ԱԳՆ խօսնակ. «Հայաստանի ու Իրանի միջեւ անվտանգային պայմանագրի կնքման մասին տեղեկութիւն չունեմ»
«ԱԼԻՔ» – «Նման պայմանագրի կնքման մասին տեղեկութիւն չունեմ»: Երէկ՝ մարտի 4-ին, լրագրողների հետ շաբաթական հանդիպման ժամանակ յայտարարել է ԱԳ նախարարութեան պաշտօնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ պատասխանելով Իրանի եւ Հայաստանի միջեւ անվտանգային պայմանագրի կնքման մասին մամուլում շրջանառւող լուրերի մասին IRdiplomacy-ի հարցին:
«Ես նման պայմանագրի կնքման մասին տեղեկութիւն չունեմ։ Իրանի ու Հայաստանի յարաբերութիւնները կառուցողական են եւ հիմնւած փոխադարձ շահերի վրայ՝ տարածաշրջանի անվտանգութեան ու կայունութեան ամրապնդման շրջանակներում»,- յստակեցրել է նա:
Խօսելով «Զանգեզուրի միջանցք»-ի մասին՝ Նասեր Քանանին վերահաստատել է պաշտօնական Թեհրանի դիրքորոշումը, որ անընդունելի է ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխութիւն, որը կը յանգեցնի տարածաշրջանի միջազգային սահմանների փոփոխութեան:
«Այս հարցում մեր դիրքորոշումը բազմիցս արտայայտել ենք։ Այդ դիրքորոշումը չի փոխւել եւ չի փոխւելու»,- ընդգծել է նա: