Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սուրէն Սուրէնեանց. «Երեք կարեւոր սկզբունք հանւում է խաղաղութեան պայմանագրից, արդիւնքում կունենանք բովանդակազուրկ ու արժէզրկւած մի պայմանագիր»

«ԱԼԻՔ» – Հայաստանում մերձիշխանական շրջանակների կողմից ներկայացւում է, թէ ճանապարհների ապաշրջափակման հարցը հանւել է օրակարգից, մինչդեռ դա այդպէս չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասել է քաղաքագէտ Սուրէն Սուրէնեանցը՝ անդրադառնալով խաղաղութեան պայմանագրից ճանապարհների ապաշրջափակման մասին հարցը հանելու պայմանաւորւածութեանը:

«Հարցն ընդամէնը հանւել է խաղաղութեան պայմանագրի տեքստից, այստեղ արդէն մի քանի վտանգ կայ: Նախ արժէզրկւում է խաղաղութեան պայմանագիր կոչւածը, որովհետեւ Հայաստանն ի սկզբանէ 3 խնդիր էր դրել այդ պայմանագիրը ստորագրելու հարցում: Հայաստանն ասում էր, որ պէտք է յստակ ճանաչւեն միմեանց տարածքային ամբողջականութիւնը, մինչեւ այս պահը, սակայն, մենք գիտենք, որ Ադրբեջանը տարածքային պարամետրերով Հայաստանը չի ճանաչել: Հայաստանն ասում էր, որ կոնկրետ քարտէզ պէտք է դրւի սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հիմքում, քննարկւում էր 1979 թ.-ի քարտէզները, եւ որ կոմունիկացիաները պէտք է ապաշրջափակւեն ինքնիշխանութեան, իրաւազօրութեան եւ փոխադարձութեան հիմքով: Այժմ տեսնում ենք, որ այդ խնդիրներից եւ որեւէ մէկը չի արտացոլւելու խաղաղութեան պայմանագրի հիմքում: Այդ դէպքում մի կողմից արժէզրկւում է խաղաղութեան պայմանագիրը, միւս կողմից այն չի երաշխաւորելու Հայաստանի ապաշրջափակումը»,- ասել է Սուրէնեանցը:

Քաղաքագէտի դիտարկմամբ՝ փորձը ցոյց է տւել, որ եթէ ինչ-որ խնդիր դուրս է մնում խաղաղութեան պայմանագրից, հետագայում այն որպէս գործիք է կիրառւում Հայաստանի դէմ ճնշում բանեցնելու համար: Որպէս օրինակ նա բերեց դելիմիտացիայի եւ դեմարկացիայի հարցը:

«Ադրբեջանը որեւէ կերպ պատրաստ չէ որեւէ փաստաթուղթ ստորագրել, հակառակ դէպքում առաջ չէր քաշի Սահմանադրութեան փոփոխութեան պահանջը, այստեղ էլ ի՞նչ դիւանագիտական յաջողութեան մասին են խօսում»,- նշել է նա:

Հարցին՝ այնուամենայնիւ Ադրբեջանի գործողութիւնների մէջ շտապողականութիւն չի՞ արդեօք խաղաղութեան պայմանագրից կնճռոտ հարցերը դուրս թողնելու, ֆիկտիւ փաստաթուղթ ստորագրելու եւ անունը խաղաղութեան պայմանագիր դնելու առումով, ինչին ի պատասխան Սուրէնեանցն ասել է.

«Ադրբեջանը նոյնիսկ այդ բովանդակազուրկ փաստաթուղթը պատրաստ չէ ստորագրել, հակառակ պարագայում Սահմանադրութիւն փոխելու պահանջ չէր դնի: Ինձ համար ակնյայտ է, որ Նիկոլ Փաշինեանը Սահմանադրութիւնը փոխելու մասին որեւէ խոստում է տւել Ադրբեջանին, հակառակ պարագայում մեր ԱԳՆ-ն կտրուկ կը հերքէր Էլչին Ամիրբէկովի յայտարարութիւնը, իսկ ինքն ուղիղ տեքստով ասել է, որ Փաշինեանը իրենցից ժամանակ է խնդրել Սահմանադրութիւնը փոխելու հարցում: Ըստ ամենայնի տրւել է նման խոստում, բայց ես որեւէ ձեւով հնարաւոր չեմ համարում, որ ՀՀ քաղաքացիները գնան, քւէարկեն այն փոփոխութիւնների օգտին, որը պահանջում է Ալիեւը: Հետեւաբար պնդում եմ, որ սրանք Ադրբեջանի հերթական տակտիկական քայլերն են՝ վիժեցնելու խաղաղութեան գործընթացը»:

Յիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբէկովը յայտարարել էր, որ երբ խաղաղութեան պայմանագիրը ստորագրւի, երկու երկրները կարող են վերսկսել բանակցութիւնները՝ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցութիւնը վերականգնելու ընդունելի բանաձեւ գտնելու համար:

ՀՀ ԱԳՆ-ն էլ իր հերթին յայտարարել էր՝ այս համաձայնութեամբ հանդերձ, հաղորդակցութիւնների ապաշրջափակումը շարունակում է մնալ խաղաղութեան եւ տնտեսական զարգացման ՀՀ տեսլականի կարեւոր մաս՝ արտացոլւած «Խաղաղութեան խաչմերուկ» ծրագրում, հիմնւած ինքնիշխանութեան, իրաւազօրութեան, փոխադարձութեան ու հաւասարութեան վրայ:

Related Articles

Back to top button