Վարդան Յակոբեան. «Ալիեւն է հրաժարւել հանդիպումից, նրան այդ թղթի կտորը պէտք չէ»
«ԱԼԻՔ» – «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սէյրանեանը հիւրընկալել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազօր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Յակոբեանին։ Հարցազրոյցում անդրադարձ է եղել նաեւ այն հարցին, թէ ինչու Լոնդոնում չկայացաւ Փաշինեան-Ալիեւ հանդիպումը:
Հարցազրոյցի հիմնական թէզերը՝ ստորեւ.
– Փաշինեանի վարքագծի տեսանկիւնից որեւէ հանդիպումից հրաժարւելը սովորական բան է, սակայն ես հակւած եմ մտածել, որ Ալիեւն է հրաժարւել Փաշինեանի հետ հանդիպումից։ Ալիեւին խաղաղութեան պայմանագիրն ընդհանրապէս չի հետաքրքրում, ու նա, ըստ էութեան, ասում է՝ ես յաղթել եմ, սա ո՞վ է, որ ես սրա հետ պայմանագիր ստորագրեմ… Ալիեւի համար լուրջ չեն այդ բանակցութիւնները։ Նրան պէտք չէ այդ «խաղաղութեան պայմանագիր» կոչւած թղթի կտորը, որը ոչ մի նշանակութիւն չունի:
– Յիշենք դեռեւս խորհրդային տարիներին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թետչերի այցը Բաքու, եւ այդ ժամանակից ի վեր թէ՛ Հէյդարը, թէ՛ նրա որդին հետեւողականօրէն անում են այդ ժամանակւայ պայմանաւորւածութիւնները։
– Չեմ զարմանայ, որ գնալով բանը հասնի յանուն այդ կեղծ խաղաղութեան Մեղրիի հատւածը զիջելուն։ Տօնածառի խաղալիքի նման Հայաստանի քարտէզը կտրտել եւ ցոյց է տալիս, եւ եթէ պէտք լինի, այդ հատւածն էլ կը կտրեն։
– Ալիեւը շատ լաւ հասկանում է, որ տարածաշրջանում դեռ ամէն ինչ անորոշ է։ Ուժային կենտրոնների միջեւ յարաբերութիւնները դեռ վերջնական պարզւած չեն։ Ալիեւը մտածում է՝ «եթէ ես հիմա պայմանագիր կնքեմ, վաղը կարող է բումերանգի պէս իմ գլխին գալ»։ Կարող է հետագայում ստեղծւել վիճակ, որ իրեն մեղադրեն գենոցիդի մէջ, պահանջեն արցախցիների յետ վերադարձ… Կարող է լրիւ հակառակը լինել… Ալիեւը, ի տարբերութիւն ՀՀ գործող այս իշխանութիւնների, որ 2018 թ.-ից եկան ու քանդեցին ոչ միայն արտաքին յարաբերութիւններն ու պետական համակարգերը, կարողանում է ընդլայնել իր միջազգային յարաբերութիւնների դաշտը։ Այս մարդիկ՝ ՀՀ գործող իշխանութիւնները, վերացրել են մեր բոլոր դաշնակիցների հետ յարաբերութիւնները, եւ չկայ մէկը, որի վրայ կարելի է յոյս դնել։
– Ադրբեջանն իրական քաղաքականութիւն է վարում՝ լուրջ քաղաքական-տնտեսական-դիւանագիտական պայմանագրեր կնքելով Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Արեւմուտքի հետ, իսկ ՀՀ գործող իշխանութիւնները ոչնչացնում, վերացնում են Հայաստանի բոլոր պետական ինստիտուտները, քանդում բոլոր դաշնակիցների հետ նախկին իշխանութիւնների ստեղծած բոլոր յարաբերութիւնները:
– Բրիտանաբոլշեւիկեան պրոյեկտ, հազիւ 100 տարեկան հանրապետութիւն Ադրբեջանը, իր ազգային շահերից ելնելով, քաղաքականութիւն է վարում, իսկ մենք անընդհատ գնում ենք կորուստների։
– Ամենալաւ խայծը վիզային ռեժիմի թեթեւացումն է։ Էսպիսի բաներով են խաբում մեզ։ Տպաւորութիւն են ուզում ստեղծել, ոնց որ հայ ազգի, որը 3000 տարի առաջ ստեղծւել էր, միակ մտածմունքը եւրոպական վիզա ստանալն էր, Եւրոպայում սուրճ խմելն էր…
– Շառլ Միշէլը, Ուրսուլա ֆոն դեր Լէյենը նոյն ինկուբատորից են ծնւած։ Բայց Եւրոպան ո՛չ Ուկրաինայի կարիքն ունի, ո՛չ Հայաստանի։ Այսօր եթէ պէտք է վիզաներից խօսել, որ հայերը խայծը կուլ տան, կը խօսեն, միայն թէ՝ ԵՄ-ի ռազմական հենքը՝ ՆԱՏՕ-ն, իր ոտքը հիմնաւորի այստեղ՝ դուրս մղելով Ռուսաստանին։
– Էս մարդիկ՝ ՀՀ գործող իշխանութիւնները, եկել են մի հարց լուծելու, եւ ինչ խօսք են տւել իրենց իշխանութեան բերող արտաքին ուժերին, արել են՝ սկսած Արցախից ազատւելուց… Իրենց ուսուցիչներն ինչպէս ասում են, այնպէս էլ անում են։ Էս պետութեան մէջ մի պետական այր չկայ, որ ասի՝ այս գիւղը, այս հողն իմն է, որ Հայաստանի շահն առաջ մղի։
– Ոչմիթիզականութիւնը սրանց հնարած տերմինն է։ Նախկին իշխանութիւնները քաղաքականութիւն էին վարում, հարցեր էին լուծում, գիտէին՝ ինչը ինչի համար է, եւ ազգային, պետական շահերն էին առաջ տանում։
– Սիւնիքն արդէն իրացնում են։ Արտաքին որոշ ուժերի ու ՀՀ այս իշխանութիւնների խնդիրը դա որպէս տարածք նախապատրաստելն է՝ Ռուսաստանին Հարաւային Կովկասից հանելու եւ Հայաստանն Իրանից կտրելու համար։ Իսրայէլն է դրդում հակաիրանական պլատֆորմը ստեղծել։ Նաեւ կարելի է ենթադրել, որ ԱՄՆ 3 փոխպետքարտուղարների՝ մի ամսում Հայաստան այցերը նպատակ ունեն այդ պրոցեսն արագացնելու մինչեւ ԱՄՆ ընտրութիւններ։ Եթէ դեմոկրատները մնան իշխանութեան գլխին՝ ԱՄՆ-ում պրոցեսները կսրւեն Ռուսաստանի դէմ, եթէ յաղթի Թրամփը՝ պրոցեսները կսրւեն Իրանի դէմ։
– Ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ եւրոէմիսարներին նոր բախում, նոր ագրեսիա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի հետաքրքրում։ Նրանք ուզում են երկուսին էլ հանգիստ տեղները նստեցնեն, մինչեւ իրենց ուզած պլատֆորմը ստեղծւի։
– Մեր ողբերգութիւնն այն է, որ մեր պատմութեան առանցքային այս պահերին մեր երկիրն անտէր է, մենք չունենք ղեկավար, ով կը պաշտպանի երկրի ու ժողովրդի շահը։ Անտեր գցած տարածք է, եւ ինչ-որ մարդիկ եկել, իրենց հարցերն են լուծում այստեղ։
– Հայաստանի այս իշխանութիւնը որեւէ մտադրութիւն էլ չունի ինչ-որ գործընթացից ինչ-որ բան շահել։ ԽՍՀՄ տարիներից սկսած՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հարցը միշտ եղել է, որովհետեւ եղել են դրա քաղաքական հետեւանքները։ Կայ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարց։ «Զանգեզուրի միջանցք»- ը կոմունիկացիա է ՆԱՏՕ-ի համար։ Դա ճանապարհ է Բրիւսէլից մինչեւ Միջին Ասիա։ Եթէ այդ Միջանցքի վրայ եղաւ ՆԱՏՕ-ական վերահսկողութիւն, ապա կարելի է մոռանալ Հայաստանի ինքնիշխանութեան մասին։
– Դատելով Իրանի նոր նախագահի որոշ յայտարարութիւններից՝ հասկանում ես, որ բան է փոխւել, ճեղք է տւել․նա հակահայկական յայտարարութիւններ չի անում, բայց ունի պրոադրբեջանական դիրքորոշում։ Իրանի նախկին նախագահը հայկական շահն էր պաշտպանում։ Ինչ-որ բան է կատարւում, որի մասին մենք տեղեակ չենք։
– Արդէն առեւտրի համար ապրանք չկայ։ Հայաստանն արդէն իր մարմնից է տարածքներ պոկում, տալիս։ Արեւմուտքին սա չի հետաքրքրում, նրանք ասում են՝ հանգիստ վե՛ր ընկէք տեղներդ, մինչեւ մենք մեր հարցերը լուծենք, այդ պլատֆորմը ստեղծենք։ Բոլորն ինչ-որ շահեր ունեն ու հետապնդում են իրենց շահը։ Միակ տարածքը, որ շահ չի հետապնդում, մենք ենք։
– Նրանց համար նպատակը Գոբլի ծրագիրն է, ոչ թէ Կալինինգրադեան մոդելը, որ կարողանան Սիւնիք-Նախիջեւանով առաջանան։ Ռոգոզինն ադրբեջանամէտ գործիչ է, ասել են, Կալինինգրադեան մոդելի հարցն առաջ է բերել, տակը լուրջ բան չկայ։
– Թուրքիան սահմանի բացման հարցը դարձրել է քաղաքական շահարկման հարց։ Խօսք է, գցել են՝ զբաղւելու համար, բայց տակը լուրջ բան չկայ։
– Փաշինեանի հեծանւային եւ արտերկրեայ հաճոյքների, ճոխ կեանքի մասին. Մարդուն փողոցից վերցնում, տանում, դարձնում ես վարչապետ, Ազգային ժողովի նախագահ կամ նախարար։ Մարդիկ փող են ստանում, շրջագայում են աշխարհով մէկ։ Եւ հիմա իրենք զայրանում են՝ ինչո՞ւ են խանգարում իրենց գեղեցիկ կեանքը, վայելքները… Փոքր մարդկանց, քաղքենու պրոբլեմներ են։