Հայաստան - ԱրցախՍփիւռք

Բրիւսէլում Արցախի էթնիկ զտման առաջին տարելիցի կապակցութեամբ անցկացւել է «Յիշատակի եւ յոյսի» երեկոյ

Համագործակցաբար Եւրոպայի մի շարք հայկական կազմակերպութիւնների՝ մասնաւորապէս, Գերմանիայի «Մունք» նախաձեռնութեան եւ Հայ Առաքելական Եկեղեցու Բելգիայի թեմի հետ, ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակը սեպտեմբերի 13-ին, Բրիւսէլի հայկական եկեղեցում, կազմակերպել է «Յիշատակի եւ յոյսի երեկոյ»։ Միջոցառման ժամանակ յիշատակւել է 2023 թւականի սեպտեմբերին Արցախի բնիկ ժողովրդի ամբողջական էթնիկ զտումների առաջին տարելիցը։

Երկու հազարամեակի ընթացքում առաջին անգամ Արցախում՝ պապենական հայրենիքում, հայ չի մնացել։ Յիշատակի երեկոն համախմբել էր բելգիացի քաղաքական եւ հասարակական գործիչների, լրագրողների, կրօնական առաջնորդների եւ հայ համայնքի անդամների՝ ոգեկոչելու տեղի ունեցած հոգեւոր եւ մշակութային մեծ կորստի տարելիցը:

Հանդիպման ընթացքում կարեւորւել է Արցախում վտանգւած հայկական մշակութային եւ կրօնական ժառանգութեան պաշտպանութեան հրատապ անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ անդրադարձ է կատարւել մարդասիրական այն ողբերգութեանը, որ շարունակում է ներազդել հայ ժողովրդի վրայ: Տարելիցի միջոցառմանն իր ներկայութեամբ պատւել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանէս եպիսկոպոս Աբրահամեանը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղից հայ բնակչութեան բռնի տեղահանումն ու Արցախի մշակութային եւ կրօնական ժառանգութեանը սպառնացող վտանգը, ինչը ներառում է շուրջ 5000 յուշարձան։

Արցախի թեմի առաջնորդի ելոյթին յաջորդել է երաժշտական բաժին՝ Լորանս Անահիտ Մխիթարեանի (դաշնամուր), Վարդան Յովհաննիսեանի (դուդուկ) եւ Մարիա Աբաջան-Շաբերի (օպերա) կատարումներով:

ՀՅԴ Հայ Դատի Եւրոպայի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանն իր խօսքում նշել է. «Արցախի բռնի հայաթափումը վէրք է իւրաքանչիւր հայի սրտում եւ մարդու հիմնարար իրաւունքների խախտում, որը չպէտք է անտեսւի միջազգային հանրութեան կողմից: Մենք կը շարունակենք անխոնջ աշխատել՝ ապահովելու, որ աշխարհը քաղաքական օրակարգում պահի Լեռնային Ղարաբաղի հարցը, եւ որ վերականգնւեն նրա ժողովրդի իրաւունքները, մասնաւորապէս՝ հաւաքական վերադարձի իրաւունքը։ Այսպիսի միջոցառումները կենսական նշանակութիւն ունեն ե՛ւ մեր կորուստը ոգեկոչելու, ե՛ւ միջազգային հանրութեանը տեղեկացնելու Արցախի հայութեան անօտարելի իրաւունքների, ինչպէս նաեւ նրա վտանգւած մշակութային ժառանգութեան եւ ինքնութեան պաշտպանութեանն ուղղւած քայլերի ձեռնարկման անհրաժեշտութեան մասին»։

ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի Կենտրոնական գրասենեակ

17.09.2024 թ.

Related Articles

Back to top button