COP29-ին ընդառաջ Երեւանում ակցիաներ կանցկացւեն հայ ռազմագերիների անյապաղ ազատ արձակման պահանջով
«ԱԼԻՔ» – 2024 թւականի նոյեմբերին Ադրբեջանում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխութեան համաժողովին (COP29) ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում մեկնարկել են ակցիաներ Ադրբեջանում ապօրինաբար պահւող հայ ռազմագերիների եւ պատանդների անյապաղ ազատ արձակման պահանջով։
Ինչպէս տեղեկացնում է Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտպանը՝ Արձագանգելով այդ ակցիաներին` սոյն թւականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11:00-ին, նախատեսւում է ակցիաներ իրականացնել ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակի, ՀՀ ԱԳՆ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնութեան, Ֆրանսիական Հանրապետութեան եւ Ամերիկայի Միացեալ Նահանգների դեսպանատների առաջ, որոնց ընթացքում նոյն պահանջով նամակներ են փոխանցւելու հասցէատէրերին։
Նախաձեռնութեանը միացել են Արցախի Հանրապետութեան մարդու իրաւունքների պաշտօնաթող պաշտպաններ Իւրի Հայրապետեանը, Ռուբէն Մելիքեանը, Արտակ Բեգլարեանը, ինչպէս նաեւ ՀՀ մարդու իրաւունքների պաշտօնաթող պաշտպաններ Արման Թաթոյեանը եւ Լարիսա Ալավերդեանը։
Ակցիան մեկնարկելու է ՄԱԿ-ի հայաստանեան գրասենեակից: