ԵՊՀ Հայոց պատմութեան ամբիոն. «Առաջարկւող փոփոխութիւնը հիմնաւորւած չէ, ժամանակավրէպ է»
«ԱԼԻՔ» – ԵՊՀ Հայոց պատմութեան ամբիոնը ներկայացրել է իր դիրքորոշումը «Հայոց պատմութիւն» առարկան «Հայաստանի պատմութիւն» անւանափոխելու ՀՀ ԿԳՄՍ նախարարութեան օրէնսդրական նախաձեռնութեան վերաբերեալ։
Յայտարարութիւնը՝ ստորեւ․
«Որոշումը միաձայն ընդունւել է Հայոց պատմութեան ամբիոնի 2024 թ. յունւարի 24-ին կայացած նիստում, որին մասնակցում էին ամբիոնի 18 անդամներից 14-ը եւ Պատմութեան ֆակուլտետի դեկան պ․ գ․ թ․, դոցենտ Մ․ Ռ․ Գաբրիէլեանը։
Ամբիոնն իր տարակուսանքը եւ խոր մտահոգութիւնն է յայտնում, որ ԿԳՄՍ նախարարութիւնը եւ նրան ենթակայ կառոյցները, առանց գիտական ու կրթական հանրութեան շրջանում լուրջ քննարկումների, կրթական նոր չափորոշիչներից եւ «Հայոց պատմութեան» 7-րդ դասարանի աղմկայարոյց դասագրքի հրատարակութիւնից յետոյ հերթական չմտածւած եւ բնաւ չնախապատրաստւած քայլն են կատարում՝ շրջանառութեան մէջ մտցնելով մի նախագիծ, որը ոչ միայն չի բխում ազգային-կրթական եւ ազգային-պետական շահերից, այլեւ ակնյայտ քաղաքական ենթատեքստ ունի, ժամանակավրէպ է, եւ որի հետեւանքները վնասակար ու վտանգաւոր են լինելու ոչ միայն կրթական համակարգի, այլեւ՝ ընդհանրապէս Հայաստանի ու ողջ հայութեան համար:
ԿԳՄՍ-ն որդեգրել է մի գործելակերպ, որն ի սկզբանէ կազմակերպական առումով բացասական տպաւորութիւն է թողնում: Ինչ-որ անանուն պատմաբանների դիմումի հիման վրայ (որեւէ փաստ չկայ, որ այդ պատմաբաններն իրականում կան) անմիջապէս ի յայտ է գալիս փոփոխութիւնների նախագիծ եւ դրւում քննարկման: Պարզ տրամաբանութիւնը յուշում է, որ առաջարկին պէտք է յաջորդէր դրա հեղինակների կողմից իրենց առաջարկի հիմնաւորումների հրապարակումը: Դրան պիտի յաջորդէր համապատասխան մասնագիտական կառոյցների կարծիքների ճշտումը, եւ դրական կարծիքների դէպքում նոր միայն կազմւէր պատշաճ հիմնաւորւած փաստաթուղթ, որը կարող էր ներկայացւել հանրային քննարկման: Այսինքն՝ հարցին պէտք է ցուցաբերւէր պետական-ինստիտուցիոնալ մօտեցում, ինչը չի կատարւել: Դա խօսում է գիտակրթական հաստատութիւնների նկատմամբ անթաքոյց անվստահութեան մասին եւ թողնում է դաւադրական գործողութիւնների տպաւորութիւն, ինչը բնաւ չի բխում Հայաստանի Հանրապետութեան եւ, ընդհանրապէս, հայութեան շահերից:
Հայո՞ց պատմութիւն, թէ՞ Հայաստանի պատմութիւն հարցադրումը եւ երկրորդն առաջինին հակադրելը ամբիոնի կարծիքով արհեստական է եւ բացատրւում է նախագիծը նախաձեռնողների՝ որոշ իրողութիւնների չիմացութեամբ կամ զուտ քաղաքական ինչ-ինչ նկատառումներով: Դրա հետ կապւած՝ մի քանի պարզաբանումներ.
ա. Հանրակրթական առարկայի` ներկայումս կիրառւող «Հայոց պատմութիւն» անւանումը գրաբարեան «Պատմութիւն Հայոց» ձեւակերպման աշխարհաբարեան տարբերակն է։ 1990-ական թթ. սկզբներին նորանկախ Հայաստանի պատմաբանները (ակադեմիկոսներ Լենդրուշ Խուրշուդեան, Հրաչիկ Սիմոնեան, Վլադիմիր Բարխուդարեան եւ այլք) տեւական քննարկումներից յետոյ որոշեցին հրաժարւել խորհրդային տարիներին կիրառւած «Հայ ժողովրդի պատմութիւն» անւանումից եւ վերադարձ կատարել Ոսկէդարի շրջանից մինչեւ ուշ միջնադար ու նոր (վաղ արդի) ժամանակաշրջան կիրառւած պատմագրական աւանդոյթին։
բ. «Հայոց պատմութիւն» առարկայի անւան մէջ «Հայոց» բառը «Հայք» բառի սեռական-տրական հոլովն է գրաբարում։ «Հայք» բառը գրաբարում նշանակում է միաժամանակ ե՛ւ «Հայաստան», ե՛ւ «հայեր», որը փոխանցւել է նաեւ աշխարհաբարեան կիրառութեանը (տե՛ս Աւետիքեան Գ., Սիւրմէլեան Խ., Աւգերեան Մ., Նոր բառգիրք Հայկազեան լեզւի, հատոր երկրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 1981, էջ 29, Մալխասեանց Ստ., Հայերէն բացատրական բառարան, հատոր երրորդ, 2-րդ հրատ., Եր., ԵՊՀ հրատ., 2010, էջ 36)։ Հետեւաբար՝ «Հայոց պատմութիւն»-ը բովանդակային առումով աւելի տարողունակ եզրոյթ է՝ միաժամանակ նշանակում է ե՛ւ Հայաստանի՝ որպէս պետութեան, ե՛ւ հայերի պատմութիւն։ Քերթողահայր Մովսէս Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ը հէնց հայոց պետականութիւնների պատմութիւնն է: Սկսած 5-րդ դարից այս անւանումն աւանդաբար կիրառւում է՝ ե՛ւ գրաբարում, ե՛ւ միջին հայերէնում, ե՛ւ արեւմտահայերէնում, ե՛ւ արեւելահայերէնում։ Կրթական գործընթացում եւ գիտութեան մէջ այդ եզրոյթի կիրառմամբ միաժամանակ լուծւում է երկու հարց. նախ՝ մէկ եզրոյթով բնորոշւում է Հայոց պատմութիւնն ամբողջութեամբ՝ ներառեալ ինչպէս բուն Հայաստանի տարածքում պետականութեան պատմութիւնը, այնպէս էլ Հայաստանից դուրս տեղի ունեցած՝ հայ ժողովրդին առնչւող իրադարձութիւններն ու գործընթացները, երկրորդ՝ ընդգծւում է ժառանգական կապը ժամանակակից եւ նախորդ դարերի հայ պատմագրութեան միջեւ։
գ. Օտար լեզուներով հնարաւոր չէ մէկ բառով արտայայտել «Հայոց պատմութիւն» եզրոյթի վերոնշեալ երկու իմաստները: Ուստի այն այլ լեզուներով թարգմանելիս օգտագործւել է «Հայաստանի պատմութիւն» համազօր ձեւը (History of Armenia, История Армении, Histoire d’Arménie եւ այլն)։ Հէնց այդ տրամաբանութեամբ են առաջնորդւել 18-րդ դարի վերջին Միքայէլ Չամչեանը, 19-20-րդ դարերի բոլոր հայագէտները (թէ՛ հայ, թէ՛ օտար), ովքեր պահպանել են պատմագրութեան աւանդոյթը` կիրառելով «Պատմութիւն Հայոց» տարողունակ ձեւակերպումը հայերէնում եւ համապատասխան լեզւամտածողութեամբ թէ՛ «Հայաստանի պատմութիւն» (լատիներէն (1736), ռուսերէն (1809, 1858, 1990), ֆրանսերէն (1841, 1869) եւ այլն), թէ՛ «Հայերի պատմութիւն» (անգլերէն, 1978) տարբերակներն այլ լեզուներում։
դ. ԿԳՄՍ-ի կողմից հրապարակւած փաստաթղթում թւարկւած երկրների օրինակով առաջարկւող փոփոխութեան հիմնաւորումը համոզիչ չէ: Օտար լեզուներում տւեալ երկրի պատմութիւնը ժողովրդի պատմութիւնից չի տարբերակւում կա՛մ փաստացի համընկնելու, կա՛մ քաղաքական ինչ-ինչ պատճառներով։ Ֆրանսիայում պաշտօնապէս ֆրանսիացի է համարւում Ֆրանսիայի Հանրապետութեան քաղաքացին, հետեւաբար՝ տարբերակելու կարիք չկայ։ Սաուդական Արաբիան լոկ 20-րդ դարում ստեղծւած երիտասարդ պետութիւն է, որը պետականութեան աւանդոյթներ չունի: Բացի այդ, այն արաբական 22 պետութիւններից լոկ մէկն է: Հետեւաբար՝ նրա պատմութիւնն արաբների պատմութիւն անւանւել չի կարող: Հնդկաստանը, Վրաստանն ու Ղազախստանը բազմազգ երկրներ են, որտեղ «Երկրի պատմութիւն» անւանաձեւով պետականակերտ ժողովուրդները իւրացնում են նաեւ այդ տարածքներում ապրող այլ ժողովուրդների պատմութիւնը։ Բացի դրանից՝ ե՛ւ վրացիները, ե՛ւ ղազախները բաժանւում են ենթաէթնիկ հանրութիւնների (վրացիները՝ մենգրելների ու սւանների, ղազախները՝ աւագ, միջին եւ կրտսեր ժուզերի (ցեղախմբերի))։ Հետեւաբար՝ վերը նշւած դէպքերում լուծւում են այնպիսի քաղաքական խնդիրներ, որոնք Հայաստանի ու հայ ժողովրդի հետ ոչ մի ընդհանրութիւն չունեն։
Ի դէպ, նախարարութեան ներկայացրած հիմնաւորման մէջ բերւած օրինակները յիշեալ երկրների դպրոցներում դասաւանդւող առարկաներին չեն վերաբերւում, այլ սոսկ առանձին գրքերի անւանումներ են։ Անհրաժեշտ էր ուսումնասիրել այդ երկրների դպրոցներում ուսուցանւող տւեալ երկրի պատմութեան առարկայի անւանումները։
ե. Ի տարբերութիւն վերը բերւած օրինակների՝ Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ պատմութեան դասաւանդման համատեքստում ընդհանրութիւններ ունեն, օրինակ, յոյները։ Յունաստանի Հանրապետութեան դպրոցներում «Յունաստանի պատմութիւն» անունով առանձին առարկայ չկայ, ամբողջ պատմութիւնը դասաւանդւում է մէկ առարկայի շրջանակներում, որտեղ նիւթի մեծ մասն ուղղակի Յունաստանի եւ յոյների մասին է (յստակ պատկերացում կազմելու համար առաջարկւում են հետեւեալ հղումները:
Միեւնոյն ժամանակ յունական գրականութեան եւ գիտութեան մէջ օգտագործւում են ինչպէս Ιστορίατου Ελληνικού Έθνους (Յոյն ժողովրդի պատմութիւն), այնպէս էլ Ιστορία της Ελλάδας (Յունաստանի պատմութիւն) եզրոյթները, բայց աւելի տարածւած է «Ελληνική ιστορία» եզրոյթը, որը բովանդակային առումով համարժէք է «Հայոց պատմութիւն» բառակապակցութեանը, քանի որ Ελληνική բառը կարող է թարգմանւել միաժամանակ ե՛ւ «յունական», ե՛ւ «Յունաստան» տարբերակներով:
Առաջարկւող փոփոխութիւնն անընդունելի է նաեւ հետեւեալ պատճառներով.
ա. Նախ, պարզ չէ, թէ տարածքային առումով իրենից ինչ է ներկայացնելու առաջարկւող Հայաստան եզրոյթը՝ պատմական Հայքն իր լայնածաւալ տարածքո՞վ, պաշտօնապէս 29800 քառակուսի կմ. տարածքո՞վ ներկայիս Հայաստանի Հանրապետութիւնը, թէ՞ որեւէ այլ բան: Մեր երկրի համար ներկայումս ստեղծւած խիստ աննպաստ պայմաններում, երբ վտանգւած են նրա սահմանները եւ առկայ են թշնամու տարածքային անթաքոյց յաւակնութիւնները, նման հարցադրումը սոսկ հռետորական չէ եւ որոշակիութիւն է պահանջում:
բ. «Հայոց պատմութիւն» եզրոյթը «Հայաստանի պատմութիւն»-ով փոխարինելը էապէս սահմանափակելու է դասաւանդւող առարկայի բովանդակային շրջանակները: Հայաստանն անգամ պատմական Հայքի սահմաններով դիտարկելու դէպքում դրանցից դուրս են մնալու կամ խիստ թերի են ներկայացւելու Հայոց պատմութեան այնպիսի առանցքային թեմաներ, որպիսիք են հայոց ծագումնաբանութեան, Կիլիկիայի հայկական պետութեան, հայկական գաղթավայրերի ու Սփիւռքի, 18-րդ դարի երկրորդ կէսի, 19-րդ դարի երկրորդ կէսի եւ 20-րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի, ուշ միջնադարի ու նոր շրջանի հայ մշակոյթի հիմնահարցերը եւ այլն: Մասնաւորապէս՝ առարկայի ծրագրային շրջանակից դուրս են մնալու հայ գրատպութեան, Հայաստանից դուրս ծնւած ու գործած մշակոյթի ականաւոր գործիչների, հայ խոջայական, նոր շրջանում՝ բանկային եւ արդիւնաբերական կապիտալի, բարեգործական տարբեր կազմակերպութիւնների վերաբերեալ բնաւ ոչ երկրորդական հարցերը, որոնք մեր պետութեան եւ ժողովրդի համար լուրջ այցեքարտեր են արտաքին աշխարհին ներկայանալու համար: Որոշ պաշտօնատար անձանց կողմից հնչող պնդումները, թէ վերոնշեալ խնդիրները ներառւելու են նոր անւանումով առարկայի ծրագրերում, համոզիչ չեն եւ որեւէ երաշխիքով ապահովագրւած չեն:
Ամփոփելով վերոշարադրեալը, ամբիոնն արձանագրում է, որ առաջարկւող փոփոխութիւնը հիմնաւորւած չէ, ժամանակավրէպ է եւ չի լուծում այն խնդիրը, որի մասին յայտարարւում է: Փոխարէնը՝ նրա ընդունումը էական վնաս է հասցնելու ինչպէս դպրոցում եւ կրթական համակարգի բոլոր օղակներում առարկայի դասաւանդմանը, այնպէս էլ ընդհանրապէս ազգային պատմութեան ընկալմանը հասարակութեան կողմից։
ԵՊՀ Հայոց պատմութեան ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ.՝ Է. Գ. Մինասեան»։