Հայաստան - ԱրցախՔաղաքական

Տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցութեան մամուլի ասուլիսը

Հոկտեմբերի 3-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը հանդէս է եկել մամուլի ասուլիսով:

Նա ամփոփել է խորհրդարանական շաբաթը եւ պատասխանել լրագրողների հարցերին:

Վերջին օրերին նկատելի է սննդամթերքի գների աճ, յատկապէս կաթի, ձաւարի, ձւի եւ ձէթի դէպքում։ Այս հարցին Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրոյցների ժամանակ անդրադարձել է «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արթուր Խաչատրեանը։

Պատգամաւորն հետաքրքրւել է, թէ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարութիւնը պատրաստե՞լ է որեւէ քայլ սոցիալական խնդիրների մեղմման համար այս գների աճի պայմաններում, թէ՞ գերադասում են զբաղւել արտաքին հանդիպումներով։

«Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն ինչ-որ քայլեր ձեռնարկելո՞ւ է այս թանկացումներով պայմանաւորւած սոցիալական բարդութիւնները մեղմելու համար, թէ՞ դարձեալ մտածում է իր թուրք գործընկերուհու հետ յաջորդ հանդիպման մասին»,- ասել է նա։

Արթուր Խաչատրեանն անդրադարձել է Նիկոլ Փաշինեանի՝ «մեղմօրօր բողոքին՝ ՄԱԿ-ում, զայրոյթին՝ ԵԽԽՎ-ում եւ ՔՊ-ի հապշտապ յայտարութեանը»։

«Միջանցք բառը ոչ միայն Ալիեւի բերանից է թռել, նաեւ Թրամփի։ Կողքը նստած էր, բա թող ասէր՝ ինչ միջանցք»,- ասել է Արթուր Խաչատրեանը։

Ըստ նրա՝ այս պայմաններում, երբ որ ամենակարեւոր հարցերի շուրջ չկայ համաձայնութիւն, հապշտապ գնալ ու նախաստորագրել խաղաղութեան պայմանագիրը, ու դա ներկայացնել որպէս խաղաղութիւն՝ մառազմ է։

Ինչ վերաբերում է նախօրէին ՔՊ խմբակցութեան «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան հաստատման վերաբերեալ» Ազգային ժողովի յայտարարութեան նախագծին, ընդդիմադիր պատգամաւորը նշել է, որ այն մէկ նպատակ ունէր. «Յանկարծ Ալիեւը չմտածի, որ մեղմօրօր բողոքը, պոռթկումը ՄԱԿ-ում, ԵԽԽՎ-ում, յանկարծ նշանակում է, որ Փաշինեանը կարող է Ալիեւին ասել՝ դա լաւ, հերիք եղաւ»։

Անդրադառնալով Փաշինեանի յայտարարութիւններին՝ ներկուսակցական ժողովրդավարութեան մասին, Արթուր Խաչատրեանն ասել է. «Մի մարդ, որ ասում է կառավարութիւնը ես եմ, յանկարծ խօսում է ներկուսակցական ժողովրդավարութեան մասին»:

«Շատերս ենք տեսել, թէ ինչ տեղի ունեցաւ ՔՊ համաժողովի ժամանակ՝ Ստալինի, Խուրշչովի, Բրեժնեւի, Գորբաչովի ոճով ծափահարութիւնները, եւ հիմա խօսում է ներկուսակցական ժողովրդավարութեան մասին։ Ակնյայտ է, որ Ալիեւին զիջումներն ինքը լրացնում է ներսում բռնակալութիւն հաստատելու անթաքոյց ջանքերով եւ այս ամէնն ուղղւած են լինելու ՀՀ-ում կուսակցութիւնները վերահսկելու, իսկ Դաշնակցութիւնը փակելու գործողութիւններով»,-ասել է նա։

Arfd.am

Related Articles

Back to top button