Պէտք է այս էջը շրջել եւ վերականգնել Հայաստան-Արցախ եւ Սփիւռք միասնականութեան գաղափարը
ՀՅԴ Բիւրոյի անդամ, ֆրանսահայ Կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանի հարցազրոյցը «Պրեսսինգ» եւ «Սփիւռքի ձայն» հաղորդաշարերին
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանի հիւրն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ֆրանսահայ Կազմակերպութիւնների Համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազեանը:
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
. Երբ 2022 թւականի յուլիսի 13-ին ինձ Նիկոլ Փաշինեանի հրահանգով արգելեցին Հայաստան մուտք գործել, իսկ յետոյ յունւարին դատարանի որոշումով ինձ թոյլատրւեց մուտք գործել, դա նշանակում է, որ Արդարադատութիւնը Հայաստանում կարող է անկախ լինել: Իմ հարցով ԱԱԾ կողմից չբողոքարկւեց որոշումը, բայց ԱԱԾ-նՆիդեռլանդների Հայ դատի գրասենեակի պատասխանատու Մասիս Աբրահամեանի, միւսների հարցով բողոքարկեց Վարչական դատարանի որոշումը եւ Հայաստան մուտքի արգելքը չհանւեց:
Ընթերցողին յիշեցնենք, որ 2022 թ. յուլիսին Մուրադ Փափազեանին արգելւել էր մուտք գործել Հայաստան, նա ՀՀ-ում ճանաչւել էր անցանկալի անձ: Երեւան ժամանելուց յետոյ ոստիկանութիւնը նրան ուղեկցել էր դէպի վերադարձի օդանաւ: Նիկոլ Փաշինեանի աշխատակազմն աւելի ուշ պարզաբանել էր, թէ ինչ հիմքով է արգելւել Փափազեանի մուտքը Հայաստան. «Տւեալ անձը հանդիսանում է նախորդ տարւայ յունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանութեան մօտ վարչապետի գլխաւորած կառավարական պատւիրակութեան՝ ՀՀ պետական դրօշակիր աւտոշարասեան դէմ յարձակում կազմակերպած անձանցից մէկը: Ոչ միայն նշւած անձի, այլեւ յարձակման ակտիւ մասնակիցների մուտքը ՀՀ արգելւել է»:
2023 թ. փետրւարին ՀՅԴ Փարիզի գրասենեակը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինեանը, Մուրադ Փափազեանը եւ «Nouvelles d’Arménie» ամսագրի խմբագիր Արա Թորանեանը թէժ զրոյց են ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմմանուէլ Մակրոնի ներկայութեամբ, երբ Փաշինեանը Փարիզում ներկայ էր գտնւում Միսաք Մանուշեանի եւ նրա կնոջ վերայուղարկաւորութեան արարողութեանը: Հանդիպումը կազմակերպել էր Էմմանուէլ Մակրոնը, զրոյցը տեղի էր ունեցել Մակրոնի ներկայութեամբ` «Էլիզէ» պալատում կազմակերպւած ընթրիքի աւարտին:
Ըստ ՀՅԴ Փարիզի գրասենեակի՝ Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազեանի եւ Արա Թորանեանի կատարած աշխատանքը ի նպաստ Հայաստանի: Նա շեշտել է, որ անհրաժեշտ են ՀՀ վարչապետի եւ Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումները, եթէ նոյնիսկ տարաձայնութիւններ կան:
«Փափազեանը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակւած Հայաստան մուտք գործելու իրաւունքի արգելքի փաստը (այն, ի վերջոյ, վերացւել է): Մուրադ Փափազեանը քննադատել է Նիկոլ Փաշինեանին այս խորապէս ոչ ժողովրդավարական եւ պառակտող որոշումը կայացնելու համար: Ժողովրդավարութեան այս դասից Նիկոլ Փաշինեանը բարկացել է եւ քննադատել Մուրադ Փափազեանին՝ Ֆրանսիայի նախագահի առջեւ այս թեման քննարկելու համար»,- ասւած էր ՀՅԴ Փարիզի գրասենեակի տարածած հաղորդագրութեան մէջ:
Մուրադ Փափազեանը յիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահն է այդ նախաձեռնութեան հեղինակը: Այդ պատասխանից Փաշինեանն աւելի է զայրացել եւ ասել է, որ Փափազեանի մուտքը Հայաստան արգելել է այն պատճառով, որ վերջինս 2021 թւականի յունիսի 1-ին Փարիզում ցոյց է կազմակերպել իր դէմ: Զրոյցի աւարտին Է. Մակրոնը առանձնացել է Փաշինեանի հետ, ինչից յետոյ Փաշինեանը Փափազեանին յայտնել է, որ իշխանութիւնները Հայաստան վերադառնալու նրա իրաւունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու:
. Նիկոլ Փաշինեանը Մակրոնի ներկայութեամբ ինձ հետ հանդիպման ընթացքում ասաց, որ արգելքի պատճառն իր դէմ ցոյց կազմակերպելն է: Իհարկէ, ես չեմ կազմակերպել, սակայն, անգամ եթէ ինքս կազմակերպած էլ լինէի՝ ժողովրդավարական երկրում ցոյցեր անցկացնելու իրաւունք ունեն բոլորը: Իրական պատճառն այն է, որ ես ընդդիմացել եմ իրեն, եւ ինքը դա չի ընդունում:
. Սեղանի վրայ դրւած է իշխանութիւն-սփիւռք յարաբերութիւնները: Սփիւռքի համար պետականութիւնն ամենաբարձր արժէքն է, մեր առաքելութիւնն է՝ պաշտպանել եւ հզօրացնել պետականութիւնը:
. 2009-ի հոկտեմբերին, երբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսեանը եկաւ Փարիզ, ես ինքս ցոյց կազմակերպեցի իր դէմ, բայց Սերժ Սարգսեանը չարգելեց իմ մուտքը Հայաստան, որովհետեւ հասկանում էր, որ սփիւռքը պէտք է իր խօսքն ասի եւ երբեք չպէտք է ենթարկւի Հայաստանին:
. Սփիռքը ոչ Լեւոն Տէր-Պետրոսեանի, ոչ Ռոբերտ Քոչարեանի, ոչ Սերժ Սարգսեանի օրօք չի ենթարկւել Հայաստանին, չի ենթարկւելու նաեւ Նիկոլ Փաշինեանի օրօք: Սփիւռքիիմաստն այն է, որ արտերկրում կարողանայ զօրակցել, աջակցել Արցախի, Հայաստանի ժողովրդի խնդիրներին, անվտանգութեանը, չպէտք է ենթարկւի Հայաստանի իշխանութիւններին, մենք պէտք է պահենք մեր անկախութիւնը, եւ դրանում է մեր եւ թուրքական սփիւռքի տարբերութիւնը: Սփիւռքն այդ երկրներում աշխատում է՝ որպէս տեղացի, եւ սրտով ու խելքով՝ յանուն հայրենիքի:
. Սփիւռքի իմաստն այն է, որ պէտք է զօրակցի Հայաստանին նաեւ Արցախի հարցում: Մենք Ֆրանսիայում ֆրանսիացի ենք եւ իբրեւ ֆրանսիացի ենք զօրակցում Հայաստանին: Մենք Ֆրանսիայում 0-ի վերածեցինք թուրքական եւ ադրբեջանական լաբբինգը: Պէտք չէ մտածել, որ որեւէ իշխանութիւն, օրինակ, Զարեհ Սինանեանի միջոցով կարող է ձեռք բարձրացնել սփիւռքի վրայ՝ նաեւ զուգահեռաբար այլ կազմակերպութիւններ ստեղծելով, ընդհակառակը, պէտք է օգտւեն սփիւռքի աշխատանքներից:
. Ի՞նչ կը շահի Հայաստանը՝ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւններինման արգելքներով, խոչընդոտներով:
. Ֆրանսիայում այդ հանդիպման ընթացքում Փաշինեանը լաւ չներկայացաւ Մակրոնի առջեւ, խօսակցութիւնը թէժ էր, եւ ես չէի ցանկանայ, որ այդ խօսակցութիւնը Մակրոնի ներկայութեամբ լինէր: Տարիների մեր աշխատանքի շնորհիւ է յաջողւել հայ-ֆրանսիական լաւ յարաբերութիւնները: Մակրոնն է միջազգային հարթակներում Հայաստանի շահերի պաշտպանը: Իշխանութիւնները պէտք է հասկանան, որ Հայաստանն իրենց չի պատկանում, այլ Հայաստանի ժողովրդին եւ ամբողջ հայ ազգին է պատկանում: Միայն մէկ ազգ-մէկ ժողովուրդ հասկացութիւնը կարող է մեզ փրկել: Աշխարհում Հայաստանը ներկայ կը լինի, եթէ Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները ճիշտ ընթանան, միայն այդ դէպքում Հայաստանը զօրաւոր կը լինի: Այսօր Հայաստանը, ցաւօք, զօրաւոր չի:
. 2018-ի յեղափոխութեան ժամանակ Սփիւռքում եւս 80-85 տոկոսը Փաշինեանին համակիր էր, բայց այսօր վիճակն այլ է: Կան Փաշինեանին որոշ սատարողներ, բայց Սփիւռքի կարեւոր հատւածը Փաշինեանի դէմ է, պահանջում է նրա հրաժարականը, նա կորցրել է իր հեղինակութիւնը, իր ժողովրդավարութիւնը Սփիւռքում: Բայց շատ աւելի կարեւոր է, որ Հայաստանի ժողովուրդը հասկանայ, որ այդ հրաժարականը կարեւոր է Հայաստանի անվտանգութեան համար:
. Սփիւռքն իր հայրենասիրութեամբ է մասնակցում, սփիւռքը պայքարում է հայ մնալու համար:
. Հայաստանի ժողովուրդը պէտք է հասկանայ, որ վտանգի առջեւ է կանգնած, որ Հայաստանում կարող է լինել այն, ինչ եղաւ Արցախում: Հայաստանի ժողովուրդը պէտք է իր քայլն անի՝ փոփոխութիւնների համար:
. Ալիեւի համար Հայաստանն Արեւմտեան Ադրբեջանն է, եւ վաղը պահանջ է դնելու Սիւնիքը եւ այլ տարածքներ յանձնելու մասին, ուրեմն Փաշինեանը պէտք է յանձնւի՞, պէտք է զիջի՞՝ տրւելով Ալիեւի այդ շանտաժին՝ կամ յանձնում ես տարածքները, կամ՝ պատերազմ:
. Հայաստանը պէտք է ահազանգի միջազգային հանրութեանը, որ Ալիեւը շանտաժ է անում ու պահանջներ է ներկայացնում Հայաստանին: Հայաստանը Սփիւռքի հետ պէտք է աղմուկ բարձրացնի միջազգային ասպարէզում:
. Պէտք է միասնական մերժել զիջողական քաղաքականութիւնը, որը վերջ չունի, Հայաստանի ժողովրդի իրաւունքները պէտք է յարգւեն, Հայաստանի ժողովուրդն այսօր լուրջ վտանգի տակ է:
. Ծիծաղելի է Տաւուշի ժողովրդին առաջարկել ադրբեջանցիներից եկող վտանգից պաշտպանւելու համար ծառեր տնկել. դա երկրի վարչապետի պատասխան չէ: Նման ձեւով ժողովրդի վրայ ծիծաղելն անթոյլատրելի է: Պէտք չէ Հայաստանը եւ հայ ժողովրդին ծնկի բերել թուրքի առաջ: Հայ ժողովուրդն արժանի է այլ իշխանութիւնների, որ նաեւ սփիւռքի հետ միասին ուժ ներկայացնեն Հայաստանի համար: Այնինչ այսօր ճիշտ հակառակն է տեղի ունենում:
Յիշեցնենք ընթերցողին, որ երբ կիրանցեցիները Փաշինեանին ներկայացրել էին անվտանգային իրենց խնդիրները, որ դպրոցը թիրախաւորւելու է ադրբեջանցիների կողմից, խորհուրդ էր տւել ծառ տնկել, որ ադրբեջանցիները չերեւան:
. Իսրայէլը ոչ միայն չի հրաժարւում Հոլոկստից, պնդում է, որ բոլորը պէտք է ճանաչեն հրեական Հոլոկոստը, պաշտպանում է իր յիշողութիւնը, իր անվտանգութիւնը, իր արժէքները, մինչդեռ Հայաստանի իշխանութիւնը պատրաստ է մոռանալ, ուրանալ Ցեղասպանութեան զոհերին, պատմական յիշողութիւնը եւ զիջել: Չեն հասկանում, որ իրենք առաջինը պէտք է պաշտպանեն մեր ազգային արժէքները, սիմւոլները, Ցեղասպանութեան պահանջները…
. Ֆրանսիայում չեն հասկանում Հայաստանի այս իշխանութիւնների քայլերը՝ Ցեղասպանութեան ուրացման ուղղութեամբ…
. Սահմանազատման եւ սահմանագծման հարցն այլ անկիւնից պէտք է դիտարկել, որպէս մի ամբողջական փաթեթ, ոչ թէ առանձին առանձին տարածքներում հատւածներ՝ գիւղեր, այլ տարածքներ զիջելով: Պէտք է հաշւի առնել այդ տարածքներում ապրող ժողովրդի անվտանգութիւնը: Այսօր եթէ զիջում են Ադրբեջանին, չի նշանակում, որ վաղն Ադրբեջանն էլ մեզ է զիջելու:
. Հայաստանը բոլոր ռազմագերիներին յանձնեց, Ադրբեջանը նոյնը չարեց:
. Ալմա Աթայի հռչակագիրն ինչո՞ւ բերեցին բանակցային սեղանի վրայ դրեցին: Ֆրանսիան մեծ շահեր չունի այս հարցում, բայց ունի խնդիրներ: Ֆրանսիայի յարաբերութիւններն Ադրբեջանի հետ շատ-շատ վատ են, Ֆրանսիան Ադրբեջանից գազ կամ նաւթ չի գնում, ինչպէս դա անում է Եւրոպան: Ֆրանսիան միշտ պաշտպանել է Հայաստանի եւ հայութեան շահերը, անգամ այն դէպքում, երբ Հայաստանի ղեկավարութիւնը թոյլ է պաշտպանել իր շահերը: Ֆրանսիան միշտ կանգնած է Հայաստանի կողքին, ոչ իշխանութեան, այլ հէնց ժողովրդի, եւ Ֆրանսիայի հայ համայնքը միշտ ճնշում է գործադրում:
. Ֆրանսիայի համար կարեւոր է, որ Հայաստանի ղեկավարութիւնը պաշտպանի իր երկրի եւ ժողովրդի շահերը: Ֆրանսիայի համար շատ դժւար է պաշտպանել այն, ինչը Հայաստանի ղեկավարութիւնը չի պաշտպանում: Ֆրանսիան չհասկացաւ, թէ ինչո՞ւ Հայաստանն այդքան արագ լքեց Արցախը… Եւ նոյնիսկ, երբ տեղի ունեցան սեպտեմբերեան այդ դժբախտ դէպքերը, Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարն ուղղակի գրաւոր յայտարարութիւն արեց՝ ասելով, որ պէտք է յարգել Արցախի ժողովրդի վերադարձի հարցն ապահով կոնտեքստի մէջ: Շատ կարեւոր է, որ Ֆրանսիայի պէս երկիրը սեղանի վրայ է պահում Արցախի ժողովրդի վերադարձի իրաւունքը՝ ոչ Ադրբեջանի ձեռքի տակ:
. Ֆրանսիայի կառավարութեան համար շատ դժւար է պաշտպանել մի հարց, որը Հայաստանի իշխանութիւնը չի պաշտպանում: Ֆրանսիայի համար դժւար է պաշտպանել անկախ Արցախը, կամ մտածել Արցախի անկախութեան ճանաչման մասին, երբ Հայաստանի իշխանութիւնը չի ճանաչում:
. Երբ մենք 2023 թ. հանդիպեցինք Մակրոնի հետ, նա ինձ ասաց՝ չեմ հասկանում՝ դուք ինձ վրայ ճնշում եք գործադրում, որպէսզի ես աշխատանք տանեմ ռազմագերիներին ազատելու հարցով, բայց մենք մի պահ յաջողեցինք, իսկ երբ վերադարձան Հայաստան, բանտարկւեցին, ինչո՞ւ: Պատասխանեցի, որ այդ հարցն ինձ չպէտք է տալ, Հայաստանի ղեկավարին է պէտք հարցնել: Ֆրանսիան չի կարող Հռոմի պապից աւելի կաթոլիկ լինել… պէտք է Հայաստանի ղեկավարութիւնը հայամէտ, հայկական շահերն առաջ մղող քաղաքականութիւն վարի:
. Չնայած Ադրբեջանի հետ յարաբերութիւններին, Ֆրանսիան Հայաստանին զէնք վաճառեց, նոյնիսկ պատրաստ է աւելի հեռուն գնալ համագործակցութեան առումով:
. Ադրբեջանը նոյնիսկ մի քանի անգամ կոչ արեց միջազգային հանրութեանը, որպէսզի Ֆրանսիան դուրս գայ ԵԱՀԿ Մինսկի խմբից, Ալիեւն ասում էր, որ Ֆրանսիան օբիեկտիւ չէ, հայամէտ է իր դիրքորոշումներում: Ալիեւը պահանջում էր, որպէսզի Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբում իր տեղը զիջի Եւրոմիութեանը: Ֆրանսիայի պրոհայկական քաղաքականութիւնը խանգարում էր Ադրբեջանին:
. Ինչո՞ւ մենք այսօր ռազմագերիներ ունենք Ադրբեջանում, որովհետեւ Հայաստանի իշխանութիւնն ադրբեջանցի ռազմագերիներին ազատ արձակեց, ոչ թէ փոխանակեց հայ ռազմագերիների հետ:
. Արեւմտեան քաղաքականութիւնը կարող է Հարաւային Կովկասում լիազօրել Թուրքիային եւ առաջնորդութիւն տալ (ԵՄ յատուկ ներկայացուցիչ Տոյւօ Կլաարը յայտարարել է Հարաւային Կովկասում Թուրքիայի առաջնորդութեան մասին,-հեղ.), այնինչ պէտք է հաշւարկել նման դիւանագիտութեան ռիսկերը:
. Հայաստանում լուրջ սխալ է հակառուսական քաղաքականութիւն վարելը, դա նշանակում է, որ վտանգւում է հայ ժողովրդի անվտանգութիւնը: Ես քանիցս յայտարարել եմ, որ Հայաստանի գործող իշխանութիւնների վարած արտաքին քաղաքականութիւնը սխալ է: Ես ինքս ծնւել եմ Ֆրանսիայում, ուսանել եմ Ֆրանսիայում, ես ֆրանսիացի եմ, այսինքն՝ չեմ կարող պրոռուս լինել, եւ առհասարակ կապ չունի՝ պրոռուսական ես, թէ հակառուսական ես, երբ դու երկիր ես ղեկավարում՝ քո առաջնահերթութիւնը քո երկրի, քո ժողովրդի անվտանգութիւնն է: Եւ հակառուսական քաղաքականութիւն հաստատելով Հայաստանի մէջ՝ նշանակում է դու վտանգում ես քո ժողովրդի անվտանգութիւնը: Երբ հետեւում ես աշխարհաքաղաքականութեանը, իսկ դու շրջապատւած ես թշնամիներով, որոնք չեն ցանկանում քեզ հետ խաղաղութիւն կնքել, Ադրբեջանը եւ Թուրքիան քեզ հետ խաղաղութիւն չեն ուզում, ուզում են Հայաստանը ենթարկեցնել իրենց, ուրեմն պէտք է հակակշիռ ունենալ: Այո, պէտք է Արեւմուտքի հետ լաւ յարաբերութիւններ ունենալ, բայց երէկւայ բարեկամիդ չպէտք է այսօր թշնամի դարձնես, ինչպէս արեցին Ռուսաստանի հետ:
. Ես Մակրոնի հետ բաւականաչափ խօսել եմ այդ մասին. ասացի՝ լաւ, Ռուսաստանն էլ չկայ, եթէ վաղն Ադրբեջանը կամ Թուրքիան մտնի Հայաստան, ո՞վ է կոնկրետ, գետնի վրայ պաշտպանելու Հայաստանին: Պատասխան, անշուշտ, չկար: Հայաստանի այն բոլոր քայլերը, որոնք արւեցին իրենց կառավարման այս 6 տարիների ընթացքում, շատ վտանգաւոր են:
. Ադրբեջանը եւ Թուրքիան ոչ թէ ուզում են նորմալ յարաբերութիւններ Հայաստանի հետ, այլ ուզում են ենթարկեցնել Հայաստանին:
. Արեւմուտքի աջակցութիւնը սահմաններ ունի:
. Պէտք չէ երէկւայ բարեկամին թշնամի դարձնել. Ռուսաստանին վերածեցին թշնամու, ինչը սխալ է: Քաղաքականութեան եւ դիւանագիտութեան մէջ առաջնահերթութիւնը պէտք է տրւի ժողովրդի անվտանգութեանը, եթէ, իհարկէ, տւեալ երկրի ղեկավարութիւնն այլ նպատակներ չունի:
. ՀՀ իշխանութիւնների կողմից այս 6 տարւայ ընթացքում կատարւած քայլերը շատ վտանգաւոր են Հայաստանի ժողովրդի համար:
. Չեմ կարծում, որ Հայաստանին ԵՄ կը թողնեն, որովհետեւ այդ 27 երկրների տնտեսական մակարդակն արդէն իսկ շատ խնդիրներ է ստեղծում, հիմա, ընդհակառակը, մտածում են նւազեցնելԵՄ երկրների թիւը:
. ՆԱՏՕ մեզ ոչ ոք չի թողնի. Հարաւային Կովկասում ՆԱՏՕ-ի գործընկերն է Թուրքիան, որը թոյլ չի տայ, որ Հայաստանը լինի ՆԱՏՕ-ի անդամ:
– Արեւմուտքը Ռուսաստանին Հարաւային Կովկասից հանելու համար Հայաստանին որպէս գործի՞ք է օգտագործում: Եւ Փաշինեանը որոշել է իր իշխանութիւնը պահելու համար Հայաստանը դարձնել գործիք Արեւմուտքի ձեռքին՝ Ռուսաստանի դէմ:
– Հարցնո՞ւմ էք: Դուք պատասխանէք այդ հարցին: Որոշ երկրներ այլ երկրներին սեփական շահերն են պարտադրում, ստիպում այս կամ այն քաղաքականութիւնն իրականացնել: Ես միամիտ չեմ եւ գիտեմ՝ ինչպէս է սկսել 2018-ի շարժումը: Հայ ժողովուրդը շատ թանկ վճարեց, եւ որեւէ երկիր, այդ թւում՝ որեւէ եւրոպական պետութիւն չեկաւ եւ չկանգնեցրեց 2020 թ. 44-օրեայ պատերազմը: Շահերն են պարտադրում որեւէ երկրի քաղաքականութիւնը, ոչ թէ նախընտրութիւնները, նոյնիսկ, եթէ քո սիրած քաղաքականութիւնը չէ, դու պէտք է ապահովես քո երկրի, քո ժողովրդի անվտանգութիւնը, քո երկրի շահերով առաջնորդւես:
. Ո՞վ կը շահի, եթէ Ռուսաստանը հետ քաշւի Հայաստանից: Կը շահեն Ադրբեջանը եւ Թուրքիան: Հայաստանի ժողովուրդը չի շահի, եթէ Ռուսաստանը դուրս գա Հայաստանից:
. 44-օրեայ պատերազմի ընթացքում ո՞վ աջակցեց Հայաստանին, մէկը քաջութիւն չունեցաւ, բոլորը դաւաճանեցին, որեւէ մէկը մատն անգամ չշարժեց: Բայց որեւէ մէկից նեղանալու իրաւունք չունենք, պէտք է նեղանանք Հայաստանի իշխանութիւններից:
. Երբ 2020 թ. նոյեմբերի 13-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ ամփոփեցինք, նա ինձ հարց ուղղեց, ասաց՝ բացատրի ինձ՝ ի՞նչ արեցիք, ինչպէ՞ս տեղի ունեցաւ 44-օրեայ այդ պատերազմը: Ես լաց եղայ, իմ լացս եկաւ… Ասացի, որ բոլորը մեզ դաւաճանեցին: Ասացի՝ չեղաւ մէկ երկիր անգամ, որ այդ քաջութիւնն ունենար, գնար եւ կանգնեցներ այդ խենթութիւնը… Մէկդ այդ քաջութիւնը չունեցաւ: Իր աչքերի մէջ նայելով՝ ասացի. «Պարոն նախագահ, Ֆրանսիան էլ չարեց դա»: Մակրոնն ինձ պատասխանեց. «Մտածեցինք՝ ինչպէս կարող էինք անել, բայց կարելի չէր», երազելն ու կարելին (հնարաւորը,-հեղ.) տարբեր բաներ են:
. Չպէտք է կարծենք, որ ուզելով՝ կարող ենք փոխել մեր դաշնակիցներին, էժան քարոզչութեամբ չպէտք է խաբենք մեր ժողովրդին:
. Կան երկրներ, որոնք Կովկասը որպէս բիզնեսի տարածք են դիտում: Տոյւօ Կլաարը յայտարարեց Թուրքիայի ներկայութեան մասին, որ պէտք է նորմալ յարաբերութիւններ ունենայ Հայաստանը Թուրքիայի հետ, եւ Թուրքիան կարող է այս տարածաշրջանում դերակատարութիւն ունենալ: Թուրքիան ուզում է տնտեսապէս իշխել Հայաստանում, իսկ ով իշխում է տնտեսապէս, նա էլ իշխում է նաեւ քաղաքականապէս:
. 2020-ի 44-օրեայ պատերազմից յետոյ ասել եմ, որ Հայաստանի իշխանութիւններն իրենց այս քաղաքականութեամբ դէպի այդ ռիսկերն են տանում:
. Սփիւռքի յանձնակատար Զարեհ Սինանեանն ամենուր փորձել է պառակտել սփիւռքը, բայց միեւնոյն է, չի յաջողել, ձախողւել է:
. Վիգէն Յովսէփեանի դիրքորոշումը եւս փոխւել է այս իշխանութիւնների նկատմամբ, Արեւմտեան Ամերիկայի ՀՅԴ կազմակերպութիւնը վերամիաւորւեց, որեւէ մէկը չի կարող խանգարել մեզ, մեր կազմակերպութիւններին: Սփիւռքը պառակտել չի ստացւել:
. Փաշինեանի վերջին պատերազմը՝ ջարդել Եկեղեցին, չի յաջողւի, թող իզուր չփորձի: Զօրակցում եմ Բագրատ Սրբազանի առաջնորդած սրբազան շարժմանը, դա առողջ շարժում է, առողջ արժէքներով, մենք պէտք է գնահատենք եւ ուժ տանք, պէտք է կարողանանք միասնականութեան ուժ գտնել, դա է հայ ազգի փրկութեան ճանապարհը: Պէտք է այս էջը շրջել եւ Հայաստան-Արցախ եւ Սփիւռք միասնականութեան գաղափարը վերականգնել, դա ուժ կը տայ մեզ: