ԻրանՔաղաքական

Բաղերի Քանի. «Որոշ պետութիւններ ՄԱԳԱՏԷ-ին օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար»

«ԱԼԻՔ» – ԱԳ նախարարի ժամանակաւոր պաշտօնակատար Ալի Բաղերի Քանին յայտարարել է, որ որոշ երկրներ ՄԱԳԱՏԷ-ն օգտագործում են իրենց քաղաքական նպատակների համար եւ դա միանշանակ վնաս  է հասցնում ՄԱԿ-ի միջուկային վերահսկողութեանը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Կառավարութեան երէկւայ նիստի շրջանակում լրագրողների հետ զրոյցում Բաղերի Քանին նշել է, որ ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկական գործակալութիւն է, եւ բոլոր երկրները, ներառեալ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի անդամ երկրները պէտք է գործեն գործակալութեան տեխնիկական մօտեցման հիման վրայ:

«Գործակալութեան ներուժն իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար օգտագործող որոշ անդամ երկրների ոչ կառուցողական մօտեցումն, անշուշտ կը վնասի գործակալութեան ինքնութեանը, ինչպէս նաեւ նրա կշռին եւ մասնագիտական դերակատարութեանը»,- շեշտել է նա:

Բաղերի Քանին նաեւ նշել է, որ Իրանը միշտ էլ այս կամ այն երկրներին խորհուրդ է տւել թոյլ տալ գործակալութեանը շարունակելու կատարել իր տեխնիկական եւ մասնագիտացւած դերը եւ այն սեփական քաղաքական դրդապատճառները փնտրելու գործիքի չվերածել։

Յիշեցնենք, որ Իրանը յունիսի 4-ին նոտա է ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ին վերջին զեկոյցների վերաբերեալ, որոնք ՄԱԳԱՏԷ-ի գլխաւոր տնօէն Ռաֆայէլ Գրոսսին ներկայացրել է Կառավարիչների խորհրդին։ Պաշտօնական Թեհրանը գործակալութեանը կոչ է արել երկրի միջուկային գործունէութեան վերաբերեալ իր զեկոյցներում պահպանել անաչառութիւնը:

Նշենք, որ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդին ուղղւած իր զեկոյցում Գրոսին աւելի վաղ կրկնել է իր նախկին յայտարարութիւնները որոշ հարցերում Իրանի համագործակցութեան իբր բացակայութեան մասին՝ պնդելով, թէ Իրանը դեռ պէտք է գործակալութեանը «տեխնիկապէս արժանահաւատ բացատրութիւն» տրամադրի իր երկու միջուկային օբիեկտներում ուրանի մասնիկների առկայութեան վերաբերեալ։

Related Articles

Back to top button