, Հիւսիսային Կորէան ներկայումս համեմատաբար ցածր տեղ է զբաղեցնում Թրամփի առաջնահերթութիւնների ցանկում, սակայն աշխարհի նորագոյն միջուկային տէրութիւնը հազւադէպ է երկար ժամանակով դուրս մնում միջազգային օրակարգից։

«Մենք ներգրաւում ենք գործակալութիւններին, որպէսզի հասկանանք, թէ որտեղ են այսօր գտնւում հիւսիսկորէացիները։ Վերջին չորս տարիների ընթացքում շատ բան է փոխւել։ Մենք գնահատում, ախտորոշում եւ քննարկում ենք հաւանական հնարաւորութիւնները, այդ թւում՝ փոխգործակցութիւնը»,- ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտօնեան։

«Վերլուծական կենտրոնների փորձագէտների, ԱՄՆ ներկայ եւ նախկին պաշտօնեաների մասնակցութեամբ փակ դռների յետեւում քննարկումները ենթադրում են, որ Թրամփի վարչակազմը դիտարկում է Թրամփ-Կիմ եւս մէկ հանդիպման տարբեր սցենարները»,- ասել է Բրուքինգսի ինստիտուտի աւագ գիտաշխատող Էնդրիւ Իեոն։

Իեոն յաւելել է, որ վերջին վեց ամսւայ ընթացքում Կիմ Չեն Ընի մասին Թրամփի բազմաթիւ դրական յայտարարութիւնները ցոյց են տալիս, որ նա հետաքրքրւած է այս ուղղութեամբ։ ԱՄՆ նախկին բարձրաստիճան պաշտօնեան ասել է, որ վարչակազմի անդամները զբաղւել են «նախնական պլանաւորմամբ»՝ գիտակցելով, որ Կիմի ընդամէնը «մէկ գունագեղ նամակը» կարող է բաւարար լինել Թրամփի ուշադրութիւնը գրաւելու համար։

Related Articles

Back to top button