Կարէն Յովհաննիսեան. «Իրանը ոչ թէ դանդաղկոտութիւն է դրսեւորում, այլ իրականացնում է հիւծող, մաշող քաղաքականութիւն հակառակորդի հանդէպ»
«ԱԼԻՔ» – Սկսած 2020 թւականից՝ տարածաշրջանում ակտիւ ռազմական գործողութիւնների վտանգը մեծ է: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասել է ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը՝ պատասխանելով այն հարցին, թէ Իրան-Իսրայէլ հակամարտութեան արդիւնքում տարածաշրջանում հնարաւո՞ր են ակտիւ ռազմական գործողութիւններ:
«44-օրեայ պատերազմը ոչ թէ տարածաշրջանում վերջ դրեց պատերազմներին, այլ նոր ձեւաչափով պատերազմների սկիզբը դրեց: Տարածաշրջանը դեռեւս եռում է, եւ յարաբերական կայունութիւնը դեռեւս շատ հեռու է»,- ասել է նա:
Անդրադառնալով տեղեկատւական այն արտահոսքերին, որ Իրանի նախագահ Փեզեշքիանն առաջարկել է հարւածել Ադրբեջանում Իսրայէլի հետ կապւած օբիեկտներին, որոնցից շատերը, ըստ տարբեր աղբիւրների, տեղակայւած են Արցախի օկուպացւած տարածքներում, ռազմական փորձագէտն ընդգծել է. «Արցախի հարաւարեւմտեան օկուպացւած հատւածներում, այսինքն այն տարածքներում, որը սահմանակից է Իրանին, տեղակայւած են իսրայէլական յատուկ ստորաբաժանումներ, որոնց նպատակը յատուկ ռազմական գործողութիւններ իրականացնելն է: Այս առումով Իրանը բնականաբար վտանգ է տեսնում։ Ես կարծում եմ, որ այդ տեղեկատւական արտահոսքը միտումնաւոր արւեց, որպէսզի այդ կերպ կանխւեն այդ ստորաբաժանումների կողմից հնարաւոր գործողութիւնները»:
Յովհաննիսեանի խօսքով՝ երբ ամբողջ աշխարհը սպասում է Իրանի գործողութիւններին, վերջինս իր սպասողականութեամբ հիւծում եւ այդ կերպ թուլացնում է Իսրայէլին:
«Իրանի ռազմաստրատեգիական գործողութիւնները շատ բնորոշ են հէնց Իրանի նման պետութիւններին, որոնք դարեր ի վեր եղել են ռազմարւեստի կերտողներից մէկը: Իրանը ոչ թէ դանդաղկոտութիւն է դրսեւորում, այլ իրականացնում է հիւծող, մաշող քաղաքականութիւն հակառակորդի հանդէպ: Հետաքրքիր է, որ Իրանը դա իրականացնում է առանց որեւէ լուրջ միջոցներ ծախսելու, մինչդեռ Իսրայէլը բաւականին լուրջ միջոցներ է ծախսում, որպէսզի կանխի Իրանի հնարաւոր յարձակումը: Իսրայէլը ցամաքային ու օդային սահմանը միշտ մարտական վիճակում է պահում, ինչը ոչ միայն հիւծում է, այլեւ մեծ ֆինանսներ է պահանջում: Հակաօդային միջոցներ ձեռնարկելը թանկ հաճոյք է, ուր մնաց կանխարգելիչ հակաօդային գործողութիւններ իրականացնելը: Դա ենթադրում է անընդհատ մարտական հերթապահութիւն կործանիչներով, գետնի վրայ կոնկրետ համակարգերով: Իրանը միտումնաւոր է ստեղծում այս անորոշ մթնոլորտը, նա նպատակ ունի այնքան մաշեցնել, հասցնել մի այնպիսի վիճակի, երբ վստահ կը լինի, որ իր յարձակումները տեղ կը հասնեն»,- ասել է նա:
Ռազմական փորձագէտի գնահատմամբ՝ Իրանը սպասում է նաեւ, որ Իսրայէլը հէնց իսրայէլական զինուժի մասնակցութեամբ ցամաքային գործողութիւններ կիրականցնի Իրանի դէմ, իսկ այդ պարագայում այդ գործողութիւնների իրականացման համար տարածք տրամադրող հաւանական երկիրն Ադրբեջանն է:
«Եթէ Արդբերջանի տարածքից սկսեն ցամաքային գործողութիւնները, ապա Իրանը կը կարողանայ մուտք գործել Ադրբեջանի տարածք՝ տարածքային ամբողջականութեան սպառնալիքի անւան տակ: Թէեւ կարծում եմ, որ այս սցենարը քիչ հաւանական է՝ հաշւի առնելով, որ Իսրայէլը կոչ արեց իր զինւորականներին լքել Ադրբեջանի ու Վրաստանի տարածքը: Ես կարծում եմ, որ աւելի հաւանական են օդային գործողութիւնները»,- նշել է Յովհաննիսեանը:
Ռազմական փորձագէտն ասել է. «Հայաստանը բնականաբար չի կարող չէզոք լինել՝ հաշւի առնելով, որ այստեղ խօսք կարող է գնալ Սիւնիքի մասին: Ադրբեջանն անթաքոյց ցանկութիւններ ունի հնարաւոր ռազմական գործողութիւնների դէպքում յարձակւել Հայաստանի վրայ: Ստեղծւած իրավիճակում Հայաստանն ակտիւ պէտք է աշխատի ինչպէս Իրանի, այնպէս էլ միջազգային հանրութեան հետ: Շատ կարեւոր է, որ Հայաստանը շատ արագ կարգաւորի իր ռազմական բալանսը: Տարածաշրջանում հնարաւոր ռազմական գործողութիւնները վստահաբար մէկ տարով չեն սահմանափակւելու, դրանք տարիներ կարող են ձգւել, այս դէպքում ՀՀ-ն պէտք է երկարաժամկէտ կտրւածքով զարկ տայ ռազմաարդիւնաբերութեանը, քանի որ այն առաջին հերթին զսպող մեխանիզմ է»: