Նախագահը Ռուսաստանի հետ ամուր համագործակցութեան հեռանկարներ է տեսնում
«ԱԼԻՔ» – Հանրապետութեան նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իրանը տարանցիկ եւ տարածաշրջանային գազային հանգոյց դարձնելու մասին Թեհրանի եւ Մոսկւայի համաձայնագիրը երկու երկրների շահերի ապահովման, ինչպէս նաեւ տարածաշրջանում կայուն զարգացման, աճի եւ տնտեսական թռիչքի ստեղծման նպատակով համագործակցութեան հիանալի օրինակ է անւանել: Այս մասին նա յայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ եթէ Իրանի եւ Ռուսաստանի կարեւոր համատեղ նախագծերը հասնեն իրագործման փուլին, դրանք մեծ հնարաւորութիւններ կը ստեղծեն երկու երկրների համար պատժամիջոցների դէմ պայքարում», – ասել է նախագահը՝ յաւելելով. «ԱՄՆ-ն ցանկանում է պահպանել իր հեգեմոնիան, որպէսզի մեկուսացնի այնպիսի երկրներին, ինչպիսիք են Իրանը եւ Ռուսաստանը։ Բայց մենք պէտք է հակազդենք դրան, այդ թւում՝ այնպիսի ձեւաչափերով, ինչպիսիք են Շանհայի համագործակցութեան կազմակերպութիւնը եւ ԲՐԻԿՍ-ը»:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինն էլ իր հերթին նշել է. «Կարծում եմ, որ չնայած այն բանին, որ վերջին 7 ամիսների ընթացքում մեր համատեղ ապրանքաշրջանառութիւնն աճել է 6.5 տոկոսով, հսկայական ներուժ կայ Ռուսաստանի եւ Իրանի էներգետիկայի, տրանսպորտի, արդիւնաբերութեան, առեւտրային եւ մշակութային-հումանիտար յարաբերութիւնների ոլորտներում համագործակցութեան ընդլայնման համար»:
Նշենք, որ երէկ՝ սեպտեմբերի 30-ին, պաշտօնական այցով Թեհրան էր այցելել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Թեհրանից նա մեկնել է Երեւան, մասնակցելու Երեւանում կայանալիք Եւրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին եւ Եւրասիական տնտեսական երրորդ համաժողովին:
Նոյն առիթով այսօր Երեւան է մեկնել նաեւ Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Մոհամմադ Ռեզա Արեֆը: