Աւտոերթ դէպի Վարդենիս, հաւաք՝ Սոթքում
«ԱԼԻՔ» – Բագրատ Սրբազանը եւ «Տաւուշն յանուն Հայրենիքի» շարժումը յունիսի 5-ի օրն անց կացրեցին Գեղարքունիքի մարզում:
Երէկ, շարժման մասնակիցներն ու ակտիւիստները Բագրատ Սրբազանի գլխաւորութեամբ, աւտոերթ էին կազմակերպել դէպի Վարդենիս: Աւտոերթի մեկնարկից առաջ Սրբազանը զրոյց է ունեցել լրագրողների հետ:
Խօսելով շարժման երեք փուլերի տրամաբանութեան ու մարտավարութեան մասին, Բագրատ Սրբազանը նշել է. «Մենք վճռական փուլ ենք մտել, հանգրւանային ընթանում ենք: Մենք առաջին փուլը խնդիրը արծարծելով, ասացինք, որ հարցը տեղական նշանակութիւն չունի, ուրեմն պէտք է գանք Երեւան: Երկրորդ փուլը եղաւ մայիսի 9-ից մայիսի 26-ը, որտեղ այն հնարաւորութիւնը ստեղծեցինք, որ կարողանանք լայն իմաստով շփումներ ունենալ թէ՛ քաղաքական ուժերի, թէ՛ հանրային գործիչների, տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Հիմա մուտք ենք գործել երրորդ փուլ, որը պէտք է դառնայ փոփոխութիւնների փուլը:
Ինձ շատերն են ասում՝ բա դուք ասում էինք 7-10 օրում կը լինեն փոփոխութիւններ: Այո ասել եմ, մեր մտածումները այդպէս են եղել, բայց այդ 7-10 օրւայ ժամանակի մէջ մենք հասկացանք, որ շատ աւելի մեծ խնդիրների առջեւ ենք, քան փորձելով միայն հեռացնել: Մենք ոչ մի բան չենք խաբել, չենք էլ խաբելու»:
Խօսելով այն փորձագէտների մասին, որոնք յայտնւելով իշխանական քարոզչամեքենաների եթերներում, փորձում են հանրութեանը համոզել, թէ իբր շարժումը մարելու է, Բագրատ Սրբազանն ասել է, որ եթէ շարժումն այսօր նրանց գումար վճարի, ապա կասեն՝ շարժումը համաշխարհային տիեզերական նշանակութիւն ունի. «Այդ մարդիկ փող աշխատող մարդիկ են, նրանց համար ոչ երկիր կայ, ոչ հայրենիք ու պետութիւն: Իրենց համար կարեւոր է իրենց որովայնը, իրենց տրւած արծաթը: Այսօր ամերիկեան քարոզչութեան մէջ են, վաղը Ռուսաստանից գումար ստանան, ռուսական քարոզչութիւնից են խօսելու նոյն ջանասիրութեամբ: Դրանք փորձագէտ չեն, փորձանքաբերներ են, մի պստիկ խումբ, որ դէմերես խօսես, ուղղակի կը չորանան տեղում»,- յայտնել է նա:
Հանրահաւաք՝ Սոթքում
Սոթքում կայացած հաւաքի ժամանակը Բագրատ Սրբազանը նախ անդրադարձել է Սոթք այցելութեան նպատակին՝ նշելով, որ եկել են տեղում տեսնելու այն ամբողջ աղէտը, որ գործող իշխանութիւնները բերել են Հայաստանի գլխին:
«Այս անարգանքը միայն այս իշխանութիւններինը չէ, այլ բոլորինս է, մեզ ինչ ասես ասում են, բայց լեզուները պապանձւում է մի բառ ասել այստեղ կանգնած թշնամուն, որ այստեղ կանգնած վերեւից մեզ հսկում է: Մեզ համար միանշանակ է, որ այս ստի ճանապարհը պէտք է կտրւի, այս արիւնահեղութիւնը պէտք է կտրւի, ինչ գին էլ պահանջւի մեզանից: Մենք կանգնած ենք շատ վճռական օրերի առջեւ, մենք կանգնած ենք հայրենիքը մաս-մաս յանձնելու առջեւ: Ոմանք այս ստախօսի (Փաշինեան-ԽՄԲ.) գլխաւորութեամբ յետ չեն կանգնելու այս ճանապարհից, որը իրենց պարտադրւած է, ոչ թէ բանակցւած: Մենք միասին պէտք է մեր կեանքից վերացնենք ամբարտաւանութիւնը, փնթիութիւնը, անկարգապահութիւնը, ամէն մարդ պատասխանատւութիւն կրելու կարողութիւն պէտք է ունենայ»,- ասել է նա:
Ճանապարհից շեղւելու տարբերակը բացառւած է
Սրբազանը շեշտել է, որ ընտրւած ճանապարհից շեղւելու տարբերակը բացառւած է, եւ շարժման մասնակիցները պատրաստ են ամէն ինչի՝ յաղթանակի հասնելու համար:
«Մենք ենք եւ մեր յաղթանակը, դրանից այն կողմ ուրիշ բան չկայ: Բացարձակ ոչինչ չկայ, որն ինձ կարող է վախեցնել։ Մահւան աչքերի մէջ էլ հազար անգամ նայել եմ։ Բայց նայել եմ նաեւ այն տղաների աչքերին, որոնց այս ձեռքերովս յուղարկաւորել եմ։ Այո՛, դա էլ եմ տեսել, եւ ինձ եմ տեսել այդտեղ, բայց ոչ այն փառքով ու պատւով, որն իրենցն է, այլ անարգւած»,- նշել է նա:
Յունիսի 9-ի հանրահաւաքի կարեւորութիւնը
Բագրատ Սրբազանը խօսել է նաեւ յունիսի 9-ին նախատեսւած մեծ հանրահաւաքի մասին՝ նշելով, որ այն առանցքային նաշանակութիւն է ունենալու:
«Կարեւոր է, որ այդ հանրահաւաքը բազմամարդ լինի, իսկ թէ ինչու է դա կարեւոր, ես տեղում կը տեղեկացնեմ։ Կը լինի նախապատրաստութիւն մեր յաջորդ քայլին, եւ յոյս ունեմ՝ յաղթական քայլի»,- ասել է նա։