ԵՄ-ն երկարաձգում է Ռուսաստանի դէմ պատժամիջոցները «հիբրիդային գործողութիւնների» համար

«ԱԼԻՔ» – Եւրոպական Միութեան Խորհուրդը եւս մէկ տարով երկարաձգել է ֆիզիկական անձանց պատժամիջոցները «արտասահմանում Ռուսաստանի անկայունացնող գործողութիւնների համար պատասխանատու» անձանց եւ կազմակերպութիւնների նկատմամբ։
«Խորհուրդը որոշել է եւս մէկ տարով՝ մինչեւ 2026 թւականի հոկտեմբերի 9-ը, երկարաձգել ֆիզիկական անձանց սահմանափակող միջոցառումները «արտասահմանում Ռուսաստանի անկայունացնող գործողութիւնների համար պատասխանատու» անձանց եւ կազմակերպութիւնների նկատմամբ»,- ասւած է ԵՄ Խորհրդի յայտարարութեան մէջ, որը հրապարակւել է հոկտեմբերի 3-ին:
Պատժամիջոցները երկարաձգւել են «հաշւի առնելով Ռուսաստանի շարունակական հիբրիդային գործունէութիւնը, ներառեալ՝ մանիպուլիացիաները եւ միջամտութիւնը արտաքին տեղեկատւութեան ոլորտում՝ ընդդէմ ԵՄ-ի, նրա անդամ պետութիւնների եւ գործընկերների»։
ԵՄ Խորհուրդը լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել՝ ի պատասխան 2024 թւականի հոկտեմբերի 8-ին Ռուսաստանի «հիբրիդային» անկայունացնող գործողութիւնների։ Այս պատժամիջոցները ուղղւած էին Ռուսաստանից 47 անձանց եւ 15 կազմակերպութիւնների նկատմամբ։
Նրանց ակտիւները ենթակայ են սառեցման, եւ ԵՄ քաղաքացիներին եւ ընկերութիւններին արգելւում է նրանց միջոցներ, ֆինանսական ակտիւներ կամ տնտեսական ռեսուրսներ տրամադրել։ Ֆիզիակական անձինք եւս ենթակայ են ԵՄ մուտք գործելու կամ ԵՄ տարածքով տարանցիկ տեղաշարժւելու արգելքի։